Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. Այս դահլիճում չի եղել գեթ մի խմբակցություն, որն ամբողջությամբ դեմ քվեարկեր փոփոխություններին

Հոկտեմբեր 27,2015 17:57

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

 

Քաղաքական օրակարգի առանցքային խնդիրներից է շարունակում մնալ համակարգային փոփոխությունների իրականացումը: Տեւական ժամանակ թե՛ ընդդիմությունը, թե՛ հանրային հատվածի գերակշռող մասն անհրաժեշտություն են համարել նմանատիպ փոփոխությունների իրականացումը, որոնք կնպաստեն մեր երկրում ժողովրդավարական ազատություններին, քաղաքական բազմակարծությանը, դատարանների անկախությանը նոր որակ հաղորդելուն:

Բոլոր այդ գործոնները հաշվի առնելով՝ իշխանությունները նախաձեռնել են անցկացնել սահմանադրական բարեփոխումներ: Դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ժամանակ սահմանադրական փոփոխությունների՝ հավանության արժանանալու դեպքում մենք կունենանք իշխանության տարբեր թեւերի միջեւ հավասարակշռման ավելի կատարյալ համակարգ, կուժեղացվի ընդդիմության ինստիտուցիոնալ դերակատարումը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը կդրվի առավել ամուր իրավական հիմքերի վրա:

Բնական է, ինչպես ցանկացած փաստաթուղթ, այս փաստաթուղթը եւս կարող է ունենալ իր ընդդիմախոսները: Նրանց մեծ մասը պնդում է մի բան, որը գոյություն չունի՝ նշելով, թե իբր այսկերպ ճանապարհ է հարթվում միակուսակցական համակարգի անցման համար:

Հիշեցման կարգով նշեմ, որ այս դահլիճում չի եղել գեթ մի խմբակցություն, որն ամբողջությամբ դեմ քվեարկեր փոփոխություններին:

Ավելին՝ 3 խմբակցություն պաշտոնապես կողմ հանդես եկավ բարեփոխումներին, ընդդիմադիր խմբակցություններից մեկի 3 ներկայացուցիչ կողմ քվեարկեց, նույնկերպ վարվեց մեկ այլ ընդդիմադիր խմբակցությունից եւս մեկ պատգամավոր:

Նոր փոփոխություններն անհնարին են դարձնում մեկ քաղաքական ուժի կողմից կարեւորագույն օրենքների ընդունումը, ինչպես նաեւ Գլխավոր դատախազի, Վերահսկիչ պալատի նախագահի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, եւ մի շարք այլ առանցքային պաշտոնյաների ընտրությունը, քանի որ նրանց ընտրվելու համար անհրաժեշտ է ձայների առնվազն 3/5-րդը: Այլ կերպ ասած, այդ գործընթացն առանց քաղաքական կոնսենսուսի պարզապես կդառնա անհնար:

Այսքանից հետո պնդել, թե իբր սա անցում է միակուսակցական համակարգի, գրեթե նույնն է, ինչ ասել, թե հայոց այբուբենի առաջին տառը «այբ»-ը չէ:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031