Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Զուրաբյանը նորից լիդերացավ՝ 5 խմբակցություն է միացրել իրար, որ մատերը թանաքոտեն». Գալուստ Սահակյան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 28,2015 13:45

«Դուք անընդհատ կրկնում եք, որ քվեարկությունից 2 ամիս առաջ չի կարելի ընտրական համակարգը արմատական փոփոխությունների ենթարկել, բայց փաստացի ձեր առաջարկով դուք հիմա ընտրական համակարգը ենթարկում եք արմատական փոփոխության: Ընտրակեղծիքները, կրկնաքվեարկությունները բացառելու հենասյուներից մեկը անձնագրերում դրվող դրոշմակնիքն է: Հիմա դուք այդ կարեւոր հենասյունը հանում եք եւ դրա փոխարեն ոչ մի բան չեք առաջարկում: Դիտորդը չի կարող իմանալ՝ այդ մարդը քվեարկել է, թե՞ չի քվեարկել: Եթե անձնագրով է, կարող էստուգել, հիմա տեսականորեն այդ դրոշմակնիքը 180 հազար քաղաքացու դեպքում չի լինելու: Ասում եք` նոր հենասյուն չենք դնում, որովհետեւ ժամանակը քիչ է: Աշխարհում կա միջոց՝ մատը չջնջվող թանաքով թանաքոտելու՝ քվեաթերթիկ տալուց առաջ: Ի՞նչն է խանգարում, որ այդ մի երաշխիքը մտցնեք: Այդտեղ ոչ ժամանակի խնդիր կա, ոչ էլ վերահսկելու»,- նույնականացման քարտերով քվեարկել թույլ տալու ՀՀԿ-ի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ պատգամավորները «Ընտրական օրենսգրքում» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում առաջարկում են փոփոխություն կատարել եւ արձանագրել, որ քաղաքացիները կարող են քվեարկել նաեւ նույնականացման քարտերով՝ այն դեպքում, երբ դրանց վրա չեն կարող դրոշմակնիք դնել:

Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ «Չե՞ք կարծում, որ եթե կրկնաքվեարկությունը բացառող մի կռվան հանում եք, մարդիկ իրավունք ունեն մտածելու, որ սրանով լուծում եք կրկնաքվեարկություների լայն բազա ստեղծելու ձեր խնդիրը»:

Հովհաննես Սահակյանը պատասխանեց, որ այս նախագծով ընդամենը վերացնում են հակասահմանադրական դրույթները եւ թույլ են տալիս, որպեսզի 500 հազար քաղաքացի կարողանան իրենց իրավունքներն իրացնել. «Կրկնաքվեարկությունները բացառելու ձեր ասած միջոցները հավելյալ միջոցներ են, որպեսզի կարողանան հանրային վերահսկողությունը բարձրացնել»:

Ինչ վերաբերում է թանաքին՝ Հովհաննես Սահակյանն ասաց, որ Հնդկաստանում մի շարք քաղաքացիներ այրվածք էին ստացել, իսկ թանաքի մյուս տեսակները ացետոնով, որոշակի քիմիական նյութերով ջնջվում են. «Վրաստանում հենց մատերը թանաքոտում էին, հետեւանքները շատ ավելի վատ էր»:

Ըստ Գալուստ Սահակյանի, ինչ ուզենան՝ կարող են ասել, եթե անգամ թանաք լինի, կասեն՝ թանաքը փոխեցին:

Նիկոլ Փաշինյանը ծիծաղեց. «Իրոք, ձեր տեսակետից Վրաստանում հետեւանքները վատ էին, վերջին 10 տարում 2 անգամ իշխանափոխություն եղավ, ձեր տեսակետից դա վատ է»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը վստահեցրեց, որ թանաքոտմանը կողմ է 5 խմբակցություն. «Լավ կլինի, որ այդ կոնսենսուսային առաջարկը քննարկեք եւ որոշում ընդունեք»:

Գալուստ Սահակյանն էլ հեգնեց, թե Զուրաբյանը նորից լիդերացավ՝ 5 խմբակցություն է միացրել իրար, որ մատերը թանաքոտեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031