Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարեն Անդրեասյանի տղամարդկությունը չբավարարեց»

Հոկտեմբեր 28,2015 10:55

Սամվել Ֆարմանյանն էլ չհրապարակեց իր «անձնական շեֆի անունը»

Երեկ խորհրդարանում կրկին շարունակվեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2014 թվականի զեկույցի բուռն քննարկումները: Իրենց ելույթներում ՄԻՊ-ին չխնայեցին ոչ միայն ընդդիմադիր, այլ նաեւ իշխանական պատգամավորները: Բավական ուշագրավ էր ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյան-ՄԻՊ Կարեն Անդրեասյան «փոխհրաձգությունը», որը նույնիսկ անձնական ու վիրավորանքների դաշտ տեղափոխվեց: Երբ ՄԻՊ-ի 560 էջանոց ելույթը ՀՀԿ խմբակցության պատգամավորը որակեց «փնթի, ջուրծեծոցի, copy-paste», Կարեն Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Սամվել Ֆարմանյանը քաղաքական պատվեր է կատարում, ու հստակեցրեց, որ դա իշխող ՀՀԿ-ի պատվերը չէ. «Նեղ անձնական շեֆերի պատվերով կամ մի շեֆի, կարծում եմ՝ մի շեֆ ունի, եւ այդ շեֆի պատվերով էր, բայց ով է՝ չեմ կարող ասել: Շատերը գիտեն, թե ում հետ եւ որտեղ է հաճախ գտնվում պարոն Ֆարմանյանը. հենց այդտեղից էլ նա ստացել է իր պատվերը, այդ կեղտոտ հանձնարարությունը: Գուցե մի օր ինքն էլ կփոշմանի, որ այսպիսի տգեղ եւ անբարոյական ելույթ ունեցավ»:

«Առավոտը» Սամվել Ֆարմանյանին հարցրեց` ո՞վ է ձեր շեֆը: «Իմ մեկնաբանությամբ ես չէի պատվի նման անլուրջ մարդու կողմից կատարված նման անլուրջ եւ տխմար հայտարարությունը: Եթե իրեն իր տղամարդկությունը չի բավարարել՝ ասելու, թե ում մասին է խոսքը, ինձ համար դժվար է… Իմ ղեկավարը հանրապետության նախագահն է: Ես հանրապետության նախագահի քաղաքական թիմի ներկայացուցիչ եմ»: Սամվել Ֆարմանյանն անբարոյական է համարում անհարկի շահարկումները շեֆի փնտրտուքներում եւ հիշեցնում, որ էլի են եղել դեպքեր, երբ ինքը չի զլացել տարբեր խնդիրների վերաբերյալ իր կարծիքը ներկայացնել. «Բայց դրանից հեռուն գնացող եզրակացություններ կարող է անել մարդը, ով մի քիչ երկար չի մտածում»:

Հարցին` Դուք կամ Ձեր մտերիմներից որեւէ մեկն «աչք ունի՞» օմբուդսմենի աթոռին, մանավանդ՝ Կարեն Անդրեասյանի պաշտոնավարման ժամկետի ավարտին այդքան էլ շատ չի մնացել, եւ երբ քննարկվում էր Կարեն Անդրեասյանի նշանակման հարցը, խոսակցություններ էին շրջանառվում, որ որոշ երիտհանրապետականների դուր չի գալիս նրա թեկնածությունը, նրանք սեփական առաջարկներն ունեն: «Կարեն Անդրեասյանի թեկնածությանը մենք բոլորս կողմ ենք արտահայտվել` հույսով, սպասումով, որ իսկապես, որպես երիտասարդ կադր, կկարողանա իրեն վստահված ոլորտում… Բայց իմ անձնական տպավորությամբ՝ նա ոչ միայն չի իրականացրել, այլեւ օմբուդսմենի ինստիտուտի հանրային հեղինակությունն այսօր զրոյականացված է: Եթե ԱԺ-ում օրենքի պարտադրանքով ՄԻՊ-ի զեկույցի տարեկան քննարկումները չլինեն, հասարակությունը չի էլ տեղեկանա այդ ինստիտուտի գոյության մասին: Բայց դա այդպես չպետք է լինի, ինչպես ասում են` by default (ենթադրաբար)»:

Սամվել Ֆարմանյանը սուբյեկտիվ է որակում եզրակացությունները ՄԻՊ-ի գրասենյակի հետ կապված` հավելելով. «Խնդիրն այն է, որ ցանկացած մարդ ինչ-որ մի ոլորտի կամ աշխատանք կատարելու համար պատասխանատվություն ստանձնելով` հավանաբար մտածում է, թե ինչ ժառանգություն է թողնելու: Ինձ մոտ տպավորություն է, որ հայտնի թեւավոր դարձած խոսքը` անհաջող կադրի մասով, իրեն հանգիստ չի տալիս»:

Դիտարկմանը, որ ՄԻՊ-ի զեկույցի քննարկումների ժամանակ խորհրդարանում բավական անհեթեթ իրավիճակ ստեղծվեց՝ այն առումով, որ Կարեն Անդրեասյանին խիստ քննադատեցին թե ընդդիմադիր, թե իշխանական պատգամավորները, եւ եթե հասկանալի է ընդդիմադիրների քննադատությունը, ապա իշխանական թեւի ներկայացուցիչներն ինչի՞ց են դժգոհ. Կարեն Անդրեասյանի գործունեությունից ակնհայտ երեւում է, որ նա ջանում է իշխանական տարբեր թեւերին թթու խոսք ուղղելուց խուսափել, Սամվել Ֆարմանյանը հակադարձեց. «Ես չեմ կարող իշխանությունների անունից խոսել: Ես ասացի այն, ինչ որ ես մտածում եմ՝ որպես թիվ 2 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Սամվել Ֆարմանյան: Ես իմ տեսակետը բաց ու անկաշկանդ ներկայացրեցի, պատրաստ եմ այն հիմնավորել: Վստահեցնում են ձեզ՝ ցանկացած մարդ, ով այդ 500 էջը կարդա, ոչ թե աչքի անցկացնի, հավանաբար կգա մոտավորապես նույն եզրակացության»: Հետաքրքրվեցինք նաեւ` ինչպե՞ս էր պատահել, որ ինքը չէր զլացել եւ մանրամասն ընթերցել էր ՄԻՊ-ի 500 էջանոց զեկույցը: «Ես սովորաբար կարդում եմ այն նյութերը, որոնց մասին ելույթ եմ ունենալու: Կապ չունի` դա ա՞յս հարցն է, թե՞ այլ»:

«Ես անձնական թշնամիներ չունեմ, չունեմ նաեւ այս դահլիճում: Բայց եթե մարդը կարողանում է իջնել այս մակարդակի եւ այդպիսի ելույթ է կարողանում ունենալ, ենթադրում եմ, որ դա մարդ է, ում ոտը ես տրորել եմ»,- իր ամփոփիչ ելույթում բավական հուզված եւ վրդովված ասաց Կարեն Անդրեասյանը` հավելելով, որ իր աշխատանքում շատ մարդկանց ոտք է տրորել, բոլորը վրդովվել են, բայց իրենց դրսեւորել են բարոյական. «Ես գիտեմ այն ոտքը, որը ստիպել է նման անբարո պատվեր իջեցնել»:

Սամվել Ֆարմանյանը հակադարձում է. «Իր կշիռը զրո է, հետեւաբար եթե ինքը նույնիսկ որեւէ մեկի ոտքին կանգնի, նրա ծանրությունն այդ մարդը երբեք չի զգա»: Պատգամավորը կարծում է, որ Կարեն Անդրեասյանը ճիշտ արեց, որ հուզվեց, ու հույս ունի՝ «այդ հուզմունքը կվերածվի այնպիսի գործողությունների, որոնց արդյունքում ՄԻՊ-ի ինստիտուտը մեր երկրում կսկսի աշխատել, ու դրանից կշահեն հասարակությունն ու պետությունը: Այդ հուզմունքը պետք է ոչ թե խորացնել` անխոհեմ քայլերով, այլ ճիշտ հետեւություններ անել: Սեփական անձը գերագնահատելը միշտ հանգեցնում է սխալ հետեւությունների: Մեր օմբուդսմենը միշտ գերագնահատում է իր անձի կարեւորությունը` որ որեւէ մեկի, այդ թվում նաեւ իմ մտքով կարող է անցնել, որ ինքն այնքան կարեւոր անձնավորություն է, որ իր դեմ ինչ-որ արշավ կամ պատվեր կազմակերպվի»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031