Լրահոս
Օրվա լրահոսը

«Կաշխատեմ ապացուցել մշակույթի համակարգին, որ ես միգուցե կապ ունեմ մշակույթի հետ»

Հոկտեմբեր 28,2015 13:30

«Առավոտը» օրերս ստացավ հոկտեմբերի 31-ին Մոսկվայի տանը կայանալիք Ռուբեն Փաշինյանի «Տղա, ո՞ւր է Եփրատը» խաղարկային եւ Հակոբ Կարանֆիլյանի «Միջերկրականի հայկական մարգարիտը» վավերագրական ֆիլմերի պրեմիերաները դիտելու հրավեր:

«Տղաս, ո՞ւր է Եփրատը» ֆիլմն այս տարի ցուցադրվել է հայաստանյան «Ոսկե ծիրանում», ավելին՝ արժանացել իր գնահատականներում ժլատ, ճանաչված կինոգետ, կինոքննադատ, մշակութաբան Կիրիլլ Ռազլոգովի գովեստի խոսքերին: Ռուս արվեստագետը ֆիլմին մաղթել է հետագա հաջողություններ: Իսկ դրանք շատ չուշացան: Ֆեյսբուքից տեղեկացանք, որ ֆիլմը ցուցադրվել է ԱՄՆ-ում, նույնիսկ ստացել մասնակցության հրավեր՝ Կանադայում անցկացվող Pomegranate հեղինակավոր փառատոնից:

Մենք հյուրընկալեցինք Ռուբեն Փաշինյանին: Նա ֆիլմի սցենարի հեղինակն է, բեմադրող ռեժիսորն ու պրոդյուսերը: Հակիրճ ներկայացնելով ֆիլմը, մեր զրուցակիցն ասաց, որ ֆիլմն անդրադառնում է ցեղասպանության թեմային ու պատմում Կիլիկյան հայկական թագավորության մասին, որը ոչ միայն մեր կորուսյալ պետության պատմությունն ու արժեհամակարգն է, այլ նաեւ ներկայացնում է Կիլիկիան որպես ժամանակին ծովային իշխող տերություններից մեկը՝ իր մշտական կանոնավոր բանակով ու Միջերկրականի ջրերում երկրի սահմանները վերահսկող հզոր նավատորմով: Ֆիլմի ստեղծողը, որը նաեւ ճանաչված դերասան Վիգեն Ստեփանյանի հետ նկարահանվել է գլխավոր դերում, հայտնեց, որ ֆիլմում հնչում է իր պապի՝ Էդուարդ Փաշինյանի շուրջպարը, իսկ բեմադրող օպերատորն է Հակոբ Կարանֆիլյանը, որի «Միջերկրականի հայկական մարգարիտը» հասցրել է ներկայացվել ու արժանանալ արտերկրյա մի շարք փառատոների մրցանակներին:

Ruben_Pashinyan_1

Արվեստագետն ու տեր Շնորհքը (Պրովիդենս):

Զրույցի ընթացքում Ռուբեն Փաշինյանը փաստեց ֆիլմի ջերմ ընդունելությունը Հայաստանի անկախության օրվա նախօրեին նյույորքյան Սուրբ Լուսավորիչ եկեղեցում, ապա Բոստոնում, Պրովիդենսում, Շառլոտտում: «Իհարկե, շատ կարեւոր է կայանալիք պրեմիերայից հետո մեր համերկրացիների գնահատականը, բայց շտապելով ուզում եմ նշել, որ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված այս ֆիլմը սգալու համար չէ: Մենք իրավունք չունենք սգալու: Հռոմի պապի ձեռամբ ու օրհնությամբ ունենք այլեւս մեկուկես միլիոն նահատակված սուրբ եւ, ինչպես իր խոսքում նշեց Պրովիդենսի Սուրբ Սահակ եւ Մեսրոպ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Շնորհքը, մենք պետք է ուրախ ապրենք, պետք է տեսնենք ոչ թե սեւը, այլ սպիտակը…»:

