Լրահոս
Օրվա լրահոսը

Անհավասարություն հանրակրթական դասագրքերում ու դպրոցներում

Հոկտեմբեր 27,2015 16:40

Հայրիկը հեռուստացույց է դիտում, մայրիկը` ճաշ պատրաստում. հին դերերով ու պատկերներով` նոր սերունդ կրթելը սխալ է

Հանրակրթական դասագրքերի բազմաթիվ խնդիրները, որոնք պարբերաբար հայտնվում են ուշադրության կենտրոնում, ինչ-որ տեղ լուծելի ու ժամանակավոր հարցեր են, սխալներ, որոնք հնարավոր է լուծել նոր հրատարակությամբ, մինչդեռ առավել լուրջ խնդիրները, որոնք ձևավորում են սերունդներ, ձևավորում հասարակություն, որտեղ աղջիկ-տղա հավասարության ընկալում չկա, անգամ քննարկման առարկա չեն դառնում:

Ուսումնասիրելով տարրական դասարաններում դասավանդվող դասագրքերը և կրթական միջավայրը՝ հետազոտող Ռուզաննա Ծատուրյանը եկել է այն եզրակացության, որ Հայաստանի կրթական քաղաքականությունում բացակայում է կրթական փիլիսոփայության հարցադրումը և պարզ չէ, թե ինչ խնդիր են լուծում այդ դասագրքերը։

«Դասագիրքը պիտի արտացոլի կրթական ծրագիրը, իսկ այդ ծրագիրն էլ պիտի համապատասխանի կրթական չափորոշչին, օրինակ, սովետական դասագրքերը հստակ ուղերձներ ունեին և տնտեսության առաջնահերթ խնդիրներն արտացոլվում էին, ասենք, տիեզերագնացների, տանկիստների կամ բանվորուհիների տեսքով»,- ասում է նա։

Ծատուրյանի խոսքով՝ գլխավոր հարցն այն է, թե ինչ փիլիսոփայություն է դրված կրթության քաղաքականության հիմքում, և արդյո՞ք այդ քաղաքականության վեկտորը միշտ նույն գծով հետևողական գնում է, թե մի տեղ կողք է թեքվում, իսկ մեկ ուրիշ տեղ էլ՝ հետ գնում։
Dasagirq

Հավասարության խախտում տարրական դպրոցի դասագրքերում

Ուսումնասիրվել են 1-4-րդ դասարանների մայրենի լեզու, այբբենարան, կերպարվեստ, մաթեմատիկա և մի շարք այլ դասագրքեր, որտեղ մատուցված ինֆորմացիան հիմնականում տրվում է պատկերների և լուսանկարների միջոցով, քանի որ այդ տարիքում երեխաները դեռ լավ չեն կարողանում կարդալ։

Ուսումնասիրության չափանիշներից մեկն այն է, թե որքան հաճախ են հանդիպում արական և իգական դերերը։

«Քանակական առումով դրանք պիտի հավասար լինեն, որպեսզի մենք տեսնենք ինչպես տղա, այնպես էլ աղջիկ հերոսների,- ասում է Ծատուրյանը,- սակայն դասագրքերը արական պատկերների խիստ գերակշռում ունեին»:

Ընտրված դասագրքերում արական դերերը գրեթե կրկնակի անգամ գերազանցում են իգականին, օրինակ, Այբբենարան դասագրքերից մեկում եղել են 109 իգական և 262 արական դերեր։

Մյուս չափանիշն էլ այն է, թե ինչ ուղերձներ են այդ պատկերները հղում աշակերտներին, եթե անգամ դրանք քանակական առումով հավասար են։

«Այդ պատկերները կրկնում են հասարակական տրամադրությունները, այսինքն տղաները քաջ են, հերոս են, առնական են և այլն, իսկ աղջիկները ներկայացված են իգականության խոսույթում․ համեստ են, լալկան են, չարաճճի չեն, լավ են սովորում, այսինքն հանրայինում պոզիտիվ ընկալում ունեն»,- մեկնաբանում է հետազոտողը։

