Լրահոս
Օրվա լրահոսը

Առավոտ վաղ հավաքում եմ բույսերը, մինչ երեկո` վաճառում. Վալյա Կոստանյան

Հոկտեմբեր 28,2015 11:47

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում ապրող Վալյա Կոստանյանի եռանդն ու կենսախնդությունը կարող են զարմացնել շատերին: Վալյա տատն անընդհատ վազքի մեջ է: 75-ամյա կինն արդեն երկու տասնամյակ է` օրվա հացը վաստակում է դաշտավայրերի բարիքները հավաքելով, ապա դրանք վաճառելով: Բնության հետ անմիջական շփումը դարձել է նրա ապրելակերպն ու առողջության գրավականը:

Aravot.am-ի հետ զրույցում Վալյա տատը ասաց. «Ես առանց իմ ծիլ ու ծաղկի չեմ կարող ապրել: Արդեն քսան տարի է՝ նույն գործն եմ անում: Ճանաչում եմ բոլոր ծաղիկներն ու խոտաբույսերը, որոնք օգտակար են մարդու առողջությանը: Գարնան բացվելուն պես՝ դաշտերում եմ, մինչև ուշ աշուն: Խոտաբույսերն ու ծաղիկներն էլ իմ բարեկամներն են: Առավոտ վաղ հավաքում եմ բույսերը, մինչ երեկո` վաճառում: Եթե մի օր չեմ լինում դաշտերում, ինձ թվում է՝ հիվանդանում եմ»:

Վալյա տատը պատմում է, որ իր երեխաները, փառք Աստծո, կարողանում են իրեն ապահովվել ամեն ինչով: «Բայց դե բնավորության հարց է: Մեծ կին եմ, տանն էլ անելիք գրեթե չունեմ: Ինձ համար շատ լավ, հաճելի և օգտակար զբաղմունք է: Չկա մի հիվանդություն, որի համար դեղաբույս չառաջարկեմ: Բնությունը մարդկանցից հասկացող է ինձ հետ: Ես կարողանում եմ լեզու գտնել բույսերի հետ ավելի լավ, քան մարդկանց: Ես ինձ շատ լավ եմ զգում`միշտ մաքուր օդ, միշտ առողջ միջավայր»:

Valya_Kostanyan

Խոսելով երեխաների մասին, Վալյա տատը նկատում է, որ նրանք բազմիցս չեն թողել, խանգարել են աշխատանքին: «Ժամանակի ընթացքում հասկացել են, որ ես չեմ կարող ապրել առանց հող ու ջրի հետ շփման: Այսպես ես ինձ պետքական եմ զգում: Քանի դեռ ապրում, շնչում եմ պիտի աշխատեմ: Ամեն մեկը չի կարող անել այն` ինչ ես եմ անում: Դուրս եմ գալիս դաշտ`հեռվից հեռու ճանաչում եմ դեղաբույսերն, ու շտապում հավաքելու` հետաքրքիր ու նույնքան հաճելի գործս»:

Հայկ ՄԱԳՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031