Լրահոս
Օրվա լրահոսը

Գրությամբ ախտորոշված հիվանդությունները հայտնաբերվելուց հետո չեն վերացել

Հոկտեմբեր 28,2015 14:00

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը քննել էր «Ռ. եւ Պ. Սկենառ» առողջության վերականգնման կենտրոնի ներկայացուցիչ Արթուր Ղարիբյանի վերաքննիչ բողոքը: Նա խնդրել էր բեկանել Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որը դատարանը կայացրել էր այս տարվա ապրիլի 27-ին:
Դատարան էր դիմել քաղաքացի Մարինե Ջամալյանը՝ ընդդեմ բուժընկերության:
Տիկին Մարինեն խնդրել էր հօգուտ իրեն բուժհաստատությունից բռնագանձել 490 000 դրամ, իսկ դատական ծախսերը՝ փաստաբանին վճարվելիք 300 000 դրամը, գնահատել էր որպես ողջամիտ գումար:

Նշեմ, որ վերաքննիչ դատարանը մասնակի է բավարարել վերաքննիչ բողոքը՝ փաստաբանի ծախսը գնահատելով 100 000 դրամ:

Վճիռն այդ մասով է բեկանվել եւ թողնվել է օրինական ուժի մեջ:

Ինչո՞ւ է դատարանը բավարարել Մարինե Ջամալյանի պահանջը բուժընկերության դեմ:
Վերջինի շահերի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մուրադ Ասրյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ 2013 թ. հոկտեմբերի 7-ի էպիկրիզով Մարինեի մոտ ախտորոշվել է՝ «ողնաշարի գոտկասրբանային հատվածի դեգենատիվ-դիստրոֆիկ փոփոխություններ, նա գանգատվել է նյարդային գերլարվածությունից, ողնաշարի պարանոցային եւ գոտկային հատվածների ցավերից, ոտքերի թուլությունից, ինքնուրույն դժվարացել է քայլել, կանգնել»:

Դատարան ներկայացված փաստաթղթերից պարզ է դառնում, որ նա անցել է կոմպլեքս հետազոտություն:

Հետազոտման արդյունքների համաձայն էլ՝ հիվանդի մոտ ախտորոշվել է ռադիկուլիտ, նեւրաստենիա, վահանաձեւ գեղձի դիսֆունկցիա, միջողային օթսեոպորոզ, օթսեոխոնդրոզ…

Հիվանդը բուժման կուրս է անցել, եւ ըստ գործում առկա փաստաթղթերի, նա 490 000 դրամի ծառայություններ է ստացել:

Այդ ծառայությունները հիշյալ բուժկենտրոնը կատարել է պայմանագրի համաձայն, որի մատուցման որակի համար, ինչպես տեղեկացրել է ընկերության ներկայացուցիչը, հիվանդը որեւէ առարկություն չի արել:

Ա. Ղամբարյանն առարկել է վերաքննիչ դատարանի վճռի դեմ:

Ըստ նրա, խախտվել են «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի, ՀՀ սահմանադրության մի քանի հոդվածներ: Գործի քննությունն անցել է, ըստ բողոքաբերի, առանց պատասխանողի, չի ապահովել դատարանը կողմերի հավասարության եւ մրցակցության սկզբունքը:
«Առավոտի» տեղեկություններով՝ հոկտեմբերի 2-ին Ա. Ղարիբյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել դատարան, գտնելով, որ դատարանի կողմից թոււյլ է տրվել Քաղաքացիական օրենսգրքի խախտում, այն է՝ փաստաբանի խելամիտ վարձատրության չափ է համարվում բռնագանձվող գումարի 5 տոկոսը, սակայն ոչ պակաս, քան 100 000 դրամ, մինչդեռ դատարանը, որպես փաստաբանի խելամիտ վարձատրություն, բռնագանձել է բռնագանձվող գումարի 60 տոկոսից ավելին:

Ի դեպ, վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը բավարարելու հիմքում դրել է այն հիմնավորումը, որ «Լ4 ողի առավել ծավալային ախտահարմամբ բնույթի ՄՌ նկարագիր, ողի մարմնի պաթոլոգիական կոտրվածքի նշաններ եւ ողնաշարային կանալում ընդլայնված ընթացք, այդ մակարդակում լուսաշերտի ստենոզ: Ողնաշարի գոտկա-սրբոսկրային հատված դեգենեատիվ-դիստրոֆիկ փոփոխություններ հիվանդությունը բուժելու նպատակով է նա դիմել ընկերություն, իսկ ընկերությունը նրան չի բուժել»:
Ըստ «Սկենառի» ներկայացուցչի, վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Մ. Ջամալյանը ընկերությունում համալիր բուժման կուրս է անցել, եւ արդյունքում, ընկերությունից դուրս է գրվել բավարար վիճակում, տեղամասի նյարդաբանի հսկողության տակ: Մարինե Ջամալյանի ներկայացուցիչ Մուրադ Ասրյանն էլ անդրադառնալով ընկերության գործունեությանը՝ հիշեցրել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունից 2004 թ. ապրիլի 13-ին «Ռ. եւ Պ. Սկենառ» առողջության վերականգնողական կենտրոնը ստացել է արտահիվանդանոցային բժշկական ընդհանուր պրակտիկա, ախտորոշիչ բժշկական օգնություն եւ սպասարկման տեսակով զբաղվելու անժամկետ լիցենզիա, որով առավել մատչելի մեթոդների եւ տեխնոլոգիաների վրա հիմնված բժշկական օգնության տեսակ է, սակայն նա իրականացնում է մասնագիտացված բժշկական օգնություն, խախտելով, ըստ էության, «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» գործող օրենքի պահանջները:

Մուրադ Ասրյանը տեղեկացնում է նաեւ, որ այս տարվա հունվարի 16-ին ՀՀ առողջապահության նախարարի հարուցած վարչական վարույթի շրջանակներում հայտնաբերվել էին վերոնշյալ ընկերության կողմից մի շարք խախտումներ, ինչի արդյունքում, նախարարի փետրվարի 25-ի թիվ 383-Ա հրամանով, ընկերության լիցենզիան կասեցվել է: Այս մասին գրել է նաեւ «Առավոտը»:

Մ. Ասրյանի առարկությամբ, ընկերությունը Մ. Ջամալյանին պատշաճ ծառայություն չի մատուցել, մասնավորապես, «Սկենառը» իրավունք չուներ բուժել հայցվորին «Սկենառ» սարքավորման միջոցով, քանի որ փաստաբանի տեղեկացմամբ. «Այդ սարքավորումը նախատեսված չէ բժշկական ընդհանուր պրակտիկա իրականացնող կաբինետի սարքավորումների եւ բժշկական գործիքների պարտադիր պահանջի մեջ»:
Այն, որ բուժընկերությունը պատշաճ չի կատարել իր պարտականությունները, բերվում է մեկ հանգամանք նույնպես. անցյալ տարվա մարտին «Արտմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնը համակարգչային պատասխան է տվել Ջամալյանին, համաձայն որի, հիվանդի ընդհանուր վիճակը բավարար չի եղել, իսկ Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի այս տարվա մարտի 24-ի գրությամբ էլ ախտորոշված հիվանդությունները հայտնաբերվելուց հետո չեն վերացել, այնտեղ բուժվելուց հետո էլ եւ ժամանակակից բժշկության պայմաններում, նշված խնդիրները չեն կարող վերացնել սկենառ թերապիայի միջոցով:

Իսկ այն, որ հիվանդը առարկություն չի ունեցել ծառայության որակի վերաբերյալ, ըստ Մ. Ասրյանի, չի նշանակում, թե ծառայությունները մատուցվել են պատշաճ որակով:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031