Ըստ հետազոտության արդյունքների՝ բոլոր կարևոր մասնագիտությունները արական դեր ունեն՝ օրինակ, օդաչու, ոստիկան, ջութակահար, տիեզերագնաց, աստղագետ և այլն, իսկ իգականին հատկացված է հիմնականում ուսուցչուհի դերը, հազվադեպ` բժիշկի և մեկ դեպքում՝ նկարչուհու:

«Բացի այդ, դասագրքերում տրված պատշար, զոդող կամ կարի մեքենայի մոտ աշխատող մասնագետներ պատկերող լուսանկարները գրեթե նույնությամբ կրկնում են սովետական արդյունաբերական իրականությունը, որը մերօրյա իրականության հետ որևէ կապ չունի»,- ասում է նա։

Դերերի բաշխվածությունը հետազոտողը ցուցադրում է ընտանեկան միջավայրը ցուցադրող մի լուսանկարով, որը պատկերում է հայ եռասերունդ ընտանիքի երեկոն․բազմոցին նստած հայրիկ, որը թերթ է կարդում, բազմոցին նստած պապիկ, որը հեռուստացույցի ալիքները փոխում է վահանակով, բազմոցի անկյունում ծվարած տատիկ, որը շյուղերով գործում է, և մայրիկ, որը աղջկա հետ դաս է պարապում, թեպետ բոլորը հանգստանում են, իսկ որդին էլ բազմոցի մի անկյունում հեռախոսով խոսում է։

«Սա ներդաշնակ ընտանիքի ուղերձ պարունակող նկար չէ, որովհետև ես կուզեի տեսնել համագործակցային դերեր, որտեղ կամ հայրիկն ու մայրիկը երեխայի կողքին նստած լինեին, կամ մայրիկն էլ նստած թերթ կարդար»,- մեկնաբանում է նա։

Ծատուրյանը նշում է, որ նկատի ունենալով այն հանգամանքը, որ հնարավոր չէ չափել, թե երեխան ամեն մի պատկերը տեսնելուց հետո ինչ վերցրեց դրանից և ինչը տարավ իր հետ, ուրեմն լավ կլինի մտածված պատկեր և տեքստ ունենալ, որոնք հավասար հնարավորություններ ստեղծելու ուղերձներ կհղեն աշակերտին։

Հետազոտողը նկատում է, որ դասագրքերի ստեղծման հարցում որևէ պաշտոնական չափանիշ չկա, որ դասագրքի կազմման մեջ ընդգրկված հեղինակներն ու նկարիչները պահպանեն գենդերային զգայնության որոշ չափանիշ։

Մինչդեռ այս ուղղությամբ Հայաստանում մի շարք փաստաթղթեր են ընդունվել, որոնց հիման վրա էլ ծրագրեր են իրականացվում։ ՀՀ կառավարությունը 2010 թ. ընդունված Գենդերային քաղաքականության  հայեցակարգի հիման վրա ստեղծել է գենդերային քաղաքականության 2011-2015թթ․ռազմավարական ծրագիր, որտեղ հատուկ ենթաբաժնով անդրադարձել է նաև գենդերային քաղաքականության իրականացմանը կրթական ոլորտում։

Այս ռազմավարական ծրագիրն իրականացնելու համար կառավարությունը յուրաքանչյուր տարվա համար ունի միջոցառումների ցանկ, որից 2011թ․նախատեսվում էր «Հասարակագիտություն» առարկայի համար պատրաստել գենդերային բաղադրիչի վերաբերյալ ներդիր, որը 2012թ․ կընդգրկվեր դասագրքերում։

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ նախորդ տարի հանրային քննարկմանը ներկայացրեց այդ առարկայի ուսումնասիրության արդյունքները, որով 8-12-րդ դասարանների Հասարակագիտություն առարկայի դասագրքերում որևէ կերպ չի հիշատակվում գենդեր բառը։ Քննարկումն ընթացավ բուռն բանավեճերով, որի պատճառը ըստ կրթության հարցերով փորձագետ Անահիտ Բախշյանի՝ այն է, որ գենդերը «դիվահար» է անում մարդկանց։

