Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյան. «Կոչ ենք անում իշխանություններին ձեռնարկել արմատական բարեփոխումներ»

Հոկտեմբեր 27,2015 17:10

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հայտարարությունը խորհրդարանում

Մի քանի ամիս է, ինչ ղարաբաղա-ադրբեջանական և հայ-ադրբեջանական սահմաններին լարված իրավիճակ է: Ադրբեջանը դիպուկահարների կրակոցները և դիվերսիոն սադրանքներն արդեն սկսել է զուգակցել ծանր սպառազինության օգտագործման հետ` գնդակոծելով և հրթիռակոծելով ոչ միայն հայ սահմանապահների դիրքերը, այլև թիրախ դարձնելով սահմանամերձ գյուղերը և խաղաղ բնակչությանը: Ադրբեջանական սադրանքների արդյունքում, ցավոք, հնարավոր չի եղել խուսափել զոհերից: Այդուհանդերձ հայոց բանակի խիզախ և վճռական գործողությունների շնորհիվ հակառակորդի ակտիվությունն առայժմ կասեցվում է, ադրբեջանական զինուժին պատճառվում են մարդկային և տեխնիկական մեծ կորուստներ: Որպես արդյունք՝ ռազմական հավասարակշռությունը սահմանին պահպանվում է, և թույլ չի տրվում լարվածության հետագա աճ:

Ադրբեջանի նման սանձարձակ գործողություններն ունեն մի շարք պատճառներ:

Դրանցից մեկն Ադրբեջանի հարաբերությունների վատթարացումն է Արևմուտքի հետ, ինչն Ադրբեջանի դիվանագիտության տապալման արդյունք է:

Ադրբեջանի տնտեսության անկման հետևանքով, կտրուկ մեծացել են հակաԱլիևյան տրամադրությունները:  Ադրբեջանցիների ուշադրությունը ներքաղաքական խնդիրներից շեղելու և սեփական վարկանիշը պահպանելու նպատակով Ալիևը և նրա քաղաքական խմբավորումը դիմում են նման սադրանքների:

Սահմանային լարվածության աճի պակաս կարևոր պատճառ չէ նաև Հայաստանի ներքին բարդ իրավիճակը: Սոցիալ-տնտեսական ծանր իրողությունը, ահագնացող արտագաղթը, գործազրկությունը, կոռուպցիան, մենաշնորհները և Հայաստանի հասարակությունն ու պետությունը ջլատող մյուս գործոնները մեծ հարված են հասցնում Հայաստանի ազգային անվտանգությանը, թուլացնում մեր հայրենիքի դիմադրողականությունը:

Պետության մարտունակությունն ու անվտանգությունը պայմանավորված է ոչ միայն կայացած և հզոր բանակով. այլև հասարակության բարեկեցությամբ, սոցիալական արդարությամբ, հասարակության ներքին համերաշխությամբ և բազմաթիվ այլ գործոններով:

Կոչ ենք անում իշխանություններին ձեռնարկել արմատական բարեփոխումներ, մեղմել մեր կողմից թվարկված արատավոր երևույթները, ինչը կբարելավի բարոյահոգեբանական մթնոլորտը և միանշանակ կբերի արտագաղթի տեմպերի նվազմանը: Արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է. չի կարող արտաքին ճակատում ամեն ինչ լավ լինել, եթե չեն լուծվել երկրի ներքին խնդիրները:

Բարեփոխված, ուժեղ, բարեկեցիկ Հայաստանի նկատմամբ ագրեսիա գործադրելուց առաջ Ադրբեջանն արդեն հազար անգամ կմտածի և կձգտի հասնել կոմպրոմիսների, այլ ոչ ղարաբաղյան հարցի ուժային լուծման:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031