Ruben_Pashinyan_2

Փաշինյանը՝ տեր Մեսրոպի հետ (Նյու Յորք):

Հարցին, թե «Տղաս, ո՞ւր է Եփրատը» ֆիլմի ստեղծմանը ո՞վ կամ ովքե՞ր են մասնակցել, մեր զրուցակցից ստացանք հակիրճ պատասխան. «Իմ շրջապատը, ընկերներս»: Հետաքրքրությանն էլ՝ ինչո՞ւ չի դիմել մշակույթի նախարարություն, հավանաբար սցենարի այժմեականությունից ելնելով՝ բացասական պատասխան չէր ստանա, արվեստագետն ասաց, որ դեռեւս 2012թ. դիմել է նախարարություն, իր խոսքերով՝ «պիեսս պահածոյացրին, հետո ես այն ետ կանչեցի: Կաշխատեմ ապացուցել մեր մշակույթի համակարգին, որ ես միգուցե կապ ունեմ մշակույթի հետ»: Ի դեպ, աջակցության հետ կապված մեր զրուցակիցը հիշեց արտերկրում ապրող ու ստեղծագործող հայաստանցի արվեստագետներին, հատկապես շեշտեց Ռոդ Այլենդ նահանգի կողմից «Տարվա մարդ» հռչակված կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանին. «Նա մեծ հարգանք ունի ԱՄՆ-ում: Առանց որեւէ գովազդի ձեռք է մեկնում հայաստանցի արվեստագետներին, եւ ես էլ բացառություն չկազմեցի…»:

Vigen_Stepanyan

Վիգեն Ստեփանյանը «Տղաս, ո՞ւր է Եփրատը» ֆիլմում:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ Ռուբեն Փաշինյանի երկու ճանաչված ու հարգված պապերին՝ երաժշտագետ, կոմպոզիտոր, գերլադային համակարգի ստեղծող Էդուարդ Փաշինյանին, որը հեղինակ է հայերենով առայժմ միակ պոլիֆոնիայի եւ հարմոնիայի դասագրքերի եւ Տիգրան Շամիրխանյանին, որը 1929թ. հիմնադրել է երեխաների ու պատանիների համար առաջին՝ Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնը (ՊՀԹ): Մինչ օրս էլ տարբեր առիթներով հիշվում են շամիրխանյանական փայլուն աշխատանքները Սունդուկյանի անվան, Կոմեդիայի թատրոններում եւ ասում են, որ եթե նա շարունակեր իր դերասանական կարիերան, ապա միանշանակ կդառնար հայ թատրոնի խոշորագույն դերասաններից մեկը: Ռուբեն Փաշինյանն ասաց, որ հայ մշակույթի մեծերը, այդ թվում՝ Սոս Սարգսյանը, Երվանդ Մանարյանը, Երվանդ Ղազանչյանը ժամանակին դիմել են քաղաքապետարան՝ ՊՀԹ-ն Շամիրխանյանի անունով կոչելու առաջարկով եւ ստացել են պատասխան, որ քաղաքապետարանը գտնում է ոչ նպատակահարմար: «Ես կաշխատեմ այս ուղղությամբ, որ թատրոնը կրի պապիս անունը եւ ցանկություն ունեմ վերահրատարակել Փաշինյանի մասնագիտական դասագրքերը»,- հավաստիացրեց թոռը:
Հետաքրքրությանը՝ ի վերջո ո՞վ է Ռուբեն Փաշինյանը՝ դերասան, ռեժիսոր, սցենարիստ, գրող, լրագրող, գիդ, երգիչ (վերջերս ՌԴ-ում հրատարակված ԱՊՀ երկրների «Նոր գրողները» գրքում տեղ է գտել «Տղաս, ո՞ւր է Եփրատը» պատմվածքը), Ռուբեն Փաշինյանը ժպտալով պատասխանեց. «Երկու չքնաղ երեխաների հայր եմ: Սիրով եմ աշխատում ձեր թվարկած ոլորտներում: Ամեն մարդ իր տունը պետք է պահի, չէ՞…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031