Գորոյանը պարբերաբար մասնակցում է գերմանական «Նյուրբուրգրինգ» մրցուղում անցնող դիմացկունության մրցարշավներին (3, 4 ու 6 ժամանոց մարաթոններին), որոնց գագաթնակետը գարնանը կայանալիք ADAC 24h Rennen Nürburgring մեկօրյա մրցարշավն է՝ առավել հայտնի «Նյուրբուրգրինգի 24 ժամ» անվամբ:
Անցած հանգստյան օրերին հայ արշավորդը թեսթային մրցարշավ է անցկացրել Audi-ի գործարանային թիմի կազմում՝ Audi TT R2 մեքենայով, ու գրանցել է 2-րդ արդյունքը դասում՝ իր մրցերթի ընթացքում 3 դիրք ետ բերելով ու գործարանային թիմի արշավորդին համարժեք ժամանակ ցուցադրելով:
Այժմ Գորոյանը թիմի հետ միասին կնախապատրաստվի լեգենդար մեկօրյա մարաթոնի 2016 թվականի մեկնարկին: Գերմանական մրցուղում մրցաշրջանն արդեն ավարտվել է, ուստի՝ նախապատրաստվելու համար բավականաչափ ժամանակ կա:
Հայ մարզիկի համար անցած հանգստյան օրերը հագեցած ռեժիմով են անցել: Հոկտեմբերի 25-ին «Նյուրբուրգրինգում» անցած մրցարշավից ոչ ամբողջ 1 օր առաջ Արթուրը Moscow Raceway մրցուղում մասնակցել է Ռուսաստանում 1-ին անգամ անցնող Russian Endurance Challenge-2015 դիմացկունության մրցարշավին, որտեղ Citi light դասում Mazda 323 մեքենայով հաղթանակ է տոնել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ hellocar.ru-ի