Լրահոս
Օրվա լրահոսը

Աբելյանը մեծարվեց փառատոնով

Հոկտեմբեր 28,2015 12:30

Վանաձորում վերջերս մեծ շուքով նշվեց Հովհաննես Աբելյանի ծննդյան 150-ամյակը:
Աբելյանական փառատոնի կազմակերպման եւ անցկացման մասին զրուցեցինք թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի հետ:

– Պարոն Շահվերդյան, ինչպե՞ս ծնվեց փառատոնի գաղափարը:

-Դեռ նախորդ տարի ինչ-որ տեղ կարդացի, որ 2015թ. լրանալու է Հովհաննես Աբելյանի 150-ամյակը: Եվ հենց անցյալ տարվանից որոշեցի, որ դա պետք է մեծ շուքով նշվի, եւ այդ գործն անպայման պետք է անեն «աբելյանցիները»: Սովորաբար նման հոբելյանները լինում են մեկ օրով. մեկ օր հանդիսավոր երեկո են անում՝ հոբելյանական, շքեղ շնորհավորանքներ, հիշողություններ եւ այլն. ըստ ավանդույթի՝ այդպես է նշվել կամ նշվում այս կամ այն արտիստի կամ արվեստագետի հոբելյանը:

Ես մտածեցի մի նոր բան անել, այն է՝ կազմակերպել դեկադա՝ տասնօրյակ՝ այն թատրոնների մասնակցությամբ, որոնք իրենց խաղացանկում ունեն Աբելյանի՝ ժամանակին խաղացած այս կամ այն պիեսը:

Եվ ես երբ հիշեցի մեր հանրապետության թատրոնների խաղացանկը, տեսա, որ տասը օրը կլրացվի եւ նոււյնիսկ դեռ ավելին: Սունդուկյանի անվան թատրոնն ունի երկու ներկայացում, մենք կհրավիրենք մեկը, Ռուսական թատրոնն ունի երկու ներկայացում՝ «Խելքից պատուհասը» եւ «Ռեւիզորը», մենք հրավիրեցինք «Խելքից պատուհասը» եւ այլն: Եվ այսպես ծնվեց այդ գաղափարը:

– Մինչ գաղափարը իրականություն դարձնելը շուրջ մեկ տարի դեռ կար. որո՞նք էին ձեր հետագա քայլերը:

– Ես անմիջապես դիմեցի մշակույթի նախարարություն, բայց անցյալ տարի որեւէ արձագանք չստացա: Այս տարի եւս դիմեցի, եւ նրանք գտան, որ դա հետաքրքիր տարբերակ է եւ խոստացան աջակցել: Այնուհետ արդեն դիմեցինք այն թատրոններին, որոնք իրենց խաղացանկում ունեն Աբելյանի խաղացած ներկայացումներից. թատրոնները սիրով արձագանքեցին, չեղավ ոչ մի թատրոն, որին դիմեինք եւ նրանք հրաժարվեին: Դիմեցինք նաեւ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի եւ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան թատրոններին, բոլորը սիրով հայտնեցին իրենց ցանկությունը մասնակցելու փառատոնին:

– Թատերական տասնօրյակը տեղի ունեցավ հոկտեմբերի 2-10-ը: Հե՞շտ էր, արդյոք, Վանաձորում նման մասշտաբի միջոցառում իրականացնելը:

– Փառատոնից առաջ ես մի քիչ մտավախություն ունեի, որ հանկարծ դահլիճը դատարկ չլինի, բայց ճիշտ հակառակը, թատերական տասնօրյակն անցավ լեփ-լեցուն դահլիճներով, օրըստօրե ավելանում էր հանդիսատեսի թիվը: Թեեւ բոլոր տոմսերը վաճառված էին, բայց մարդիկ խնդրում էին ներս մտնեն, աստիճանների վրա նստեն կամ կանգնեն… եթե մենք մի քանի օրով երկարաձգեինք փառատոնը, բոլոր տոմսերը անմիջապես կվաճառվեին:

– Աբելյանական փառատոնի յուրահատկությունների եւ աջակիցների մասին ի՞նչ կասեք:

– Փառատոնից հետո թատրոնը բրոշյուր հրատարակեց՝ հենց փառատոնի եւ Աբելյանի խաղացած դերերի վերաբերյալ, այդտեղ զետեղվեց նաեւ թատերական դեկադայի խաղացանկը, այն դերասանների նկարները, ովքեր խաղում էին ժամանակին Աբելյանի մարմնավորած կերպարներին: Յուրաքանչյուր օր՝ ներկայացումից հետո, մեր թատրոնի կողմից պատվիրված հուշամեդալ նվիրվեց այն դերասանին, ով խաղում էր Աբելյանի խաղացած կերպարներից որեւէ մեկը:

Ասեմ, որ փառատոնն անցավ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի աջակցությամբ: Իսկ Արվեստի եւ գրականության պետական թանգարանը, որտեղ պահպանվում են մի քանի զգեստներ Աբելյանից, մեզ տրամադրեց Աբելյանի թիկնոցը, որը նա կրում էր Օթելլոյի դերը խաղալու ժամանակ: Եվ ահա, իմ խնդրանքով այդ թիկնոցը տասն օրով տրամադրեցին մեզ եւ ամեն օր ներկայացումից հետո, բացի այդ հուշամեդալը, նաեւ այդ դերակատարի ուսերին մի քանի րոպեով գցում էինք Աբելյանի կրած թիկնոցը: Դա շատ հետաքրքիր էր, դերասաններն իրենց շատ լավ էին զգում, նաեւ պարտավորված էին զգում: Փառատոնի մասնակից բոլոր թատրոնները պարգեւատրվեցին Լոռու մարզպետի պատվոգրերով, շնորհակալագրով: Բոլորի ցանկության արդյունքն էր, որ փառատոնը շատ լավ անցավ: Վերջին տարիներին սա այն եզակի դեպքերից է, երբ ամբողջ քաղաքը կարծես շնչում էր դրանով, օդը շատ թատերականացված էր: Այո՛, փառատոնը դառնալու է ավանդական՝ երկու տարին մեկ, եւ արդեն պարտադիր չի հրավիրել այն ներկայացումները, որոնք կապ ունեն Աբելյանի խաղացանկի հետ. մենք կհրավիրենք այս կամ այն թատրոնի՝ այդ շրջանի լավագույն ներկայացումներից որեւէ մեկը: Այնքա՛ն հարստացած ենք, ավյունով լեցուն, նման հոբելյանները մեզ ուժ են տալիս ստեղծագործելու, դժվարություններին դիմակայելու:

– Նախկինում ինչպե՞ս են նշվել Աբելյանի հոբելյանները:

-Վերջին անգամ 125-ամյակն է տոնվել: Հիշում եմ՝ այդ օրը Վանաձորում մենք «Ամուսիններ» ներկայացումն էինք խաղում, Երեւանից մի քանի թատերագետներ եկան, այստեղ եղավ հանդիսավոր գիտանստաշրջան, բայց այդ ամենը մեկ օր տեւեց: «Ամուսիններ» ներկայացումն այդ օրը նվիրեցինք Աբելյանի 125-ամյակին. ինչո՞ւ «Ամուսիններ»-ը, որովհետեւ ժամանակին Աբելյանը այդ պիեսում խաղացել է: 125-ամյակի ժամանակ ես եւս եղել եմ կազմակերպիչների շարքում, բայց այս մեկի մասշտաբը բոլորովին այլ էր: Սա հետաքրքիր էր այնքանով, որ առաջին անգամ հանրապետությունում այս կամ այն արտիստի հոբելյանը տասնօրյակի ձեւով նշվեց:

Զրուցեց ԳՈՀԱՐ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
27.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ says:

    Ինքնացուցադրում:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031