ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ – Չորեքշաբթի, հոկտեմբերի 14-ին, Ամերիկայի հայկական համագումարը (Համագումարը) և Հայաստան ծառատունկ ծրագիրը (ATP) ծառատունկ էին կազմակերպել՝ հարգանքի տուրք մատուցելու Հայաստանում ԱՄՆ առաջին դեսպան Հարրի Գիլմորին (1993-1995թթ.): Դեսպան Գիլմորը կյանքից հեռացավ 2015թ. ապրիլի 23-ին՝ 77 տարեկան հասակում: Մոտ երկու հարյուր հյուրեր էին մասնակցում Երևանից արևմուտք գտնվող Փարաքար գյուղի Հիշատակի պուրակում անցկացվող արարողությանը:
Հայաստանում իր ծառայության ընթացքում դեսպան Գիլմորն աջակցության և սոցիալական խոշոր ծրագրեր էր նախաձեռնել ու ղեկավարել հայ ժողովրդին օժանդակելու նպատակով, այդ թվում անխոնջ ջանքերը՝ դիմակայելու Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման հետևանքով առաջացած էներգետիկ և պարենային ճգնաժամերին: Նա աշխատել է Հայաստանի նոր կազմավորված կառավարության հետ՝ օգնելու վերակառուցել երկիրը 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո և ամրապնդելու Հայաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները: Դեսպան Գիլմորն առաջինը ստացավ Ամերիկայի հայկական համագումարի Հենրի Մորգենթաուի անվան պանծալի պետական ծառայության մրցանակը 1996 թ. հունիսի 1-ին՝ Բոստոնում վերջինիս պատվին կազմակերպված Ամերիկայի հայկական համագումարի Ազգային մեծարման երեկույթին:
Ծառատունկի արարողության բացումը կատարեց Համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը՝ ներկայացնելով դեսպան Գիլմորի պաշտոնավարումը Հայաստանում և Ամերիկայի հայկական համագումարի և Հայաստան ծառատունկ ծրագրի հետ վերջինիս զարգացրած սերտ հարաբերությունները:
«Այսօր, Ամերիկայի հայկական համագումարը և Հայաստան ծառատունկ ծրագիրը պատիվ ունեն ծառեր տնկելու ի հիշատակ դեսպան Գիլմորի»,- ասաց Համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: «Նա սերտորեն համագործակցում էր Համագումարի և Ծառատունկ ծրագրի հետ՝ համոզված լինելով, որ մեր կատարած աշխատանքը ի բարօրություն հայ ժողովրդի էր և հայ-ամերիկյան ամուր հարաբերությունների ստեղծման: Հուսով ենք, որ ինչպես այս ծառեր կաճեն և կծաղկեն, այնպես էլ նրա հիշատակը կծաղկի»,- ասաց Վարդանյանը:
Կարդացեք նաև
Արարողությունը շարունակեց Համագումարի խորհրդի նախագահ և Հայաստան ծառատունկ ծրագրի հիմնադիր Քերոլին Մուգարը: Մուգարը խոսեց դեսպան Գիլմորի հետ հրաշալի համագործակցության մասին: «Յուրաքանչյուր հանդիպման ես համոզվում էի, որ նա ամենահարմար թեկնածուն էր Հայաստանի Հանրապետությունում առաջին ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար»,- ասաց նա: «Գիտեմ, որ դուք բոլորդ ձեր սրտերում հատուկ տեղ կհատկացնեք՝ փայփայելով դեսպան Գիլմորի հիշատակը և նրա նվիրաբերումը Հայաստանին», – ասաց Մուգարը:
Երևանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Վուդվարդ Քլարկ Փրայսը ևս խոսեց արարողության ժամանակ՝ նշելով, որ Հայաստանի հետ ներկայիս երկկողմ կապերն ամուր են մասամբ շնորհիվ դեսպան Գիլմորի, ով այս համագործակցության հիմքը դրեց: Փրայսը հավելեց, որ «այս ծառերը կաճեն, կունենան խորը արմատներ, և կմարմնավորեն երկու երկրների միջև ջերմ կապերը»: Հաջորդիվ դեսպան Գիլմորի մասին խոսեց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը՝ ներկայացնելով Հայաստանի կառավարությունը:
Նախքան ծառեր տնկելը, Փարաքար գյուղի երիտասարդները Կոմիտաս կատարեցին: Գյուղի երեխաները ևս ծաղիկներ դրեցին հուշատախտակի մոտ և միջոցառման ընթացքում ցուցադրեցին իրենց աշխատանքները:
Համագումարի խորհրդի համանախագահ և Հայաստան ծառատունկ ծրագրի գործադիր խորհրդի անդամ Էնթոնի Բարսամյանը միացավ ելույթ ունեցողներին՝ Վարդանյանին, Մուգարին, Փրայսին և Հովակիմյանին՝ տնկելու խորհրդանշական ծառերը:
«Ծառ առ ծառ, շրջան առ շրջան, նրանք կանաչապատում են Հայաստանը. մինչ օրս մոտ 5 մլն ծառ է տնկվել է Հայաստան ծառատունկ ծրագրի կողմից», – ասաց Վարդանյանը:
Միջոցառմանը ներկա էին նաև Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Համագումարի խորհրդի անդամ Րաֆֆի Քասարջյանը, Հայաստան ծառատունկ ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լուսինե Քասարջյանը և ՀՀ կառավարության այլ ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև շատերը, ովքեր ճանաչել և աշխատել էին դեսպան Գիլմորի հետ:
Ամերիկայի հայկական համագումար