Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչ Բերբերյան. «Եթե գյուղացուն չվճարեն խաղողի դիմաց, գարնանն ական կպայթի» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 28,2015 13:23

Այսօրվա դրությամբ այգիներում դեռեւս չմթերված 200-300 տոննա տեխնիկական սորտի խաղող կա: Չնայած գյուղնախարարության պատասխանատուները վստահեցնում են, որ այգիների բերքը հիմնականում սեղանի խաղողի տեսակն է, այդուհանդերձ «Ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանը պնդում է, որ դրա մեծ մասը մթերման ենթակա խաղող է:

Այսօր «Հենարան» ակումբում Հրաչ Բերբերյանն անդրադարձավ մի կարեւոր խնդրի: Ըստ նրա, եթե մթերող ընկերությունները գյուղացու գումարները ժամանակին չվճարեն` գարնանն «ական կպայթի» եւ եկող տարի այգիները չեն մշակի: Պարոն Բերբերյանը նաեւ մտահոգություն հայտնեց, որ եթե էկոնոմիկայի նախարարությունը գինու նոր շուկաներ չգտնի եւ իրացման հարցերը չկարգավորի, ապա մյուս տարի, եթե խաղողի բերքն այսքան առատ լինի, կազմակերպությունների պահեստներում հումքին տեղ չի լինի:

Հրաչ Բերբերյանը վստահեցրեց, որ այս տարի ձմռանը 500 դրամով խաղող կուտենք, քանի որ պահեստավորված 30 հազար տոննա ունենք:

Այս տարի կաղամբի բերքն էլ, պարոն Բերբերյանի գնահատմամբ «բարվոք» է, սակայն չնայած դրան` «կաղամբի վիճակը ծանր է»: Կաղամբի բերքը դեռեւս դաշտերում է եւ եթե գյուղացիները չհասցնեն հավաքել` կցրտահարվի. «Կարտոֆիլը գոնե գետնի տակ է, բայց կաղամբը չփչանա»:

Միավորման նախագահը տեղեկացրեց, որ կարտոֆիլի առաջին խմբաքանակի արտահանումը այսօրվանից սկսվել է, կիլոգրամը` 150 դրամով: 50 հազար տոննա արդեն արտահանվել է: Կարտոֆիլը հիմնականում հավաքվել է Գեղարքունիքի մարզում:

Հրաչ Բերբերյանի հաշվարկներով, 15-ից 20 հազար տոննա էլ կարտահանվի: Նրա խոսքերով,  նոր ծրագիր են մշակել սերմաթարմացման հետ կապված, ինչի հետեւանքով բարձր կարգի կարտոֆիլի ցանքատարածությունները 500 հեկտարով կավելանա: Պարոն Բերբերյանը գտնում է, որ ավելի նպատակահարմար է սերմացու աճեցնել արտահանել, քանի որ սերմացուի կիլոգրամն ավելի թանկ արժե քան` պարենային կարտոֆիլը:

Ինչ վերաբերում է այն հարցին, որ Վրաստանը ժամանակ առ ժամանակ խնդիրներ է ստեղծում իր երկիր կարտոֆիլ ներկրելիս, Հրաչ Բերբերյանն ասաց, որ երբ Վրաստանը կարտոֆիլից ինքնաբավ չի լինում` սահմանները բացում է, բայց երբ կարտոֆիլի կարիք չի ունենում՝ նույնիսկ արհեստական խոչընդոտներ է առաջացնում, ասենք՝ պատճառաբանելով, որ կարտոֆիլի մեջ ցեց կա:

Մանրամասները` տեսանյութում


Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031