Երբ 2013թ․ ընդունվեց «Կանանց և տղամարդկանց իրավունքների մասին» օրենքը, օրենքի հեղինակներից մեկը՝ ՕԵԿ խմբակցությունից Հովհաննես Մարգարյանը հանրայնորեն հայտարարեց, որ «որոշ բաներ» հայ ազգային մշակույթի հետ անհարիր են։ Իսկ օրենքը փոփոխության ենթարկվեց՝ դուրս մղելով «գենդերին հայ հանրային կյանքից»։

Իսկ երբ նախորդ տարի «Քրիստոնյաներն ընդդեմ համարակալման» հ/կ նախագահ Խաչիկ Ստամբոլցյանը մամուլում աղմուկ բարձրացրեց, որ «Ես և շրջակա աշխարհը» առարկայում երեխաներին «գենդեր են սովորեցնում», ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը հրաման ստորագրեց առարկայական ծրագրում փոփոխություն կատարելու մասին, իսկ Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն էլ հանրայնորեն հայտարարեց, որ դասագրքում գենդեր բառ չկա։

«Բայց չէ, որ այդ դասագիրքը, ծրագիրը գրել էին պրոֆեսիոնալների խումբ, և պետությունը այդ գործընթացում երաշխավորել էր այդ խմբին, իսկ Խաչիկ Ստամբոլցյանն այդ հարցում դերակատար չէ, բա ինչո՞ւ ենք նրա մտահոգություններով շրջում կրթական քաղաքականության մի դետալ,- հարցադրում է Ծատուրյանը,- բացի այդ կրթության քաղաքականությունում ֆիքսել եք, որ պիտի օգտագործեք գենդեր բառը, ի՞նչ է նշանակում, թե մենք այդ բառը չենք օգտագործի»։

Հետազոտողը նշում է, որ փաստորեն, պետությունը՝ ծախսելով մարդկային և նյութական ռեսուրսներ, փաստաթղթեր և օրենսդրություն է ընդունում, սակայն հետևողական չէ դրանց կիրարկման գործում։

«Մինչև դասագրքերի և ուսումնական նյութերի գենդերային փորձաքննության անհրաժեշտության պահանջ չլինի՝ հույս դնել մարդկանց պատկերացումների, նկարիչների անձնական դիրքորոշումների, դասագրքերի հեղինակների ներքին արժեքային պատկերացումների վրա՝ արդյունավետ ճանապարհ չէ»,- ասում է նա։

Գենդերային խնդիրները մանկավարժական միջավայրում

Ծատուրյանը նաև ուսումնասիրել է կրթական միջավայրի գենդերային զգայունությունը ուսուցիչների և դասախոսների շրջանում։ 2011-2012թթ ուս․ տարում հանրակրթական ոլորտի ուսուցչական կազմը 97․5%-ով իգական էր, որն ըստ Ծատուրյանի՝ արդեն խնդրահարույց է։

Գենդերայնորեն զգայուն կրթական միջավայր՝ նշանակում է այնպիսի համակարգ, որը նույն հնարավորությունը կստեղծի ինչպես աղջիկների, այնպես էլ տղաների համար:

«Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ մարդը ինչքան ինքնաիրացման լայն հնարավորություն ունենա, այնքան շատ բարիք է ստեղծում, իսկ բարիք ստեղծելն է ի վերջո նպաստում է պետության զարգացմանն ու ապահովում է առաջընթացը»,- ասում է Ծատուրյանը։

Հետաքրքիր է փաստել, որ հանրային ընկալումը արական և իգական սեռերի լավ կրթության հարցում համարյա հավասար են։ Նախորդ տարի ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդությունների կենտրոնը Հայաստանի տարբեր բնակավայրերում իրականացրել է «Հայաստանի գենդերային բարոմետր» կոչվող հետազոտություն, որի արդյունքներով լավ կրթություն ունենալը շատ կարևոր է ինչպես կանանց (64.9%), այնպես էլ տղամարդկանց համար (69.9%)։

