«Ափսոսում եմ. Վազգենը գոնե պիտի ամուսնանար, երեխաներ ունենար, ափսոսում եմ, որ շատ նպատակներ ուներ, որ պիտի կատարվեին, բայց այսպես թողեց»,-այսօր Եռաբլուրում սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրմին այսպես արտահայտվեց Վազգեն Սարգսյանի մայրը` Գրետա մայրիկը: Նա ափսոսանքով նշեց, որ եթե Վազգեն Սարգսյանը այժմ ողջ լիներ, մեր ժողովուրդը հիմա այսպես չէր ապրի, կյանքը կփոխվեր, ամեն ինչ լավ կլիներ: Հարցին` ո՞ւմ էին խանգարում նրանք, Գրետա մայրիկը պատասխանեց. «Երևի ինչ-որ մեկին, մի քանիսին խանգարում էին, թե չէ ի՞նչ ունեին նրա դեմ:
Կռված, հաղթանակ տարած, իր երկիրն ազատագրած սպարապետին այդպե՞ս են անում: Ինչ-որ մարդիկ երևի բաներ ունեին, չգիտեմ»: Հարցին` արդյոք հավատո՞ւմ է, որ մի օր հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը կբացահայտվի, Գրետա մայրիկը պատասխանեց. «Չեմ կարող ասել, ախր այնքան սիրված ու հարգած էր բոլորի կողմից, չեմ հասկանում, չգիտեմ, նախանձը արեց, ի՞նչն արեց»:
Հարցին, եթե լիներ քաղաքական կամք, հանցագործությունը կբացահայտվե՞ր, Գրետա մայրիկը պատասխանեց. «Քաղաքական կամք միշտ էլ եղել է, բայց ովքեր արել են, չեն կարող բացահայտել: Իհարկե, Վազգենն ուզում էր ՀՀ-ն տեսնել բարգավաճ, ժողովրդին` առողջ, տնտեսապես ապահովված, և ամեն ինչ շատ լավ կլիներ: Ամեն բան շատ լավ կլիներ, չթողեցին, որ լիներ»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