Լրահոս
Օրվա լրահոսը

Սաքունց. «Շտապողականությունը առնվազն ոչ լուրջ վերաբերմունք է սահմանադրական փոփոխություններին» (Տեսանյութ) 

Հոկտեմբեր 27,2015 19:54

«Կողմ քվեարկած պատգամավորներից քանիսն է կարդացե՞լ այդ սահմանադրական փոփոխությունների տեքստը»

«Այո-ի կամ սահմանադրական փոփոխությունների օգտին քարոզչության մեջ ներգրավված են գործադիր իշխանության մեջ ներգրավված անձինք»,- հոկտեմբերի 27-ին «Գործունեություն հանուն բաց հասարակության» հասարակական կազմակերպության կազմակերպած հանրային քննարկման ընթացքում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Ըստ նրա, կարեւոր հանգամանք է Մարդու իրավունքների պաշտպանի՝ սահմանադրական դատարան դիմելու հարցերի շրջանակի նեղացումը. «Եթե մենք այս պահին չունենք սահմանադրական իրավունքների պաշտպանության այդ մեխանիզմը, որը պետք է ունենա Մարդու իրավունքների պաշտպանը, արդյոք նման հնարավորություն տալի՞ս է այս փոփոխությունը, ո՛չ: Ավելին՝ այդ փոփոխությամբ սահմանադրական դատարանում հարց բարձրացնելու Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները սահմանափակվում են: Սրա պատասխանը նույնպես չունենք, եւ ոչ միայն չունենք, այլեւ լուծումը չկա»:

Նշենք, որ Մարդու իրավունքի պաշտպան Կարեն Անդրեասյանը ՄԻՊ գրասենյակի կազմակերպած խորհրդաժողովի ընթացքում եւս անդրադարձել էր այս կետին՝ նշելով, որ իրավապաշտպաններից եւ ոչ ոք չէր անդրադարձել այս դրույթին:

Արթուր Սաքունցը արտառոց է համարում Ազգային ժողովում փոփոխությունների նախագծի հավանություն տալու որոշումը, որը 1 օրվա ընթացքում հաստատվել է եւ նշանակվել է հանրաքվեի օրը. «Սովորաբար, Ազգային ժողովի որոշումները Սահմանադրությամբ առնվազն 21 օր ժամանակ կա քննարկելու, նայելու, եթե հարցեր կան վերադարձնելու, ուղղելու: Այդ որոշման վրա դեռեւս թանաքը չչորացած՝ միանգամից նշանակվում է հանրաքվեի օրը: Այս շտապողականությունը առնվազն ոչ լուրջ վերաբերմունք է սահմանադրական փոփոխություններին, արդեն Ազգային ժողովում բարձրացվեց այդ հարցը, որ մարդիկ չեն էլ հասցրել ծանոթանալ նախագծի տեքստին: Ինձ շատ հետաքրքիր է կողմ քվեարկած պատգամավորներից քանիսն է կարդացե՞լ այդ սահմանադրական փոփոխությունների տեքստը»:

Իրավապաշտպանը համարում է, որ սահմանադրական կարեւոր մարմինը՝ Ազգային ժողովը, մինչ սահմանադրական փոփոխությունը ամրագրեց իր վերաբերմունքը՝ կայուն մեծամասնությունը՝ որպես նոտարական գրասենյակ, որը հաստատելու է ցանկացած փաստաթուղթը, որը ներկայացրել է օրենսդիր մարմնի ցանկացած ներկայացուցիչ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031