Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես մտածել, որպեսզի չդատենք մարդկանց

Հոկտեմբեր 28,2015 13:00

Պատկերացրեք մի այսպիսի իրավիճակ: Ձեր կյանքը լրացել է այս աշխարհի վրա, դուք անցել եք հաջորդ կյանքին ու կանգնել Աստծո դատաստանի առաջ: Ձեր մեղքերը շատ են, դուք շատ եք վնասել ձեր հոգին ու ձեր հարաբերությունը Քրիստոսի հետ: Դուք այդ մասին գիտեք: Երբեմն իմիջիայլոց, երբեմն էլ նպատակային փորձել եք ապրել ըստ Աստծո պատվիրանների, ու կամ ստացվել է, կամ ոչ: Բայց մի բանից լավ բռնել եք այս կյանքում՝ նպատակային կերպով չեք ուզել որեւէ մեկին դատել: Մի պահ է եկել ձեր կյանքում, որ դրանից հետո այլեւս ոչ մեկին չեք դատել՝ ոչ խոսքով, ոչ էլ մտքով:

Ու հիմա դուք կանգնած եք Քրիստոսի առաջ՝ գիտակցելով, որ ձեր մեղքերին չափ ու սահման չկա: Ու մեկ էլ Քրիստոսը ձեզ հետ խոսում է ու ասում: «Գիտես սիրելիս, քո մեղքերը շատ են: Բայց դու մի բան լավ արեցիր այս կյանքում: Դու սովորեցիր քո պես մեղավոր մարդկանց չդատել: Հիմա ես իմ խոսքն եմ պահում ու կատարում: Դու չդատեցիր, ես էլ քեզ չեմ դատում: Ասեցի չէ՞. «մի դատեք ու չեք դատվի» (Ղուկաս 6:37): Ասեցի չէ՞՝ «Երկինք եւ երկիր պիտի անցնեն, բայց իմ խօսքերը չպիտի անցնեն» (Մտ 24:35): Ահա սիրելիս. Դու չդատեցիր, ես էլ քեզ չեմ դատում: Դու ներեցիր, ես էլ քեզ եմ ներում: Ես իմ Խոսքի Տերն եմ: Հիմա ներս արի դրախտ ու հավիտյան ապրի Աստուծո թագավորության մեջ»:

Ժողովուրդ ջան, այս չդատելու եւ ներելու պահն անչափ կարեւոր է ձեր հոգիների ու կյանքերի համար: Տեսեք Աստված մեզ ինչ նվեր է տվել. դու մի դատիր, ես էլ քեզ չեմ դատի: Դու ներիր, ես էլ քեզ կներեմ: Ու մենք սա չօգտագործենք մեր փրկության համա՞ր: Բա որ Հիսուսն ասեր, մինչեւ բոլոր մեղքերդ չքավես՝ ձեռքիցս չես պրծնի: Այն ժամանակ ի՞նչ պիտի անեինք: Բայց տեսեք այստեղ ինչ մեծահոգություն կա ու սեր. «Դու մի դատիր ես չեմ դատի»:

4 Ավետարանների մեջ Տեր Հիսուսը հատուկ ասում է այս մասին:
Մաթեւոս 7:1 – «Մի՛ դատէք, որ Աստծուց չդատուէք. որովհետեւ ինչ դատաստանով, որ դատէք, նրանով էք դատուելու. եւ ինչ չափով, որ չափում էք, նրանով պիտի չափուի ձեզ համար»:
Մարկոս 4:24 – «Զգո՛յշ եղէք, թէ ինչ էք լսում, եւ ինչ որ լսում էք, աւելին կը տրուի ձեզ. ինչ չափով, որ չափում էք, նոյնով Աստուած պիտի չափի ձեզ համար»:

Ղուկաս 6:37 – «Մի՛ դատէք, որ Աստծուց չդատուէք, մի՛ դատապարտէք, եւ չպիտի դատապարտուէք, ներեցէ՛ք, եւ ներում պիտի գտնէք Աստծուց»:

Հովհ. 7:24 – «Աչքներիդ երեւացածի պէս մի՛ դատէք…»:

Ուրեմն ամեն անգամ, երբ դատելու գայթակղությունը գա մեր մտքերի մեջ, եկեք լավ հիշենք մեր Տեր Հիսուսի այս խոսքերն ու հեռու մնանք դատելուց: Չդատենք մեր մտքերով մի մարդու, որի մեղքերից մենք էլ ինքներս ունենք ու նաեւ չենք տեսնում իր սիրտը եւ իր հնարավոր զղջումը: Այսպիսով եւ մենք կփոխվենք, եւ կյանքը կփոխվի, եւ Աստուծո վերաբերմունքը մեր նկատմամբ:

Բարի օր բոլորիդ, սիրելի մարդիկ:

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

Քննարկումների համար գրեք
Ֆեյսբուքի իմ էջին

«Առավոտ» օրաթերթ
27.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Սամվել Արամյան says:

    Ինչո՞ւ եք Ձեզ վրա վերցրել Ժողովրդին բթացնելու այս ոչ շնորհակալ գործը, համոզելով նրան հանդուրժել և համակերպվել այս դառը իրավիճակին այս կյանքում, մյուս անհայտ (կասկածելի) «կյանքում» «արքայության» ակնկալիքով: Միթե՞ այնտեղից եք գալիս ….

  2. Արմեն Հարեյան says:

    Սամվել Արամյան ջան, մարդկանց բթացնելու գործն իսկապես որ անշնորհակալ թշնամական գործ է, բայց մարդկանց գրել, որ ամեն իրավիճակում նախ դուք ձեր ներսը քննեք, ձեր սխալները տեսեք նոր ընկեք մյուսների ետևից, արդյո՞ք սա ո՞ր օրվանից դարձավ մարդկանց բթացնել: Հայաստանում Քրիստոնեության մասին գրելը ո՞ր օրվանից դարձավ մարդկանց բթացնել: Ես երկնքից չեմ եկել և գիտեմ որ արժանի էլ չեմ այնտեղ լինել, բայց արդյոք դուք կամ որևէ մեկը ետ է եկել այնտեղից ու ասել որ մահից հետո կյանք չկա՞ Նույնիսկ եթե գիտության տեսանկյունից նայեք ապա գիտության ճանաչելիությունը սահման չունի: Աթեիզմը, որով այսքան ժամանակ խաբել են մարդկանց ու բթացրել, նման է նրան, որ մի քանի որսորդ մտնեն Սիբիրի անծայրածիր անտառ, քայլեն ընդհամենը 20 կիլոմետր ու դուրս գան ասեն, ժողովուրդ, մի վախեցեք, հանգիստ մտեք անտառ, այնտեղ արջ չկա: Սա ստախոսություն է:

    • Վարդան Պետրոսյան says:

      Ասեցիք “Նույնիսկ եթե գիտության տեսանկյունից նայեք “, բայց էդպես էլ չնայեցիք գիտության տեսանկյունից…..Հայաստանը աշխարհիկ պետություն է, ու ԶԼՄ-ներով կրոնի քարոզը արդեն զզվեցնում է:
      Աթեիզմն էլ, ցանկացած դոգմա կասկածի տակ դնելն է, թե էդ ոնց է աթեիզմը մարդկանց բթացրել, էդ հավանաբար մենակ Ձեզ է հայտնի
      իսկ էն որ չափից դուրս հավատալը, երբևէ լավ բանի չի հասցրել, ողջ մարդկության պատմությունն է ցույց տվել

  3. Վարդան Պետրոսյան says:

    ու առհասարակ, քրիստոնեությունը դա ընդամենը հերթական կրոնն է, գաղափարախոսություն որը հիմնվել է շուրջ 2500 տարի առաջ, անապատում բնակվող քոչվոր հրեական ցեղախմբի կողմից, ու 21-րդ դարում ուղղորդվել մի գաղափարախոսությամբ, որը հորինվել է երկու հազարամյակ առաջ ու անգամ Հայկական Լեռնաշխարհի ծնունդ էլ չի, աբսուրդ է, էդ աբսուրդն էր որ մեզ հացրեց էս օրին

    • Armen Hareyan says:

      Դուք երևի պատմությունը լավ չգիտեք: Խորհրդային տարիներին գիտական Աթեիզմը միակ “գիտական” ճանապարհն էր, որը գիտականերոն մերժում էր Աստուծո գոյությունը, մինչդեռ դա հակասում է գիտության չափորոշիչներին, քանի որ գիտությունն ամեն օր զարգանում է և այսօր հերքում երեկվա իր իսկ հայտնագործությունը: Բայց ձեր հետ ես չեմ վիճի, քանի որ դուք Աստծուն չէք փնտրում որ գտնեք, այլ պարզապես կռվում էք այն ամենի դեմ որ Աստծու հետ է կապված: Երբ ասում էք «հերթական կրոնն է,» ապա ցույց էք տալիս, որ ոչ մյուս կրոնների մասին գիտեք, ոչ էլ Քրիստոնեության, քանի որ Քրիստոնեության բացառիկության և ոչ մարդկային սկիզբ ունենալու օբյեկտիվ փաստարկների մասին ոչ մի բան չէք ասում: Այդ մասին կարող էք կարդալ այստեղ https://www.aravot.am/2015/04/07/558395/

      • Վարդան Պետրոսյան says:

        Խորհրդային տարիներին կար այլ կրոն, որն էլի հենված էր երեկվա քրիստոնյաների կռապաշտության վրա, ստալինիզմ, լենինիզմ, կոմունիզմ…..էդ աթեիզմի հետևանք չեր այլ հենց քրիստոնեության ստրկամտության դաստիարակության արդյունք
        քրիստոնեությունն էլ բացառիկ չէ, նույն եգիպտական արևի աստծո կրկնությունն է, որոշակի բառափոխությամբ,
        Նույնիսկ ներկայիս եթեք ավանդական կրոնները, կրկնում են միևնույն դոգմաները, որոշ դեպքերում նույնիսկ միևնույն ձևակերպմամաբ, ու բոլորն էլ ասում են “մերը բացառիկ է”, շատ ծիծաղելի կլիներ, եթե էդքան դրամատիկ չլիներ:
        Էն որ էդ սաղ կրոնները միֆեր են, նույնիսկ ամենամոլի հավատացյալին է պարզ, բայց միֆը պիտի գոնե մի լավ բան քարոզի, իսկ ինչ են քարոզում այդ երեք աբրահամյան կրոնները` արա ամեն ինչ որպեսզի գոհացնես վերև կանգնածին, որպեսզի քո անձիդ փրկությունը շահես….էգոիզմ ծածկված “բարեպաշտության” շղարշով

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031