Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Չար լեզուները կարող են ասել, թե Ալեքսանյանը ավելացրել է ստվերը, հարկերը թաքցնում է. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 28,2015 11:02

Եվ ուրեմն, այս տարվա առաջին 9 ամիսներին «բիզնեսով չզբաղվող», ԱԺ-ում քրտնաջան օրենսդրական գործունեություն ծավալած Սամվել Ալեքսանյանին «բոլորովին չպատկանող» «Ալեքս Գրիգ», «Սամսեր գրուպ» եւ «Նատալի ֆարմ» ընկերությունները միասին պետական բյուջե են վճարել մոտ 17 միլիարդ դրամի հարկ (11.9 մլրդ, 2.3 մլրդ, 2.7 մլրդ դրամ համապատասխանաբար): Անցած տարվա առաջին 9 ամիսներին այս նույն եռյակը պետական բյուջե էր վճարել 19.7 միլիարդ դրամի հարկ (14.7 մլրդ, 2.6 մլրդ, 2.3 մլրդ դրամ համապատասխանաբար): Այլ կերպ ասած մեկ տարվա ընթացքում Սամվել Ալեքսանյանին բոլորովին չպատկանող այս երեք ընկերությունները իրենց վճարած հարկերը նվազեցրել են 2.7 մլրդ դրամով կամ մոտ 14 տոկոսով։

Դասական տնտեսագիտական կանոններով՝ եթե տնտեսվարողի հարկերը նվազել են, ապա նա կամ դրան համարժեք ավելի քիչ եկամուտներ է ստացել, կամ էլ այդքանով մեծացրել է ստվերը։ Արդյոք կարո՞ղ էին նվազել նրա եկամուտները։ Այս տնտեսվարողը «մասնագիտացած է» առաջին անհրաժեշտության սննդամթերքի ներկրման եւ արտադրության վրա։ Դե բոլորը գիտեն՝ շաքարավազ, ձեթ, կարագ, պանիր, միս եւ այլն, եւ այսպես շարունակ, ընդ որում, որոշ պարենամթերքների ներկրման ոլորտում ունի բացարձակ մենաշնորհ։ Ըստ ՄԱԿ-ի Պարենամթերքի համաշխարհային կազմակերպության (FAO) պաշտոնական տվյալների, այս տարվա ընթացքում աշխարհում պարենամթերքը էժանացել է միջինը 20-25 տոկոսով։ Հայաստանում, ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, այդ նույն ընթացքում պարենամթերքը թանկացել է ավելի քան 4 տոկոսով։ Հաշվի առնելով դրամի արժեզրկումը, կարող ենք արձանագրել, որ պարենամթերքը Հայաստանում դոլարով արտահայտված՝ հարաբերականորեն թանկացել է մոտ 10 տոկոսով։ Իսկ այդ 10 տոկոսը հենց այն լրացուցիչ գումարն է, որ ստացել են պարենամթերք ներկրողները։

Այլ կերպ ասած, պարենամթերքի ամենախոշոր եւ տեղ-տեղ բացարձակ մենաշնորհ ունեցող ներկրողների եկամուտները աճել են 10 տոկոսով, իսկ նրանց, տվյալ դեպքում՝ Սամվել Ալեքսանյանին «բոլորովին չպատկանող» ընկերությունների վճարած հարկերը նվազում են 14 տոկոսով: Տնտեսագիտության տեսակետից սա հրաշք է: Իհարկե, չար լեզուները կարող են ասել, թե Ալեքսանյանը ավելացրել է ստվերը, հարկերը թաքցնում է եւ այլն, բայց դա բացարձակ սուտ է։ Չէ՞ որ անցած տարվա հուլիսին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավաքեց բոլոր խոշոր գործարարներին ու հայտարարեց, որ վերջ՝ գիծ ենք քաշում, ու ստվերային տնտեսություն էլ չի լինելու։ Այդ հանդիպմանը, ի դեպ, ներկա էր նաեւ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը եւ նա հաստատ չէր թողնի, որ Ալեքսանյանի հետ «բոլորովին կապ չունեցող» այս բիզնեսներում ստվեր հայտնվեր։ Ավելին՝ այս տարի արդեն ստեղծվեց կոռուպցիայի դեմ պայքարող մարմին ՀՀ վարչապետի գլխավորությամբ, որի մեջ ընդգրկված է նաեւ Գագիկ Խաչատրյանը։ Ստվեր՝ նշանակում է կոռուպցիա։ Չկա կոռուպցիա՝ չկա ստվեր:

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031