Սակայն Ծատուրյանի հետազոտությունը ցույց է տալիս, որ կրթական համակարգն արտացոլում է ավանդական հասարակություններում իշխող մոտեցումները։

«Ուսուցչական միջավայրում իշխում է իգականության և առնականության վերաբերյալ նույն պատկերացումները, այսինքն աղջիկներին սովորեցնում են լավ մայրեր լինել․ աղջիկ ես՝ մի ճոճվիր, տղաներին սաստում են՝ մի լացիր, դու տղա ես»,- ասում է Ծատուրյանը։

Սակայն Ծատուրյանը կարծում է, որ այդ ուղերձները վկայում են ոչ թե միայն ուսուցիչների կարծրատիպավորված լինելու, այլ այն մասին, որ կրթական քաղաքականությունում հավասարությունը որպես գաղափար օրակարգ չի մտել։

«Դասագրքի ու ուսուցիչների կրթությունը՝ բուհական, հետմասնագիտական, պարբերական և բովանդակային վերապատրաստումների միջոցով կարելի է այսօրվա կրթական քաղաքականության մոտեցումները հասցնել այն մանկավարժին, որն իր հիմնական կրթությունն ստացել է խորհրդային ժամանակներում»,- մեկնաբանում է նա։

Սակայն ստացվում է փակ շղթա․ հասարակական տրամադրությունները արտացոլվում են կրթական միջավայրում, որն էլ իր հերթին վերարտադրում է նույն տրամադրությունները։

Մինչդեռ Ծատուրյանը կարծում է, որ դրա համար օրակարգ չկա, ու խնդիրը միայն կրթական չէ․ «Կրթությունը ապագային նայող գործողություն է, որը պարտադիր չէ, որ կրկնի ներկա հասարակական տրամադրությունները»։

Վերարտադրվելու հակված են ավանդական հասարակությունները, որոնք կրկնում են ժամանակի ընթացքում ձեռք բերված կյանքի փորձն ու գիտելիքը՝ այլ ինստիտուցիոնալ ազդեցությունների հնարավորության բացակայության պատճառով։ Իսկ արդյունաբերական և հետարդյունաբերական հասարակություններում առաջ շարժվելու բազմաթիվ մեխանիզմներ կան, և կրթական համակարգը դրանցից մեկն է, որպես առաջընթաց ապահովող մեխանիզմ։

«Մենք ունենք քաղաքականության գործիքներ և փաստաթղթեր, որը ենթադրում է, որ պետությունը վերլուծել և տեսել է, որ հասարակական ինչ-որ արժեքներ խոչընդոտում են հասարակության զարգացման առաջընթացին և ընդունել է փաստաթղթեր, որոնցում ասվում է, կարիք կա ուսումնամեթոդական հենքի, որի վրա կարելի կլինի գենդերայնորեն զգայուն կրթություն հաղորդել»,- նշում է Ծատուրյանը

Նրա կարծիքով՝ եթե պետությունը հետևողականություն ցուցաբերի իր իսկ կողմից ընդունված ծրագրերի իրականացման հարցում, ապա զգալի փոփոխություններ կլինեն։

Բոլոր փոփոխությունները սկսվում են փոքր թվացող, բայց մեծ դետալից․ պնդում է Ծատուրյանն ու մատնանշում ներառական կրթության ոլորտում իրականացվող փոփոխությունները, որպեսզի ոչ լիարժեք և զարգացման խնդիրներ ունեցող երեխան ևս ունենա նույն հնարավորությունները, ինչպես առողջ երեխան:

«Ուսուցիչների բառամթերքից հանրային խոսքում բացասական ենթատեքստերը վերացան, որովհետև տարվեց հետևողական վերապատրաստում,- ասում է նա,- եթե տղաների և աղջիկների հավասարական մոտեցումը թիրախավորվի որպես խնդիր և կրթության քաղաքականությունը իրականացվի, ուսուցիչներն էլ այդ զգացումը կվերցնեն»։

Աննա ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն

Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան

Հեռախոս: +37498 566 886

Էլ. հասցե: [email protected]

Ֆեյսբուք:https://www.facebook.com/profile.php?id=100007800990200

Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031