Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւը մերժե՞լ է Վաշինգտոնի առաջարկը

Հոկտեմբեր 28,2015 14:30

Ըստ ամերիկացի համանախագահի՝ սահմանային միջադեպերը հետաքննելու մեխանիզմի ստեղծման գաղափարը Բաքուն դեռ չի ընդունել

Տարածաշրջանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Նրանք արդեն տեւական ժամանակ փորձում են Սարգսյան-Ալիեւ հանդիպում կազմակերպել, որպեսզի ապահովեն ղարաբաղյան բանակցային գործընթացի շարունակականությունը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հոկտեմբերի 26-ին Երեւանում մամլո ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում հայտնեց, որ Սարգսյան-Ալիեւ առաջիկա հանդիպումը կարող է կազմակերպվել Հայաստանում սահմանադրական հանրաքվեից հետո՝ մինչեւ տարեվերջ:

Հիշեցնենք, որ Սարգսյան-Ալիեւ վերջին հանդիպումը տեղի է ունեցել մոտ մեկ տարի առաջ՝ Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ, Փարիզում: Հայ-ադրբեջանական սահմանին, շփման գծում պարբերաբար արձանագրվող լարվածության ֆոնին բանակցային գործընթացում հանդիպումների պակասը իր հերթին վկայում է այն մասին, որ ադրբեջանական կողմի համար ավելի ու ավելի դժվար է բանակցությունների անցկացմանը համաձայնություն տալ:

Չէ՞ որ պաշտոնական Բաքուն գերադասում է ադրբեջանական կողմի պահանջները միջազգային հանրությանը հասցնել շանտաժի ու դրան զուգահեռ դիվերսիոն գործողությունների միջոցով, այլ ոչ թե բանակցությունների սեղանի շուրջ երբեմնի ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում շարունակել հանդիպումները:

Ինչեւէ, Երեւանում ամերիկացի համանախագահը մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել: Ուորլիքը նախ տեղեկացրել է, որ սահմանային միջադեպերը հետաքննելու մեխանիզմի ստեղծումը քննարկման փուլում է, եւ Բաքուն այն դեռ չի ընդունել, բայց չի էլ մերժել: Արդեն մի քանի ամիս է, ինչ ամերիկյան կողմից սահմանային միջադեպերը հետաքննելու մեխանիզմների ստեղծման գաղափարն առաջ է տարվում:

Ուորլիքը, փաստորեն, հայտնել է, որ Բաքուն դեռ չի ընդունել այդ գաղափարը, այսինքն՝ ոչ մի երաշխիք չկա, որ առհասարակ կընդունի: Իսկ ի՞նչն է խանգարում Ալիեւին ընդունել այդ առաջարկը: Այս հարցը առավել քան պարզ պատասխան ունի. նման մեխանիզմի աշխատելու դեպքում ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները կամրագրվեն, եւ այլեւս հարկ չի լինի անվերջ կողմերի միջեւ հավասարության նշան դնելով՝ կոչ անել զերծ մնալ շփման գծում լարվածություն ստեղծելուց: Արդեն հստակ կլինի, թե որ կողմն է սկսում դիվերսիոն գործողությունները, հրադադարի խախտման դեպքերը: Ահա թե ինչու Ալիեւը չի ընդունում Վաշինգտոնի այս առաջարկը:

Հավանաբար, Ուորլիքը նշյալ գաղափարի վերաբերյալ Երեւանում պաշտոնական Բաքվի պատասխանի բացակայությունը մտածված է շեշտել: Սա, թերեւս, լրացուցիչ ճնշման միջոց է Ալիեւի ուղղությամբ` ընդունել սահմանային միջադեպերը հետաքննելու մեխանիզմի ստեղծման առաջարկը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարություններից մեկում արձանագրվել էր, որ Հայաստանը համաձայնել է քննարկել այդ մեխանիզմի դետալները, եւ համանախագահները կոչ էին արել Ադրբեջանին նույն կերպ վարվել:

Ուորլիքը Երեւանում անդրադարձել է շփման գծում լարվածությանը. «Երկու տարի առաջ, երբ առաջին անգամ եկա Երեւան, կողմերի միջեւ հիմնական խնդիրը դիպուկահարներն էին: Իհարկե, չեմ թերագնահատում դիպուկահարների վտանգը. նրանք բազմաթիվ կյանքեր խլեցին: Ներկայիս իրավիճակը շատ ավելի վտանգավոր է, կիրառվում են ականանետներ, որոնք հարվածում են նշանակալի հեռավորության վրա եւ պատճառում են լուրջ վնաս: Որպես հետեւանք՝ շփման գծի եւ միջազգայնորեն ճանաչված սահմանի երկու կողմում էլ մահանում են քաղաքացիական անձինք: Մենք պետք է դադարեցնենք սա: Անկեղծ ասած, կցանկանայի, որպեսզի կողմերը պարտավորվեն չօգտագործել ծանր զինատեսակներ: Նաեւ ռիսկ կա, որ նման զինատեսակների կիրառման պատճառով լարվածությունը կարող է աճել»:

Ուորլիքը հստակ շեշտել է այն առաջնահերթությունը` լայնամասշտաբ ռազմական գործողությունների բռնկման վտանգը, որն այսօր միջնորդների գերխնդիրն է: Դրան նպաստելու համար ամերիկացի համանախագահը, կարծես, նշել է նաեւ ուղիները, թե ինչպես կարելի է հասնել դրան` հակամարտող կողմերը պետք է անցնեն համակարգային բանակցությունների, պետք է ինտենսիվացնել բանակցային գործընթացը նախագահներից ցածր մակարդակում, դա կարող է լինել հանձնաժողով կամ աշխատանքային խումբ, անհրաժեշտ են նաեւ ժողովրդական դիվանագիտության նախագծեր, որոնց համանախագահները եւս պատրաստ են աջակցել: Ուորլիքը փոխանցել է, որ պատրաստվում են Երեւանում եւ Բաքվում քննարկել վստահության ձեւավորումը, հարգանքն անվտանգության նկատմամբ եւ պատրաստվում են մի շարք առաջարկներով հանդես գալ:

Ժողովրդական դիվանագիտության նախագծերի մասով կարելի է նշել, որ Ադրբեջանում այսպիսի ծրագրերի մասնակիցներն այսօր ճաղերի հետեւում են, նրանց «Հայաստանի օգտին ծառայող լրտեսներ» են համարում, եւ թե ինչպես են միջնորդները պատկերացնում հայ-ադրբեջանական Ժողովրդական դիվանագիտության հետագա գործունեությունը Ադրբեջանում հայատյացության քարոզչության ֆոնին՝ պարզապես անհասկանալի է:
Ըստ էության, Ուորլիքը Երեւանում ընդգծել է, որ նախագահների մակարդակով հանդիպումները «մի քանի ամիսը մեկ ժամով» բավարար չեն: Նա նկատել է, որ եկել է ժամանակը ավելի համակարգված բանակցություններ վարելու համար, կարեւոր է, որպեսզի նախագահները հանդիպեն եւ միմյանց հետ քննարկեն ամենադժվար հարցերը:

«Վերջին 18 ամիսների ընթացքում նախագահները չորս անգամ հանդիպել են, խոսել են ԼՂ հակամարտության կարգավորման տարրերի ու սկզբունքների մասին, սա կարեւոր է, սակայն նույնիսկ լավագույն հանգամանքների պարագայում, երբ կա քաղաքական կամք, նախագահները մի քանի ամիսը մեկ հանդիպում են մեկ ժամով կամ մի քանի, սա բավարար չէ: Անցյալ տարի շվեյցարացիներն առաջարկեցին, որպեսզի համակարգված բանակցություններ լինեն, այժմ բաց ենք, այս բանակցությունները պետք է տեղի ունենան, եւ կողմերը պետք է սեղանի շուրջ նստեն, եւ պետք է սկսվի արդյունավետ կերպով անդրադարձ այնպիսի հարցերի, որոնք առնչվում են լուծմանը: Մենք չենք ակնկալում, որ սեղանի շուրջ կողմերը սկսեն ամենադժվար հարցերից, բայց կան բազմաթիվ ուղղություններ, որոնց շուրջ կողմերը համաձայնություն ունեն, ինչո՞ւ չենք սկսում դրանից, ինչո՞ւ չենք վարում բանակցություններ, որոնք այլ հակամարտությունների դեպքում լինում են, ինչո՞ւ Հայաստանն ու Ադրբեջանը չեն ընդունում շվեյցարացիների առաջարկը: Մենք պատրաստ ենք աշխատել կողմերի հետ այս համակարգված բանակցությունների, ձեւաչափի ուղղությամբ, եւ թե ովքեր պետք է լինեն այդ բանակցությունների սեղանի շուրջ: Մենք կարծում ենք, որ նախագահի մակարդակից ցածր տեղի ունեցող հանդիպումները պետք է լինեն ավելի կայուն ու համակարգված գործընթաց»,- պարզաբանել է Ջեյմս Ուորլիքը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել