Լրահոս
Օրվա լրահոսը

Բանավեճ ԱԺ-ում՝ ՀՀԿ-ի նախագծի շուրջ. «Մեզ աշխատեցնել չսովորեցնե՛ք: Էս մեկը մենք գիտենք» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 28,2015 13:07

ՀՀԿ պատգամավորները «Ընտրական օրենսգրքում» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում առաջարկում են փոփոխություն կատարել եւ արձանագրել, որ քաղաքացիները կարող են քվեարկել նաեւ նույնականացման քարտերով՝ այն դեպքում, երբ դրանց վրա չեն կարող դրոշմակնիք դնել:

Բնականաբար, քաղաքական մեծամասնության այս նախագծին դեմ է ընդդիմությունը:

Նախագիծն ԱԺ-ում ներկայացրեց Հովհաննես Սահակյանը: Նա նշեց, որ նույնականացման քարտն էլ է ՀՀ տարածքում անձը հաստատող փաստաթուղթ, հետեւաբար չեն կարող խախտել այդ մարդկանց ընտրելու իրավունքը եւ թույլ չտան, որ նրանք քվեարկության մասնակցեն:

Հայաստանում այսօր 558 հազար 401 մարդ ունի նույնականացման քարտ:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն առաջարկեց, որ նույնականացման քարտերով մարդկանց համար առանձին ցուցակ տրամադրվի, որ դիտորդները, հանձնաժողովի անդամները կարողանան վերահսկել նրանց. «Դուք ասում եք, որ ունենք 15-20 օր ժամանակ, չենք հասցնի, բայց 1 ամսից ավելի կա, եթե այսօր քվեարկեն, համակարգը կսկսի աշխատել: Դժվար չի 1 ամսվա ընթացքում առանձնացնել քարտ ունեցողներին»:

Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Որպեսզի առանձին ցուցակ լինի ID քարտ ունեցողների, դրա համար հատուկ ծրագիր է պետք, որպեսզի առանձնացնեն: Ես խոսել եմ ոստիկանության համապատասխան աշխատակիցների հետ, այս պահի դրությամբ դա կարող է բարդություն առաջացնել: Ես մտածում եմ, որ ընտրությունների ցուցակի վրա նշում կատարվի, որ այս քաղաքացին ընտրել է նույնականացման քարտով: Ինչ վերաբերում է 1 ամսվան, նույնիսկ եթե այդպես է, գնալ նման արմատական փոփոխությունների՝ կարող է բարդ հետեւանքներ ունենալ: Իսկ օրենքը պաշտոնական տեղեկագրում դեռ պետք է տպագրվի, որ իրավունքի ուժ ունենա»:

Թեւան Պողոսյանը չհամաձայնեց. «Դժվար չէ ցուցակ պատրաստել, թող մի քիչ էլ չարչարվեն, գիշերները չքնեն: Դրանից մենք կունենանք ավելի վստահելի իրավիճակ»:

Նա առաջարկեց, որ նրանք, ովքեր ունեն եւ անձնագիր եւ նույնականացման քարտ, անպայման պարտադրեն, որ գան անձնագրով:

Մհեր Շահգելդյանի խոսքերով՝ այս իրավիճակում 183 հազար մարդ, որոնք ունեն միայն նույնականացման քարտ, նրանց համար անհրաժեշտ է գտնել լուծում:

Տիգրան Ուրիխանյանը դժգոհեց, որ կոնկրետ ՀՀԿ-ի նախագիծը չի քննարկվել մանրակրկիտ, քննարկվել է իր նախագիծը, որը վերահսկողական մեխանիզմների մասին էր:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի խոսքերով՝ «Սա խայտառակություն է: Դուք կարող էիք դեկտեմբերի 6-ը չդնել շրջանառության մեջ: Այդ խնդիրը լուծեիք մինչեւ օրը նշանակելը: Սրանք մտացածին երեւույթներ են»:

Հովհաննես Սահակյանն էլ արձագանքեց, որ ՕԵԿ-ը ամենաակտիվ խմբակցություն է համարվում, ակտիվ վերահսկեք. «Ընտրական մշակույթը դրան է վերաբերում, եթե ենթադրյալ պարտության հոգեբանությամբ գնում եք առաջ, չի կարելի դա բարդել ընտրության վրա: 5 ամիս առաջ դուք քայլեր անեիք»: Հեղինե Բիշարյանը բորբոքվեց՝ «Մեզ աշխատեցնել չսովորեցնե՛ք: Էս մեկը մենք գիտենք»:

Հովհաննես Սահակյանը վստահեցրեց, որ այս հանրաքվեն անցնելու է բացառապես օրենքի տառին համապատասխան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031