Հոկտեմբերի 26-ին Եգիպտոսի հատուկ ծառայությունը Կահիրեում ձերբակալել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 6 անդամների: «Euroradio»-ի փոխանցմամբ՝ նրանք ժամանել էին Լիբիայից եւ նպատակ են ունեցել տուրիստական գոտիներում ահաբեկչություն իրականացնել:
Եգիպտոսի հատուկ ծառայությունները պատմել են, որ ահաբեկիչները Գիզայի բուրգի շրջակա տարածքներն են դիտարկել (այնտեղ սովորաբար շատ զբոսաշրջիկներ են լինում), ինչպես նաեւ Կահիրե քաղաքը, ոստիկանության եւ դատարանների շենքերը:
Ձերբակալության ընթացքում ահաբեկիչների մոտ հայտնաբերել են Եգիպտոսի ոստիկանական եւ զինվորական համազգեստներ, իսկ համակարգիչներում՝ «ԻՊ»-ի նշաններով նկարներ եւ զենք:
Եգիպտոսի լրատվամիջոցները հաղորդել են, թե ձերբակալվածների մեջ են Հայաստանի, Բելառուսի, Սերբիայի, Սիրիայի, Իրանի եւ Եգիպտոսի քաղաքացիներ, ինչպես նաեւ Տաջիկստանի բանակի նախկին գնդապետ:
Կարդացեք նաև
Այս առնչությամբ «Թվիթերի» իր էջում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, որում, մասնավորապես նշված է. «Ի պատասխան Կահիրեում ՀՀ դեսպանության հարցմանը՝ Եգիպտոսի իշխանությունները հաստատել են, որ ձերբակալվածների մեջ ՀՀ քաղաքացի չկա»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