Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարը ընդունել է Վիետնամի արդարադատության նախարարին

Հոկտեմբեր 27,2015 19:10

Հոկտեմբերի 23-ին ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն ընդունել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության արդարադատության նախարար Հա Հունգ Կունգի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարը, ողջունելով հյուրերին, ներկայացրել է ՀՀ դատական համակարգի կառուցվածքը, առանձնահատկությունները և ՀՀ դատական դեպարտամենտի գործունեության շրջանակները:

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության արդարադատության նախարար Հա Հունգ Կունգը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է իր ղեկավարած գերատեսչության գործունեության ոլորտները: Հյուրը մասնավորապես հետաքրքրվել է ՀՀ դատական դեպարտամենտի դերով ու ֆունկցիաներով` որպես դատական համակարգի արդյունավետ գործունեությունն ապահովող գործադիր մարմին:

Հա Հունգ Կունգը նշել է, որ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության դատական համակարգում դեռևս չունեն նման գործադիր մարմին ու հույս հայտնել, որ Հայաստանի փորձը ուսանելի կլինի իրենց համար, և կառուցվող գործընկերական հարաբերությունների շնորհիվ հնարավոր կդառնա Վիետնամի դատական համակարգում ևս կազմավորել նման գործառույթներով օժտված կառույց:

ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարը, ողջունելով Վիետնամի արդարադատության նախարարի ակտիվ գործընկերական հարաբերություններ նախաձեռնելու առաջարկը, իր  պատրաստակամությունն է հայտնել հնարավոր բոլոր ձևաչափերում համագործակցել և աջակցել գործընկերներին:

Կարեն Փոլադյանը վստահեցրել է, որ ՀՀ դատական դեպարտամենտն անհրաժեշտ գիտագործնական նյութեր և տեղեկատվություն կտրամադրի ինչպես ՀՀ դատական դեպարտամենտի, այնպես էլ ընդհանրապես` Հայաստանի դատական համակարգի կառուցվածքի վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարը նաև պատասխանել է Վիետնամի արդարադատության նախարարին հետաքրքրող հարցերին, ներկայացրել ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումների` ինչպես նախորդ փուլերում իրականացված աշխատանքների արդյունքները, այնպես էլ ներկայումս իրականացվող դատաիրավական բարեփոխումների շարժը, ծրագրերը, մասնավորապես խոսել՝ դատական գործերի, արխիվի, փաստաթղթաշրջանառության թվայնացման, հաշտարար դատավորների ինստիտուտի մասին: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության արդարադատության նախարար Հա Հունգ Կունգը շնորհավորել է հայաստանյան կողմին` նման արդյունավետ կենտրոնացված համակարգ ունենալու, գրանցած հաջողությունների կապակցությամբ և հույս հայտնել, որ մոտ ապագայում իրենց երկրում ևս դատական համակարգը կհասնի նման կատարելագործման:

Հանդիպման ավարտին ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Հա Հունգ Կունգին` այցի համար և հույս հայտնել, որ  երկու երկրների դատական համակարգերի հետագա փոխգործակցության նախանշվող ուղիները հավասարապես օգտակար կլինեն երկու պետությունների համար:

Հանդիպումն անցել է փոխըմբռնման և կառուցողական մթնոլորտում:

ՀՀ դատական դեպարտամենտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031