Իզուր չէ, որ վարդը կոչվում է ծաղիկների թագուհի: Վարդը հիացմունքի առարկա էր հին փյունիկցիների, եգիպտացիների, հույների եւ հռոմեացիների համար: Նրանց համար վարդը սիրո, երջանկության եւ պաշտպանության խորհրդանիշ էր:
Վարդը ոչ միայն առանձնանում է իր բացառիկ գեղեցկությամբ, այլ նաեւ օգտակար է առողջության համար: Այն հարուստ է A, C, B3, D եւ E վիտամիններով, իսկ թերթիկները հարուստ են եթերային յուղերով, պարունակում են տանին, շաքար, ինչպես նաեւ բազմաթիվ այլ անուշաբույր բաղադրիչներ: Վարդի բույրը բարձրացնում է տրամադրությունը, իսկ դրա թերթիկներն ամրացնում են սիրտը եւ նյարդերը:
Վարդի թերթիկների թեյը մաքրում է արյունը եւ հանգստացնում: Վարդն օգնում է կոկորդի ցավի, ռեւմատիզմի, դեղնախտի, լյարդի մաքրման, գլխապտույտների, գլխացավերի ժամանակ: Վարդի ծաղկաբույլերը նվազեցնում են դաշտանային ցիկլի անհարմարությունները:
Սա, իհարկե, խորհուրդ չի տրվում հղի կանանց, ինչպես նաեւ երիկամների քարեր ու լեղապարկի խնդիրներ ունենալու դեպքում: Մասնավորապես, դյուրազգաց մարդկանց մոտ այն կարող է անցանկալի հետեւանքների պատճառ դառնալ՝ շնչառական խնդիրներ, այրոց եւ սրտխառնոց: Նման դեպքերում դուք պետք է դադարեցնեք օգտագործել այս թեյը:
Վարդը լայնորեն օգտագործվում է կոսմետիկ ապրանքների եւ օծանելիքների արտադրության մեջ: Վարդի յուղը գերազանց խնամքի միջոց է դեմքի եւ մարմնի համար, հատկապես՝ զգայուն եւ չոր մաշկի համար: Պարզվում է՝ այն նաեւ կանխում է մաշկի ծերացումը:
Վարդի ջուրը չափազանց արդյունավետ միջոց է դեմքի պզուկների դեմ եւ ունի հանգստացնող ու հակասեպտիկ հատկություն: Վարդի ջրով լոգանքն օգնում է ռեւմատիզմի ժամանակ, եւ ունի բացառիկ հանգստացնող ազդեցություն:
Այս մասին գրում է Natural Cures And Home Remedies.com-ը:
Պատրաստեց ՆՈՒՆԵ ՂԱԶԱՐՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
27.10..2015