Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հոկտեմբերի 27-ին ելույթ է ունեցել դասական երաժշտության կատարման համար աշխարհի ամենահեղինակավոր հարթակներից մեկում՝ Նյու Յորքի «Կարնեգի հոլում»՝ ղեկավարելով Կորեայի կամերային նվագախումբը։ Նշենք, որ Սերգեյ Սմբատյանն ամենաերիտասարդ հայ դիրիժորն է, որ հանդես է եկել «Կարնեգի հոլում»։
Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել մեծ ճանաչում ունեցող երգչուհի Քարլի Պաոլին (մեցցո-սոպրանո), հարավկորեացի ջութակահար Սոյունգ Յունը՝ իր ժամանակի ամենապայծառ երաժիշտներից մեկը, և ՅՈՒՆԵՍԿՕ-ի խաղաղության արտիստներ Ինո Միրկովիչը (ջութակ), Միլթոն Մասքիադրին (կոնտրաբաս), երաժշտական տնօրեն՝ Մին Կիմ։ Ծրագրում հնչել են Պիացոլայի «Տարվա ժամանակները», Մենդելսոնի 10-րդ սիմֆոնիան, Շուբերտի, Բոտտեզինիի, Գերշվինի, Էլգարի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Երկու մասից բաղկացած գալա-համերգը տևել է մոտ երկուսուկես ժամ։
Համերգը «Կարնեգի հոլում» կայացել է Կորեայի կամերային նվագախմբի 50-ամյակին նվիրված համաշխարհային շրջագայությունների շրջանակում։ Նշենք, որ Կորեայի կամերային նվագախումբն ունի համաշխարհային մեծ համբավ։ Ի դեպ, 2015 թվականին Կորեայի կամերային նվագախումբն արդեն իսկ երկու համերգ ունեցել էր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ. հունվարին՝ Սեուլի արվեստների կենտրոնում աշխարհահռչակ հոլիվուդյան դերասան Ջոն Մալկովիչի հետ համատեղ, և փետրվարին՝ Մոսկվայում։
Մաեստրո Սմբատյանի ղեկավարությամբ Կորեայի կամերային նվագախմբի հաջորդ բեմելը հոկտեմբերի 31-ին Բոստոնի Նոր Անգլիայի կոնսերվատորիայի «Ջորդան հոլ» դահլիճում է։
Կարդացեք նաև
Համերգները Միացյալ Նահանգներում անցնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո և մասն են կազմում միջազգային այս կազմակերպության 70-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների։
Նշենք, որ Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է բազմաթիվ հեղինակավոր նվագախմբեր՝ Դրեզդենի ֆիլհարմոնիկ, Պրահայի ռադիոյի սիմֆոնիկ, Տամպերեի ֆիլհարմոնիկ, Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ, Գերմանիայի սիմֆոնիկ, Լեհաստանի ազգային ռադիոյի սիմֆոնիկ, Մոսկվայի ֆիլհարմոնիկ, Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ, Վարշավյան ֆիլհարմոնիկ նվագախմբերը և այլ կոլեկտիվներ՝ ներկայացնելով հայ և համաշխարհային երաժշտարվեստի ներկայացուցիչների ստեղծագործությունները։ 28-ամյա դիրիժորին ծափահարել են աշխարհի ամենահայտնի բեմերում ու ամենաքմահաճ հանդիսատեսը:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժին