Լրահոս
Օրվա լրահոսը

Վիրահայոց թեմի առաջնորդ. «Օրթոդոքս երկրներում իրենց հոգեւոր պետերի խոսքը ոտքի տակ չեն տա»

Հոկտեմբեր 27,2015 18:50

Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց  թեմի  առաջնորդ  գերաշնորհ  տեր  Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը օրերս առաջնորդարանում կայացած հանդիպման ժամանակ Aravot.am-ի հետ զրույցում անդրադարձավ, այսպես կոչված, վիճելի եկեղեցիների խնդրին:

Նա նշեց, որ  իրենք աշխատում են  Վրաստանի իշխանությունների հետ եւ արդեն 20 եկեղեցու ամբողջական փաթեթ`հայկական եկեղեցիների պատմությամբ, արխիվային նյութերով, քարտեզով, հին ու նոր լուսանկարներով,  ներկայացրել են ու սպասում են քննարկմանը եւ հարցի լուծում տալուն: «Իրենք էլ ունեն իրենց պատմաբաններից կազմված հանձնախումբ, որը վիճահարույց եկեղեցիների վերաբերյալ քննարկում ու եզրակացություն է ներկայացնում: Ցավոք, երբ վրաց ուղղափառ եկեղեցին հայկական որեւէ եկեղեցու համար ասում է վիճահարույց է, դա իրոք դառնում է լուրջ խնդիր: Չզարմանաք, բայց ասել  էին, թե սուրբ Գեւորգ եկեղեցին էլ է վրացական եղել, եւ երբ իրենց ուղարկեցի մեր դոկտորների կողմից պատրաստված փաթեթը, տասը օր անցավ, այդպես էլ ոչ մի պատասխան չկա»,-նշեց Վիրահայոց թեմի առաջնորդը:

Սրբազանը կարծում է, որ որոշ ազգայնականներ փողոցի մակարդակի խոսակցություններով ցանկանում են հայությանը ոչ բնիկ ներկայացնել Վրաստանում: Նրա կարծիքով, դա նաեւ սոցիալական խնդիրներից է բխում, եւ երբ մարդկանց կենսամակարդակը բարելավի, կմոռանան, թե ով ինչ ազգի ներկայացուցիչ է Վրաստանում; Նրա խոսքով, «Եկեղեցիները միշտ էլ բոլորի տունն են եղել»: Սրբազանը նաեւ հավելում է. «Մենք Վրաստանի իշխանությունների հետ աշխատում ենք եւ աշխատելու ենք հանգիստ՝ հաշվի առնելով մի փաստ: Այն է՝ օրթոդոքս երկրներում որքան էլ կա  պետական, քաղաքական իշխանություն, այդ երկրները նախ եւ առաջ  կրոնական երկրներ են, լինի Ռուսաստան, Վրաստան, Ռումինիա, Հունաստան… Սրանք այն երկրներն են, որ իրենց հոգեւոր պետերի խոսքը ոտքի տակ չեն տա եւ այստեղ է, որ դժվարանում է հարցը»:

Իմիջիայլոց, անցյալ տարի պատրիարքարանում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Վրաց պատրիարք Իլյա 2-րդը հայտարարել էր , թե Հայաստանն ու Վրաստանը քրիստոնեական օազիսներ են մահմեդական աշխարհում, դրա համար էլ պետք է հատուկ ուշադրություն տածեն միմյանց նկատմամբ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031