Ինչպես հայտնի է՝ Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով լճի ափամերձ տարածքները ջրածածկվում են, ինչի արդյունքում ջրի տակ են մնում անտառածածկ հատվածներ՝ հսկայական ծառեր, թփեր, արմատներ։ Բնապահպանների պնդմամբ՝ եթե Սեւանի մակարդակը շարունակի բարձրանալ, իսկ ափամերձ հատվածների մաքրման աշխատանքները իրականացվեն նույն տեմպերով, ինչ հիմա, ապա լիճն անխուսափելիորեն կճահճանա։
Սեւանի ափամերձ տարածքների աղտոտման խնդրի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի տեղակալ Սամվել Բալոյանի հետ. «Ինչ վերաբերում է Լճաշեն համայնքի հարակից տարածքի՝ Սեւանի ափամերձ հատվածին, որտեղ տեսել եք եղեգների մացատներ, այդտեղ ոչ մի զարմանալի բան չկա, ներկա պահին, ինչ գնել ենք այդ տեխնիկան, մաքրման աշխատանքներն իրականացվում են Մեծ Սեւանի տարածքում, որովհետեւ այնտեղ ջրի մակարդակը բարձրանում է, եւ ավելի մեծ մակերեսով հողային տարածքներ են անցնում ջրի տակ։ Դրա համար էլ ավելի մեծ ծավալի աշխատանքներ հենց այնտեղ են իրականացվում»։
Մասնագետը հայտարարեց, որ Մեծ Սեւանում աշխատանքներն ավարտելուց հետո, երբ արդեն կծրագրվեն հաջորդ գործողությունները, կսկսվեն Փոքր Սեւանի մաքրման աշխատանքները։ Իսկ Մեծ Սեւանի հատվածում մաքրման աշխատանքներն իրականացվում են Նորատուսի եւ Վարդենիսի տարածաշրջաններում. «Այս պահին էլ տեխնիկան բավականին դժվար պայմաններում անխափան աշխատում է։ Բայց մեզ հաջողվել է այս տարիներին բավականաչափ տարածքներ մաքրել։ Կոնկրետ 2015 թվականի համար նախատեսված է 150 հա մաքրման աշխատանքներ իրականացնել։ Նորատուսի հատվածում 150 հա-ից որոշ հատվածի մաքրման աշխատանքները վերջացրել ենք, իսկ Վարդենիսի տարածաշրջանում արդեն 70 հա-ն մաքրվել է, եւ մինչեւ տարեվերջ ամբողջ 150 հա-ն կապահովենք»։
Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում