Ս.Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-26-Ը ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՇՎԵԴԻԱՅՈՒՄ ԷՐ ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Հրանուշ Հակոբյանը մասնակցել է Շվեդիայի Սյոդերթելյե քաղաքի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու օծման արարողությանը
Հոկտեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցել է Շվեդիայի Սյոդերթելյե քաղաքի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու օծման արարողությանը: Սուրբ Մարիամ Աստվածածինը առաջին հայկական եկեղեցին է ոչ միայն ավելի քան 12 հազար հայություն ունեցող Շվեդիայում, այլև ամբողջ Սկանդինավիայում։
Եկեղեցու օծման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Շվեդիայի ռիկսդագի (խորհրդարանի) փոխխոսնակ Իզաբել Դինգիզյանը, Շվեդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանը, Շվեդիայի խորհրդարանի անդամներ, քաղաքապետեր, հոգևոր հայրեր, հավատարմագրված դիվանագետներ, այլ պաշտոնյաներ, երկրի տարբեր քաղաքներից ժամանած հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ։
Կարդացեք նաև
Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը հանդիսապետեց Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու օծման արարողությունը:
Օծման հանդիսավոր արարողությունից հետո եկեղեցու սրահում տեղի ունեցավ նախարար Հրանուշ Հակոբյանի հանդիպումը տեղի հայ համայնքի հետ:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հանդիպումները Շվեդիայում
Հոկտեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Շվեդիայի խորհրդարանի (Ռիկսդագ) փոխխոսնակ Իսաբել Դինգիզյանի հետ։ Նախարարն իր երախտագիտությունը հայտնեց Դինգիզյանին Շվեդիայում հայ համայնքը լավագույնս ներկայացնելու և երիտասարդ հայորդիների համար սփյուռքահայ քաղաքական գործչի փայլուն օրինակ հանդիսանալու համար։ Հայաստան-Սփյուռք գործակցությանը նշանակալի ծառայություններ մատուցելու և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում զգալի ավանդի համար Նախարար Հրանուշ Հակոբյանը փոխխոսնակ Դինգիզյանին պարգևատրեց ՀՀ Սփյուռքի նախարարության ոսկե հուշամեդալով։
Տեղի ունեցավ նաև ՀՀ սփյուռքի նախարարի հանդիպումը Սյոդերթելյեի քաղաքապետ Բոել Գոդների հետ: Նախարարը գոհունակություն հայտնեց հայ համայնքի նկատմամբ քաղաքային իշխանությունների ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար, ինչպես նաև ապրիլին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Սյոդերթելյեի քաղաքապետարանում բացված ցուցահանդեսի կազմակերպման համար: Իր հերթին քաղաքապետ Գոդները բարձր գնահատեց հայության մասնակցությունը Սյոդերթելյեի հասարակական կյանքին: Մտքեր փոխանակվեցին Սյոդերթելյեի հայությանը հուզող հարցերի շուրջ:
Երեկոյան Ստոկհոլմում նախարար Հակոբյանը հանդիպեց Ստոկհոլմի հայ համայնքի հետ։ Նա ներկայացրեց Հայաստան-Սփյուռք գործակցության արդի մարտահրավերները, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիմնական միջոցառումները և ընթացիկ արդյունքները, պատասխանեց համայնքին հուզող հարցերին:
Հանդիպմանը ներկա էին Շվեդիայում ապաստանած բազմաթիվ սիրիահայեր, ովքեր նախարարին ներկայացրին իրենց խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները։ Հանդիպման ավարտին նախարար Հակոբյանը Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, Շվեդիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրած ավանդի, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների պատշաճ կազմակերպման համար մեդալներով և շնորհակալագրերով պարգևատրեց շվեդահայ համայնքի մի շարք գործիչների ։
ՀՀ Սփյուռքի նախարարի հանդիպումները տարբեր քաղաքների հայ համայնքների հետ
Հաջորդ օրը, հոկտեմբերի 25-ին ՀՀ Սփյուռքի նախարարը շարունակեց իր այցելությունները և հանդիպումները Շվեդիայի տարբեր քաղաքներում կենտրոնացած հայ համայնքների հետ։
Նախարար Հրանուշ Հակոբյանը այցելեց Շվեդիայի Օրեբրո հայաշատ քաղաք։ Օրեբրոյում տիկին Հակոբյանը ծաղկեպսակ դրեց Վալլոկրապարկեն զբոսայգում 2015թ. մայիսին բացված Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշակոթողին։
Տեղի ունեցավ նախարարի հանդիպումը Օրեբրոյի քաղաքային խորհրդի նախագահ Ագնետա Բլոմի հետ, քննարկեցին տեղի հայ համայնքի կարիքների և քաղաքային իշխանությունների աջակցության վերաբերյալ հարցեր։
Այնուհետև տիկին Հակոբյանը հանդիպում ունեցավ տեղի հայ համայնքի հետ։ Քննարկեցին համայնքին հուզող հարցեր, մտքեր փոխանակվեցին Հայաստան-Սփյուռք գործակցության հեռանկարների վերաբերյալ։ Կիրակնօրյա դպրոցի սաները ելույթ ունեցան հայկական երգերի ու պարերի կատարմամբ։ Հանդիպման ժամանակ Սփյուռքի նախարարը Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Ռիկսդագի նախկին պատգամավոր, Օրեբրոյի քաղաքային խորհրդի անդամ Մուրադ Արթինին պարգևատրեց ՀՀ Սփյուռքի նախարարության ոսկե հուշամեդալով։
Ստոկհոլմում նախարարն այցելեց Շվեդիայում հայկական միությունների համադրող կենտրոնի «Հայ տուն» ակումբ, որտեղ հանդիպում ունեցավ Հ.Մ.Ը.Մ. երիտասարդ սկաուտների հետ։ Վերջիններս նախարարին ներկայացրին իրենց գործունեությունը Շվեդիայի հայ երիտասարդության շրջանում սպորտային, մշակութային և հայրենասիրական դաստիարակության և ազգային արժեքների պահպանման ուղղությամբ։
Նույն օրը երեկոյան Շվեդիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ շվեդահայ համայնքային տարբեր կազմակերպությունների ղեկավարների հանդիպումը ՀՀ սփյուռքի նախարարի հետ, քննարկվեցին շվեդահայ համայնքի հիմնախնդիրները, նախարարության և դեսպանության կողմից հնարավոր օգնության ձևաչափերը։ Մտքեր փոխանակվեցին Սիրիայի ճգնաժամի արդյունքում Հայաստանում և Շվեդիայի թագավորությունում ապաստանած հազարավոր սիրիահայերին աջակցելու մասին։
ՀՀ Սփյուռքի նախարարը մի շարք պաշտոնական հանդիպումներ ունեցավ Շվեդիայի թագավորության պետական և քաղաքական կառույցներում
Այցի վերջին օրվա ընթացքում՝ հոկտեմբերի 26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մի շարք պաշտոնական հանդիպումներ ունեցավ Շվեդիայի պետական և քաղաքական կառույցներում։
Տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարի հանդիպումը Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմի հետ։ Ողջունելով նախարար Հրանուշ Հակոբյանին՝ նա իր գոհունակությունը հայտնեց, որ վերջին շրջանում հայ-շվեդական համագործակցությունը նկատելի զարգացում է արձանագրել՝ նշանավորվելով ամենաբարձր մակարդակով ակտիվ երկխոսությամբ, դեսպանությունների բացմամբ, բազմաբնույթ համագործակցության սերտացմամբ:
Նախարարը հայտնեց հայկական կողմի շահագրգռվածությունը Շվեդիայի հետ համընդգրկուն համագործակցության զարգացման վերաբերյալ, ինչը պայմանավորված է ոչ միայն քաղաքական կամ տնտեսական շահերով, այլև առաջին հերթին արժեքային ընդհանրություններով։ Տիկին Հակոբյանը կարևորեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում բարեկամ երկրների և, մասնավորապես, Շվեդիայի գործուն աջակցությունը և կառուցողական դերակատարումը՝ ընդգծելով, որ հայկական կողմը շնորհակալ է Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությանը համապատասխան քաղաքական գնահատական տալու համար։
