Օրերս կայացավ «Բաց խաղ»՝ համակարգչային և բջջային խաղերի 5-րդ հոբելյանական առաջնությունը, որի ժամանակ «Ատոմ» թիմի «Վերսուս» խաղն արժանացավ «Հատուկ մրցանակի», իսկ քվեարկության արդյունքում ` հավաքեց առավել ձայներն ու ստացավ «Ժողովրդական մրցանակ» տիտղոսը:
«Վերսուս» խաղը գրավեց մեր ուշադրությունն ու որոշեցինք զրուցել տղաների հետ:
Գագիկ Պապոյանը, ով «Վերսուս» խաղի համահիմնադիրներից է, մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց համակարգչային խաղը իրականում շատ մեծ նախագծի մի հատված է։ Հիմնական խաղը ունի շատ հետաքրքիր պատմություն և պատմության հիման վրա գրված սցենար։ Քանի որ ցանկություն կար մասնակցելու «Բաց խաղ» առաջնությանը և ժամանակը չէր ների ստեղծել ամբողջությամբ հիմնական խաղը, իրենք վերցրեցին այդ խաղից մի դրվագ և ցույց տվեցին մրցույթի շրջանակում։ Տղաները շուտով կսկսվեն նաև հիմնական խաղի ստեղծագործական աշխատանքները:
Ամեն ինչ սկսվեց գաղափարից։ Խաղի իրադարձությունները Երեւանի փողոցներից մեկում է կատարվում, ընտրել են Երեւանի պետական դրամատիկական թատրոնի հարակից պուրակը: Խաղում են 2 թիմով՝ ա) եւ բ) թիմերը մրցում են միմյանց հետ: Առավելագույն միավորներ վաստակած թիմը հաղթում է:
Կարդացեք նաև
«Վերսուս»-ի հեղինակները ` Գագիկը, Սարգիսը, Ռոբերտը, Մուշեղն ու Գրիգորը 18-20 տարեկան են: Հավաքվեցին տղաներն ու ծնվեց գաղափարը: Լուսանկարվեց Գևորգ Քոչար փողոցը` նկարների հիման վրա կառուցվեցին իրականությանը շատ մոտ մոդելներ, որոնց նախագծումից հետո էլ` անցան ծրագրային աշխատանքներին: Սարգիս Տեր-Գրիգորյանը նշում է, որ ներկայացվածը նախագծի միայն մի մասն է.
«Որոշել ենք այնպիսի խաղ ստեղծել, որ երիտասարդությունը չձգտի ուրիշ երկրի խաղեր խաղալ, այլ խաղա միայն հայկական արտադրության խաղերը»:
Ապագայում` «Վերսուսում» կներառվեն Երևանի բուհական տարածքները և ուսանողների համար խաղն ավելի հետաքրքիր կդառնա: Տղաների խոսքով շատ շուտով խաղը օնլայն կդառնա:
«Ատոմ»-ը բաց է բոլորի առաջ և կսատարի բոլոր նրանց, ովքեր կցանկանան սովորել և ինտեգրվել թիմի կազմ:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