Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքր երկրում պետք է զուսպ լինել

Հոկտեմբեր 28,2015 10:25

Վերջերս տաքսու վարորդն ինձ ասաց, որ նա Էդուարդ Շարմազանովի կուրսեցին է։ Բնականաբար, նրա խոսակցության թեման էր՝ «էդ ո՞նց եղավ, որ նա դառավ, իսկ ես ոչ մի բան չդառա»։ Անձամբ ես «դառնալու» կամ «չդառնալու» մասին այլ պատկերացում ունեմ։ Ինձ թվում է, որ կարելի է փողոցներ ավլել եւ ինչ-որ բան «դառնալ» կամ ավելի շուտ՝ «լինել», եւ կարելի է աշխարհին տիրապետել եւ ոչ մի բան «չլինել»։ Բայց հասկանում եմ, որ շարքային մարդու գիտակցությունը կողմնորոշված է կյանքում «հաջողություններ ունենալու» չափանիշներով։

Խոսքս տվյալ դեպքում այլ բանի մասին է: Հավանականությունը, որ դուք Մոսկվայի փողոցներում կհանդիպեք, ասենք, Սերգեյ Նարիշկինի համակուրսեցուն, 100 անգամ ավելի քիչ է, իսկ որ դա տեղի կունենա Բարնաուլում կամ Չելյաբինսկում` գրեթե զրոյական է: Այդպիսով, Ռուսաստանում դժգոհությունն առ այն, որ մեկը «դարձավ», իսկ ես «չդարձա», շատ ավելի քիչ է: Այլ է փոքր երկրներում: Մենք բոլորս այստեղ հարեւաններ ենք, բարեկամներ, նախկին գործընկերներ եւ այլն: Եթե ոչ անմիջական, ապա հարեւանների հարեւաններ ենք, ծանոթների ծանոթներ, բարեկամների բարեկամներ: Հեռու չգնալու համար ասեմ, որ ես անմիջականորեն աշխատել եմ երեք գործընկերներիս հետ, որոնք հիմա Ազգային ժողովի պատգամավորներ են: Հետեւաբար տեսականորեն հնարավոր է, որ ես նախանձից պայթեմ, որ նրանք «դարձան», իսկ ես` ոչ, եւ այդ պատճառով ինձ վիրավորված զգամ:

Վատ կառավարման եւ անազնիվ ճանապարհով հարստանալու կասկածների դեպքում փոքր հանրապետություններում նման հարցերն ավելի սուր են դրվում: «Սա անարդար է, ես ավելի արժանի եմ»,- մտածում են մարդիկ: Եվ նրանք շատ դեպքերում իրավացի են. չկան հստակ, հասկանալի, թափանցիկ չափանիշներ, որոնք կասկած չեն թողնում, որ այս մարդու «առաջ գնալը» միանգամայն արդարացված է, եւ նրա հասարակական դիրքը վիճարկելի չէ: Ոչ ոք չի հուզվում, չէ՞, երբ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը նոր, շքեղ ավտոմեքենա է գնում: Որովհետեւ այդ երիտասարդի արժանիքներին ոչ ոք չի կասկածում:
Այլ է մեծահարուստների եւ պաշտոնյաների խնդիրը: Մարդիկ, որոնց համար «հաջողության հասնելը» կյանքի նպատակների ցանկում առաջին տեղ է գրավում, տեսնում են, որ դրանց հասել են ոչ միայն, իրենց կարծիքով, անարժանները, այլեւ դրանից հետո նրանք իրենց վարքով, իրենց լկտիությամբ փորձում են հաստատել սեփական առավելությունները:

Թեեւ իմ առաջարկած լուծումը գուցե կիսաքայլ է եւ «համընդհանուր արդարության հաստատման» հետ կապ չունի, բայց ես, այնուամենայնիվ, խորհուրդ կտայի որոշակի նյութական եւ պաշտոնեական դիրքի հասած մարդկանց ավելի համեստ եւ զուսպ լինել: Դա, ի վերջո, բխում է իրենց իսկ շահերից:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Սամվել Արամյան says:

