ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը խորհրդարանում
Սահմանադրական փոփոխությունների գործընթացը թեւակոխել է նոր փուլ: Նախնական հանրային քննարկումները ցույց են տալիս իշխանություններին, որ խորհրդարանական սահմանադրական համակարգին անցնելու քողի տակ սեփական միահեծան իշխանությունը պահպանելու Սերժ Սարգսյանի փորձը մերժվում է մեր հասրակաության կողմից: Դրա վկայությունն են հարյուրավոր հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական նախաձեռնությունների, փաստաբանների կոլեգիայի 50 անդամների, Երեւանի պետհամալսարանի գիտխորհրդներիս մեկի աննախադեպ հայտարարությունները:
Մեր՝ «Ոչ»-ի քարոզարշավի առաջին հանդիպումները Մասիսի գյուղերի բնակչության հետ հաստատտում են այն իրողությունը, որ ժողովուրդը խորապես ըմբռնել է մեր պետականությանը վնասող սահմանադրական այս արկածախնդրության իրական դրդապատճառները եւ, որեւէ վստահություն չտածելով իշխող ռեժիմի նկատմամբ, պատրաստ է միահամուռ «Ոչ» ասելու նրա վերարտադրման նկրտումներին:
Այս է պատճառը, որ իշխանությունները, տեսնելով ժողովրդի համատարած անվստահությունը հանրաքվեի դրած իրենց ծրագրերի նկատմամբ, հասկացել են, որ ընտրակեղծարարության արդեն սովորական դարձած միջոցներով հնարավոր չի լինի ապահովել ձայների անհրաժեշտ քանակը:
Կարդացեք նաև
Հետեւաբար վարչախումբը սկսել է կատարել քայլեր, որոնք ուղղված են ընտրակեղծիքների ծավալի կտրուկ բարձրացմանը: Մասնավորապես, ըստ էության ազդարարելով ադմինիստրատիվ ռեսուրսի աննախադեպ օգտագորման իր պատրաստակամությունը, վարչախումբը «ԱՅՈ»-ի քարոզարշավի շտաբի պետ է նշանակել վարչապետ Հովիկ Աբրահամյանին, իսկ տեղակալներ՝ այնպիսի պաշտոնյաների, ինչպիսիք են, օրինակ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ու նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ովքեր իրենց գործը անելու են առանց արձակուրդ գնալու, այսինքն համատեղելով աշխատանքը գործադիր իշխանության մեջ՝ քարոզարշավի հետ:
Նույն նպատակին է ծառայում Ազգային Ժողով հապճեպ բերած նույնականացման քարտերով քվեարկության օրինականացման օրինագիծը, որը էապես կավելացնի բազմակի քվեարկողների բրիգադների աշխատանքի արդյունավետությունը:
Մի կողմից սա լավ նշան է, քանի որ ցույց է տալիս, թե ինչքան անհանգստացած է վարչախումբը մեր ժողովրդի համատարած տրամադրություններից: Մյուս կողմից, սա ժողովրդին նետված մի նոր մարտահրավեր է, որին պետք է տալ համարժեք պատասխան:
Կոչ ենք անում մեր ժողովրդին ակտիվ մասնակցություն ցուցաբերել Ազատության հրապարակում հոկտեմբերի 30-ին կայանալիք հանրահավաքին, որում կներկայացվի վարչախմբի այս ջանքերի դեմն առնելու «Ոչ»-ի արշավի ծրագիրը: