ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նոր գրառում է կատարել «Twitter»-ի իր էջում, որում նշված է, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում այսօր տեղի ունեցած դիտարկման ընթացքում կրակոցներ են հնչել, ինչի արդյունքում նրանք ստիպված են եղել պատսպարվել. «Սա անընդունելի է»:
Հիշեցնենք, որ այսօր ԼՂՀ ԱԳՆ հաղորդագրություն էր տարածել, որում նշված էր, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում է անցկացրել Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:
Դիտարկման ավարտի պահին գրանցվել է գնդակոծություն ավտոմատ հրազենից ադրբեջանական կողմից:
1news.az-ի փոխանցմամբ՝ միջադեպի առնչությամբ տարածած հայտարարությունում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայկական կողմին մեղադրել է նախօրոք ձեռքբերված պայմանավորվածությունը խախտելու եւ Ադրբեջանի զինված ուժերի ուղղությամբ կրակելու մեջ: «Կրակը դադարեցվել է համանախագահների միջամտությունից հետո»:
Կարդացեք նաև
Այս հայտարարությանը քիչ առաջ արձագանքեց ԼՂՀ պաշտպանության նախարարությունը. «ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից իրականացված դիտարկման ողջ ընթացքում ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հավատարիմ են մնացել ձեռք բերված պայմանավորվածություններին և խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը: Ընդհակառակը՝ դիտարկման ավարտին ադրբեջանական կողմը, իրեն բնորոշ գործելաոճով, ավտոմատ հրազենից կրակահերթեր է արձակել»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