    Երբ գոյատևելու բոլոր ուղիները փակ են, կա մի կիսափակ ուղի, որը արտագաղթն է (կամ իշխանությունների պաշտելի արտագնա «աշխատանքը»), համատարած թանկության և անհասանելիության պայմաններում, երբ չորս կողմդ համատարած բացահայտ կողոպուտ է և ավելի մեծ պատառ փախցնելու համար իրար միս են ուտում բոլորի աչքի առչև առանց որևէ վախի, ձեզ թվում է ժողովրդի հիմնականան(գրեթե 80%) մասի համար, որից բռնազավթել են Երկիրը և բոլոր նյութական արժեքները, հիմնականում որի վրա ընկնում է պետական 5 միլիարդանոց պարտքը(որից ժողովրդին «բաժին» չի հասել), կարող է որևէ նշանակություն ունենալ այդ խաբեփաները իրենց զուսպ կպահեն, թե՞ ոչ…

  2. Տիգրան says:

    Ոչ ոք չի հուզվում, չէ՞, երբ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը նոր, շքեղ ավտոմեքենա է գնում: Որովհետեւ այդ երիտասարդի արժանիքներին ոչ ոք չի կասկածում:

    Բայց կան լիքը տղաներ, որոնք ունեն տաղանդ, շնորհք, բայց չունեն մեջք, որ բանակից ազատվեն ու կարողանան իրանք էլ ֆուտբոլիստ դառնալ: Ավտո ունենալը հեչ, կյանքներն ա խորտակվում էդ տղաների: Իսկ Դուք ասում եք արժանիքներ: Հա, Հենոն շատ լավն ա, բայց եթե բանակում ծառայեր, իքնը Հենոն չէր լինի:

  3. Ruben says:

    Օրինակ, Իսրայել պետությունը ավելի փոքր է, քան Հայաստան հանրապետթյունը:
    Վատ կառավարման եւ անազնիվ ճանապարհով հարստանալու կասկածների դեպքում փոքր հանրապետություններում նման հարցերն ավելի սուր են “դրվում” քան փոքր պետություններում:

  4. Հ.Շ. says:

    Այս յօդուածով այժմու Հայաստանի էական խնդիրներից մին է որ պարզվում է, շնորհաւորում եմ Խմբագրին: Յուսանք միայն թէ բաւարար լսող ու հասկացող կը լինի:

    Երբ որ՝
    ա. նիւթապէս համեստ մակարդակի մարդիկ հասկանան որ աշխարհում որեւէ տեղ, որեւէ տեղ, որեւէ երկրում այդպէս է, նոյնն է, այս է կեանքն ու աշխարհը, տնտեսական դասակարգումը անհնար է անհետացնել
    եւ
    բ. Հայաստանի նոր հարուստները դուրս գան իրենց… «նոր հարուստի» մտայնութիւնից եւ վերաբերմունքից (հիմնականօրէն՝ ցուցամոլութիւն, եւ այն շփոթը թէ մարդու արժէքը միայն դրամով է որ չափվում է)

    այն ժամանակ, մենք ել յոյս կ’ունենանք մեծ երկիր դառնալու:

    • Հ.Շ. says:

      Մի կէտ եւս սակայն՝ «նյութական եւ պաշտոնեական դիրքի հասած մարդկանց» համար բաւարար չէ միայն «լինել համեստ եւ զուսպ»: Պէտք է որ անոնք մի տարրական ճիգ թափեն՝ մի քիչ աւելի մեղմացնելու չքաւորների ընդհանուր վիճակը: Այդպէս է որ կ’անեն այլ երկիրներում – եւ արդարեւ, ինչպէս որ գրել է Խմբագիրը, այդ մօտեցումը ի շահ բոլորին է… -:

      Այսինքն, «վերինները» տորթը ուտելու են, լաւ, սակայն գոնէ կը թողեն որ անոր փշրանքները իյնան, հասնին «վարիններին», որպէսզի ընկերային-քաղաքական ծանր խնդիրներ չլինեն: Հայաստանում, ոմանք, տորթը լափում են անկուշտ վայրագութեամբ, եւ փշրանքներն ել ուզում են իրենք լիզել, դեռ ոտքով բիրտ կից մըն ալ տալով մօտը նստած անօթիներին, որպէսզի յանկարծ անոնցմէ մին չհամարձակվի մօտենա՛լ անգամ…: Այս ալ փոքր երկրի «մեծ»ի հոգեբանութիւնն է. հիմնուած այն մտայնութեան վրայ որ, եթէ ունեւորն ու զօրեղը «թոյլ» լինի, ապա կորսնցնելու է իր ունեցածն ու զօրութիւնը, ուրիշը իր ձեռքից խլելու է իր ամբողջ տորթը:

      Ինչ որ, ափսոս, ամբողջովին սխալ ել չի…

      Կարգին ջունգլի…

      • Հ.Շ. says:

        Իսկ ամենածիծաղելին (կամ ամենախղճալին) այն է թէ, Հայաստանի ամենահարուստ անձը անգամ չի հասնիր կարգ մը այլ երկիրների իսկական մեծահարուստների դրամապանակի շուքին:

        Այսինքն, մեր ներքին կռիւը «մեծ»երի եւ «փոքր»երի միջեւ իսկ չէ, այլ «փոքր»երի եւ… նուազ փոքրերի:

        Ամէն դէպքում, նիւթական տարբերութիւնների խնդիրը սրբագրելի է, նշուած ձեւերով:

        Հայերի համար անդարմանելին, սակայն՝ պաշտօնների վերաբերող հիւանդագին նախանձն է: Անբուժելի է սա:

        Երկիրը Յ միլիոն նախագահ ունի: Մէկը միւսից աւելի կարող, աւելի խելացի, բանիմաց ու ատակ: Որոնք բոլորը նաեւ, միաժամանակ, անզուգական զօրավարներներ են անշուշտ: Ինչպէս նաեւ հանճարեղ գիտնականներ: Եւ ամէն բանի ծայրագոյն մասնագէտներ: Եւայլն. եւայլն…

        Որ մտածենք, երեւի մեր խնդիրը փոքր լինելը չէ: Այլ՝ շատ մեծ: Բոլորս եւ մեզնից իւրաքանչիւրը, անխտիր՝ շատ, շա՜՜տ մեծ: Մէկը միւսից աւելի, եւ փոխադարձաբար:

        Մ. Հայդուկ Շամլյան, Գանատա
        https://www.shoushisummercamp.org/

  5. Մ.Գրիգորյան says:

    Պարոն հայդուկ. մարդիկ դժգոհում են ոչ թե նախանձ լինելու պատճառով, այլ անարդարությունից: Այսօր Հայաստանում չնչին տոկոս են կազմում այն մարդիկ, որոնք դիրքի ու հարստության են հասել արդար ճանապարհով: Քավոր, սանիկ, խնամի,բարեկամ, բարեխոսել, միջամտել , զանգահարել, հանձնարարել և ամենակարևորը՝ կաշառքը: Սա է իրականությունը: Եվ միշտ է այդպես եղել: Եվ՛ խորհրդային տարիներին, և՛ հիմա: Երեկ կարդում եմ, որ մայր ու աղջիկ միևնույն դպրոցում չաշխատելու ձևը գտել են. մեկ այլ դպրոցի մայր ու աղջկա հետ տեղերով փոխվում են: Հին հնարք է. խորհրդային տարիներին բուհերում ամբիոնի վարիչները փոխանակում էին իրենց զավակներին: Բոլորը գիտեն այս ամենի մասին: Պարոն Աբրահամյան. ասում եք մարդը իր արժանիքների համեմատ է գտնվում այս կամ այն տեղում: Իսկ ինչպե՞ս իմացան նրա արժանիքների մասին . մրցու՞յթ հայտարարվեց, անկախ և արդար հանձնաժողո՞վը ընտրեց: Երբեք չեմ հավատա:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031