Կողմերն անդրադարձան սիրիական ճգնաժամի հետևանքով փախստականների վերածված սիրիացիների ներկա վիճակին, մտքեր փոխանակեցին երկու երկրներում փախստականների զգալի հոսքերի կապակցությամբ ձեռնարկվող գործողությունների, ինչպես նաև այդ ոլորտում համագործակցության հնարավորության մասին։
ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպեց նաև Շվեդիայի միգրացիայի հարցերով պետքարտուղար Լարս Վեստբրատի հետ։ Քննարկվեցին Շվեդիայում ապաստանած սիրիահայերի հիմնախնդիրները, դրանց լուծման նպատակով համագործակցության հեռանկարները։ Նախարար Հակոբյանը ներկայացրեց Հայաստանում Սիրիայից ժամանած փախստականների համար իրականացվող ծրագրերը, մտքեր փոխանակվեցին փախստականների ընդունման ոլորտում երկու երկրներում առկա հարուստ փորձի փոխանակման հեռանկարների վերաբերյալ։
Շարունակելով պաշտոնական հանդիպումները՝ նախարար Հակոբյանը հանդիպեց Շվեդիայի Կրոնական համայնքներին աջակցության կառավարական հանձնաժողովի գլխավոր քարտուղար Օկե Յորանսոնի հետ։ Վերջինս մանրամասն ներկայացրեց կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև հայ եկեղեցական համայնքի հետ մինչ օրս ունեցած գործակցության ծրագրերը։ Երախտագիտություն հայտնելով Սյոդերթելյեի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու ձեռք բերման հարցում ցուցաբերված զգալի ֆինանսական աջակցության համար՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ Շվեդիայի բոլոր հայաշատ քաղաքներում հիմնվել և գործում են եկեղեցական խորհուրդներ, որոնք մեծ աշխատանք են տանում համայնքի անդամների հոգևոր և մշակութային կյանքի կազմակերպման համար, ինչը դժվար կլիներ առանց Շվեդիայի կրոնական համայնքները աջակցության կառավարական հանձնաժողովի ակտիվ աջակցության և հովանավորության։ Նախարարը հույս հայտնեց, որ այդ աջակցությունը կկրի շարունակական բնույթ։
Այնուհետև նախարար Հակոբյանը հանդիպեց Շվեդիայի քրիստոնեական խորհրդի նախագահ, պատվելի դոկտոր Կարին Վիբորնի հետ, ով զգալի աջակցություն է ցուցաբերել հայ համայնքին տարվա ընթացքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի շարք հոգևոր-մշակութային միջոցառումների կազմակերպման հարցում։ Ողջունելով նախարարին՝ Դոկտոր Վիբորնը ընդգծեց, որ Շվեդիայի հայ եկեղեցական համայնքն ունի իր ուրույն տեղն ու դերը երկրի կրոնական կյանքում: Նա նշեց, որ Հայ եկեղեցական համայնքին հաջողվում է եկեղեցասիրության ոգով կազմակերպել և դաստիարակել իր հավատացյալ զավակների կյանքը։
Նախարար իր գոհունակությունը հայտնեց շվեդահայ համայնքի եկեղեցական կազմակերպությունների և Շվեդիայի քրիստոնեական խորհրդի միջև ձևավորված սերտ գործակցության կապակցությամբ՝ կարևորելով Խորհրդի շարունակական օգնությունը համայնքի հոգևոր և ծիսական կյանքի հավուր պատշաճի կազմակերպման գործին։ Նախարարը նաև հայկական կողմի երախտագիտությունը հայտնեց այս տարվա ապրիլի 24-ին Ստոկհոլմի Ստուրշիրկա մայր տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման էկումենիկ արարողության կայացմանը ցուցաբերված մեծ աջակցության համար։
Երեկոյան Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մեկնեց Ուպսալա քաղաք, որտեղ մոտ կես դար առաջ ձևավորվել է շվեդահայ համայնքը։ Ուպսալայի քաղաքային թատրոնի մայր սրահում նախարարը հանդիպում ունեցավ համայնքի հետ, որի ընթացքում քննարկվեցին Հայաստան-Սփյուռք փոխգործակցության զարգացման հեռանկարները, համայնքին հուզող այլ հարցեր։
ՀՀ սփյուռքի նախարարություն