Կոմիտասի անվան Պանթեոնում հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին իրենց հարգանքի տուրքն էին մատուցելու եկել Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը, որդին՝ Ստեփան Դեմիրճյանը, ՀԱԿ ղեկավարությունը, ՀՀ քաղաքական դաշտի ներկայացուցիչներ: Ռիմա Դեմիրճյանը պանթեոն էր եկել երկու թոռնուհիների հետ: Ծաղիկներ դնելով Կարեն Դեմիրճյանի շիրիմին՝ Ռիմա Դեմիրճյանն այլևս չկարողացավ ոտքի կանգնած մնալ, նա իրեն վատ զգաց և նստեց: Բոլորը հերթով նրան մոտենում ու ցավակցում էին:
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ինչպես ՀՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կասեր՝ «ուչաստկովիի մակարդակի» այս գործը բացահայտված կարելի՞ է համարել, պարոն Դեմիրճյանը պատասխանեց. «Լիարժեք բացահայտված չէ: Ամեն ինչ արվեց գործը կոծկելու համար, և դատաքննությունը չփարատեց հասարակության մեջ տիրող կասկածը, չտրվեցին շատ հարցերի պատասխաններ»: Հարցին՝ այս իշխանությունների օրոք հնարավո՞ր է գործի բացահայտում, պարոն Դեմիրճյանն արձագանքեց. «Հնարավոր չէ, սա ասում եմ՝ հիմնվելով շատ փաստերի վրա»:
Մեր նույն հարցին «Հանրապետություն» կուսակցության նախագահ, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը պատասխանեց. «Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո այդ օրը չի անցնում մի պարզ պատճառով, քանի որ ուչաստկովիի այդ գործը չբացահայտվեց՝ իր հետ առաջացնելով բազում հարցեր: «Միասնություն» դաշինքի արդար, ազնիվ, շռնդալից հաղթանակից հետո երբեք այս իշխանությունները չփորձեցին օրինական, արդար ընտրություններ անցկացնել: Իսկ Ռոբերտ Քոչարյանը մոտեցումներ, տեսակետեր ասելու հմուտ վարպետ է, որը բացի իրենից որևէ մեկին չի հուզում»: Պարոն Սարգսյանը այս իշխանությունների օրոք հնարավոր չի համարում գործի բացահայտում ու նշում. «Որևէ շահագրգռվածություն չեմ տեսնում: Չեմ տեսնում նաև այն փորձը, որ հոկտեմբերի 27-ից հետո ՀՀ-ում առաջացած քաղաքական ճգնաժամը հաղթահարվի: Այս իշխանություններն ասում են հանրաքվե, բաց ձեր ու իմ կարծիքը իրենց չի հետաքրքրում: Հոկտեմբերի 27-ից հետո քաղաքական ճգնաժամի և գործի չբացահայտման ռեալ շարունակողներն են այս իշխանությունները: Իրենք պիտակավորել են ուչաստկովիով, ուչաստկովիի կողմնակիցն էլ են իրենք: Որոշ հանրապետականներ ձևեր են թափում, բայց միայն իմ ականջին ու մորս ծնկներին, կեցության խնդիր են լուծում»:
Կարդացեք նաև
Արամ Սարգսյանի կարծիքով՝ Վազգեն Սարգսյանի պատկերացրած ու այսօրվա Հայաստանի խզումը մեծ է. «Վազգեն Սարգսյանը կարող էր Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի տարբերակով ընտրություններ կեղծել ու միայն ՀՀԿ մեծամասնությունը վերցնել, բայց հասկացավ, որ ոչ մի տեղ տանող ճանապարհ է դա: Հենց «Արդարություն» դաշինք ստեղծելը այդ քաղաքական բացը լցնելն էր: ՀՀ-ն նրանց գոյության պարագայում այլ արժեքներ ու ընկալումներ կունենար: Ռոբերտ Քոչարյանն ավելի շուտ կդառնար երիտասարդ թոշակառու, Սերժ Սարգսյանը լավագույն դեպքում կզբաղվեր բենզինի կամ դիզվառելիքի բիզնեսով, օլիգարխները կես միլիոնանոց մեքենաներով ու թիկնապահներով չէին ֆռֆռա, այս երկրում պետության սեփականությունը պարտքի դիմաց օտարին չէր հանձնվի, Գագիկ Ծառուկյանի եւ Արա Աբրահամյանի մտքով չէր անցնի մտածել, որ իրենք կարող են քաղաքական դաշտ մտնել: Բայց նման հեռանկարը և այս տարածաշրջանում նման ազդեցություն ունեցող պետությունը ձեռնտու չէր ինչ-ինչ ուժերի, ինչի արդյունքում էլ տեղի ունեցավ ոճրագործությունը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