Վերաքննիչ քրեական դատարանում այսօր կրկին հետաձգվեց նախորդ տարվա հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող Նարեկ Հակոբյանի գործով դատական նիստը (նախագահող դատավոր Գագիկ Ավետիսյանը՝ լուսանկարում):
Նկատենք, որ այս գործով դատական նիստերի հետաձգումն արդեն կարծես թե ավանդույթ է դարձել: Օրինակ` նախորդ դատական նիստը հետաձգվեց, քանի որ մեղադրող դատախազին` Ռոլանդ Հայրապետյանին չկարողացան հայտնաբերել: Այսօր դատախազը, որն արդեն Մասիվի դատախազի ժամանակավոր պաշտոնակատարն է, ներկայացել էր դատական նիստի, սակայն այս անգամ էլ պատճառ գտնվեց դատական նիստը հետաձգելու:
Նախագահող դատավորը նիստը հետաձգեց` պատճառաբանությամբ, որ դատավորներից Պետրոսյանը նիստին ներկա չէ, մինչդեռ նիստի քարտուղարը նախապես հայտարարել էր, որ Պետրոսյանը հավանաբար արդեն կազատվի ու կներկայանա նիստին:
Հիշեցնենք, որ անցյալ տարի հունիսի 23-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցն ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ավարտվեց ոստիկանների և ցուցարարների բախումներով, 27 ցուցարարի բերման ենթարկեցին: Նրանցից մեկն էլ 28-ամյա Նարեկ Հակոբյանն էր, որին հետագայում մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավորի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ գործադրելու սպառնալիքը):
Կարդացեք նաև
Նարեկ Հակոբյանը ցուցարարներից միակն է, որի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, մյուս ցուցարարների նկատմամբ վարչական վարույթներ են հարուցվել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