ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հոկտեմբերի 27-ի ելույթը հայտարարությունների ժամին
Դուրս գանք փողոց, դասադուլ, գործադուլ, անհնազանդություն ցույց տանք, ընդվզման ալիք բարձրացնենք, չհնազանդվենք, փողոցներում լինենք ապացուցելու համար, որ մենք արժանապատիվ ազգ ենք: Այս կոչերը շատ վտանգավոր են և անընդունելի, իսկ ազգային անվտանգության տեսակետից՝ մտահոգիչ, քանի որ այն ուղիղ հարվածում է մեր ազգային արժանապատվությանը:Եթե այսօր մարդիկ ուզում են քաղաքակիրթ ճանապարհով իրենց երկրի ապագան բարելավեն՝ առանց փողոց դուրս գալու, ուրեմն նշանակում է ազգային արժանապատվությունից զուրկ են: Ժողովրդին անտեղի պիտակավորելը, և այդ պիտակների հասցեները իշխանությանը ուղղելը, ժողովրդին զանգված անվանելը, հետո հռետորաբար ասել, որ մենք զանգված չենք և չակերտավոր հերոսանալը…
Սրանք բոլորը էժանագին հնարքներ են, քաղաքական տեխնոլոգիաներ, որոնք ժողովրդին չեն կարող մոլորեցնել:Ժողովուրդը իմաստուն է և քաղաքականապես հասուն, այժմ եկել է ժամանակը, որ մենք ժողովրդին տանք հնարավորություն, որ իր ակտիվ ներգործությունն ու մասնակցությունն ունենա երկրի կառավարմանը, ոչ թե անհայտ ծագումով կամ իրենց իսկ օրինակով վստահություն չներշնչող անհատների կողքին կանգնելով, այլ ինքնակազմակերպվելով, հավաքելով գաղափարակիցների 50.000 ստորագրություն՝ կոնկրետ և գործուն առաջարկներով օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնել Ազգային ժողով:
Անհնազանդության կոչերը արհեստական միջավայր է ստեղծում պղտոր ջրում, որտեղ ձուկ որսացողներն ունեն իրենց շահը, որը շատ նեղ է, և անգամ իրենց քաղաքական ուժերը չեն տեղավորվում այդ նեղ շրջանակներում:Եվ այդ շահը հաստատ ոչ ժողովրդի, ոչ պետության և ոչ էլ մեծ հաշվով իրենց շահն է, այլ իրենց չստացված քաղաքական ուժի, իրենց իսկ կողմից անհաջողության մատնված քաղաքական կարիերայի վերականգնման նպատակ է հետապնդում:Եվ դա է պատճառը, որ մեր ընդդիմադիր որոշ գործիչների բոլորովին չի հետաքրքրում այն հանգամանքը, որ սահմանադրությունը փոփոխվում է ոչ թե իշխանության, այլ պետության եւ հասարակության հետագա զարգացման համար։ Ստացվում է, որ ընդդիմության որոշ ներկայացուցիչների մարտավարությունը հիմնված է «որքան երկրի համար վատ՝ այնքան իրենց համար լավ» տրամաբանության վրա։ Եթե դեմ են գործող իշխանություններին, ուրեմն պետք է մերժե՞ն նրանց առաջարկած սահմանադրական փոփոխությունները՝ ուշադրություն չդարձնելով անգամ բովանդակային կողմի վրա, որտեղ միգուցե իրենց՝ ընդդիմության լուսավոր ապագայի հիմքերն են դրված այն պարզ գիտակցությամբ, որ ուժեղ պետություն ունենալու համար անհրաժեշտ է ուժեղ իշխանություն, որն էլ ունենալու համար պետք է ունենալ ուժեղ ընդդիմություն:
Կարդացեք նաև
Մենք բոլորս ենք ուզում գնալ դրական փոփոխությունների ճանապարհով, որտեղ կապահովվի պայքարը ոչ թե անձերի, այլ գաղափարների ու թիմերի միջև, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի էլ ավելի ակտիվ ներգրավված կլինի երկրի կառավարմանը, որտեղ լայն հնարավորություններ կընձեռվի ընդդիմության համար միավորվելու և իրենց նպատակներն ու ծրագրերն իրականացնելու:
Իհարկե որոշ ուժերի կողմից ցանկությունը մեծ է նախապես վատ որակավորումներ տալու և կասկածի տակ դնելու այս ողջ գործընթացի արդարությունն ու թափանցիկությունը, բայց մեր նպատակն արդար է, և դա է վկայում ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի կողմից ԵԺԿ համագումարի ժամանակ ԵՄ, ԵԽԽՎ, ԵԱՀԿ և այլ միջազգային կառույցների ներկայացուցիչներին որպես դիտորդներ հրավիրելը, որոնց աչքի առաջ կիրականացվի հանրաքվեի գործընթացը:
Մեր «այո»-ն արդարացված է և բխում է հենց ժողովրդի շահից, և ոչ մի մոլորություն չի կարող խոչընդոտել մեր արդար նպատակին: