Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ուսանողների՝ հարուստներն ու իշխանավորներն անպատիժ օրինախախտներ են (Տեսանյութ) 

Հոկտեմբեր 28,2015 13:10

Կրթության և գիտության նախարարությունում այսօր ներկայացվեցին նախարարության պատվերով իրականացված «ՀՀ ուսանողների կենսաոճի և Բոլոնիայի գործընթացի գնահատման հետազոտության» երկրորդ՝ «Ուսանողների հասարակագիտական գիտակցությունը» հատվածի արդյունքները: «Ուսանողը նաեւ ՀՀ քաղաքացի է, ուստի իրականացրել ենք այս հետազոտությունը պարզելու համար ուսանողների հասարակաքաղաքական գերակայությունները եւ վարքի առանձնահատկությունները՝ երկրում ընթացող գործընթացների առնչությամբ»,-ասաց նախարար Արմեն Աշոտյանը:

Ներկայացնելով հետազոտության արդյունքները՝ վերլուծաբան Սամվել Մանուկյանն ասաց, որ ուսանողներին առաջնահերթ հարցրել են՝ որոնք են Հայաստանի կարևորագույն խնդիրները. «Ուսանողության կարծիքով՝ դա գործազրկությունն է(25.3%), այնուհետեւ՝ աղքատությունը(20.0%), երկրի անվտանգությունը(19.8%), տնտեսական թերզարգացածությունը(19.6%) եւ արտագաղթն ու արտագնա աշխատանքի մեկնումները(19.3%): Հետաքրքիր է, որ այս խնդիրները գրեթե բոլոր սոցիոլոգիական հետազոտություններում առաջնահերթություններ են, իսկ օրինակ ժողովրդավարությունը կամ տնտեսական հարցերը դիտվում են որպես 2-րդ եւ 3-րդ կարգի խնդիրներ»:

Հարցված ուսանողների 27.7%-ն ասել է, թե աղքատության և անհավասարության հիմնական պատճառը անարդարությունն է, իսկ 12.1%-ի կարծիքով՝ անհավասարության հիմնական պատճառը երկրում տիրող աղքատությունն է: «Երբ երկիրը հարստանա՝ այդ խնդիրները կլուծվեն»,-ընդգծել են նրանք:

«33.0%-ի խոսքով՝ հարուստներն ու իշխանություն ունեցողները անպատիժ խախտում են օրենքները, քանի որ համոզված են՝ ով էլ գա իշխանության` կխախտի օրենքները: Իսկ ուսանողների 66.6%-ը չի կիսում այդ տեսակետը»,-նշեց Սամվել Մանուկյանը:

Արմեն Աշոտյանն էլ իր հերթին նկատեց՝ մամուլը սովոր է գրել, որ ուսանողությունը քաղաքականացված եւ կուսակցականացված է, մինչդեռ ըստ հետազոտության՝ կուսակցության անդամ հանդիսանալու ցուցանիշը 2 անգամ ավելի փոքր է (6.8%), քան ամբողջ հասարակությունում (12.3%): Ուսանողների 29%-ն էլ այս կամ այն կերպ մասնակցել է քաղաքացիական նախաձեռնություններին:

Հիշեցնենք, որ «ՀՀ ուսանողների կենսաոճի և Բոլոնիայի գործընթացի գնահատման հետազոտության» առաջին՝ «Բոլոնյան գործընթացի ընդհանուր գնահատականներ» հատվածը հրապարակվել է 2015թ.-ի սեպտեմբերի 8-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    «Երբ երկիրը հարստանա՝ այդ խնդիրները կլուծվեն»

    Ո՛չ, երբ այդ խնդիրները լուծվեն, այ ա՛յդ ժամանակ երկիրը կհարստանա:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031