Հայաստանի պետական ֆիլհարմոնիան իր տարաբնույթ ծրագրերի շարքում առանձնակի կարևորում է մատաղ սերնդի դաստիարակմանն ու նրա գեղագիտական ճաշակի ձևավորմանն ուղղված միջոցառումերի կազմակերպումը: Այս առումով ՀՊՖ-ն նաև ողջունում և օժանդակում է յուրաքանչյուր նախաձեռնություն, որն ուղղված է այդ նպատակին:
Հոկտեմբերի 26-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում երգի պրեմիերա էր, որը ներկայացնում էր «Ապրել խաղաղ» մանկական-երաժշտական նախագիծը: Հայ և օտարազգի բազմաթիվ մանուկների այս նախագծում համախմբել է մեկ գաղափար՝ կոչ անել աշխարհին ապրել խաղաղ ու այլևս չպատերազմել: Խորհրդանշական է, որ նախագիծն իրականացվում է ցեղասպանության 100-ամյա տարելիցի տարում, իսկ իրականացնողն այն սերունդն է, որի նախնիներն անցել են ցեղասպանության դժոխային ճանապարհով, տեսել պատերազմ ու կորուստներ կրել: Տեսահոլովակում, որը կրում է նախագծի անունը՝ «Ապրել խաղաղ», անմեղ փոքրիկների աղոթքն է՝ ողողված խաղաղության լույսով:
Երգի հեղինակը երիտասարդ և շնորհալի երաժիշտ Լիլի Գրիգորյանն է: Նա իր խոսքում ներկայացրեց նախագծի ստեղծման պատմությունն ու իրենց առջև դրված նպատակները՝ հավաստելով, որ նախագծի ունեցած հաջությունը պրոֆեսիոնալ ու նվիրված թիմի շնորհիվ է: Տեսահոլովակի երաժշտական ոճաբանը Լիլիթ Բադալյանն է, գործիքավորողը՝ Կարեն Մարգարյանը, ռեժիսորը՝ Գրիգ Վահրամյանը:
Լ. Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց կողքին էին և օգնել են կյանքի կոչելու այս գեղեցիկ ծրագիրը: Նա նաև երախտիքի խոսք հայտնեց ՀՊՖ-ին, ի դեմ տնօրեն Գագիկ Մանասյանի՝ նախաձեռնության իրականացմանն աջակցելու համար:
«Ապրել խաղաղ» տեսահոլովակի անդրանիկ բեմելը շնորհավորելու էին եկել բազմաթիվ մշակութասերներ, ովքեր նաև շնորհավորանքի ու գնահատանքի խոսքեր ասացին:
https://www.youtube.com/watch?feature=youtu.be&v=SaXQTFCyN1o&app=desktop&hd=1
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա