Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԺ-ում մականունավորները կպակասեն»

Հոկտեմբեր 28,2015 13:38

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի համար նոր Սահմանադրությունում տնտեսական ու արտաքին քաղաքականությանն առնչվող քննադատելի մի շարք դրույթներ կան:

«Նշվում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելով: Այստեղ առաջարկել էի, որ անպայման ավելացնեն՝ արտաքին քաղաքականությունը պետք է վարել ազգային շահերի հիման վրա, այն երկրները, որոնք ազգային շահ չեն հետապնդում, մնում են վերջում»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց պարոն Մանասերյանը:

Նրա համոզմամբ, Սահմանադրության մեջ պետք է նաեւ ամրագրվեր՝ նվազագույն աշխատավարձը չի կարող պակաս լինել, քան նվազագույն կենսաապահովման զամբյուղը. «Ժամանակին հեղինակել էի օրենսդրական նախաձեռնություն պատգամավորի անձեռնմխելիության մասով, առաջարկել էի վերանայել անձեռնմխելիության հարցը, առաջարկում էի սահմանափակել անձեռնմխելիությունը եւ դա Սահմանադրությամբ պետք է սահմանափակել: Բացի ազատ արտահայտվելու իրավունքից, մնացած դեպքերում կարիք չկա՝ անձեռնմխելիությունը պահպանվի Սահմանադրությամբ»:

Տնտեսագետի խոսքով, Սահմանադրական փոփոխությունների նախագծի տնտեսական բլոկը, համայնքներին վերաբերող կետերը, ընդհանուր կառավարման համակարգը վերանայման կարիք ունեն. «Ինձ համար տնտեսական բլոկը բավական համահունչ է այսօրվա մարտահրավերներին»:

Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանն ավելի ժողովրդավարական է համարում խորհրդարանական կառավարման մոդելը. «Մեզ համար ընկալելի չէ այն դրույթը, որով հռչակվում է՝ տուրք ենք տալիս ազատ շուկայական տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Սա իրեն սպառել է, սա փուլ էր, որը պետք է անցած համարենք եւ պիտի գա նոր փուլ»:

Որպես քաղաքական փաստաթուղթ, տնտեսագետ Մանասերյանը նոր Սահմանադրությունում էլի խնդիրներ է տեսնում: Նա վաղաժամ է համարում խորհրդարանական համակարգի անցումը. «Չեմ տեսնում բոլոր անհրաժեշտ պայմանները, սա մի քիչ ռիսկային փաստաթուղթ կարելի է անվանել, որը մարտահրավեր է նետում իրականությանը»:

Վազգեն Սաֆարյանը քայլ առաջ է համարում սահմանադրական փոփոխությունները, որովհետեւ կարծում է՝ կառավարման մոդելի փոփոխությամբ մականունավոր պատգամավորները ԱԺ-ում կքչանան, բայց նախագծում խնդիրներ էլ է տեսնում. «Նոր Սահմանադրությունում կուզենայի ավելի շատ տեսնել պետության դերակատարությունը հանրային կյանքի կարգավորման հարցերում, բայց դրանք բավարար չեն»:

Թաթուլ Մանասերյանն էլ կարծիք հայտնեց, որ սահմանադրական փոփոխություններով Հայաստանը կգնա ոչ թե միակուսակցական համակարգի, այլ կուսակցությունների խոշորացման.«Նույնատիպ գաղափարներ ունեցող կուսակցությունները կմիավորվեն, դա չի բերի միակուսակցական համակարգի»:

Վազգեն Սաֆարյանն էլ նկատեց, որ քաղաքական դաշտում մրցակցության տարրը կմեծանա, որը կպարտադրի պասիվ քաղաքական ուժերին ակտիվանալ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031