ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը, Չեխիա կատարած այցի ժամանակ պարզել է, որ այդ երկրում խմելու ջրի կորուստները 20 տոկոս են կազմում, ինչը պատգամավորի համոզմամբ, բավականին լավ ցուցանիշ է մեր համակարգի համեմատությամբ: Ըստ նրա Հայաստանում 80-85 տոկոս են կազմում:
Պարոն Խաչատրյանը, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը եւ այլ պատգամավորներ հոկտեմբերի 19-ից 22-ը գյուղատնտեսական ծրագրերի շրջանակներում եղել են Չեխիայի մի քանի քաղաքներում: Այսօր «Անդրադարձ» մամուլի ակումբում նրանք ներկայացրին, թե չեխական կողմի հետ ինչպիսի պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Հայկական պատվիրակությունը եղել է հատուկ պահպանվող տարածքներում, այդ թվում եւ քարանձավներում, խմելու ջրի մաքրման կայաններում, ձիաբուծարանում, հանդիպել են գյուղոլորտի պատասխանատուներին: Մարտուն Գրիգորյանն ասաց, որ քննարկել են նաեւ այս օրերին մեր երկրում խաղողի բերքի հետ առաջացած խնդիրները, փորձի փոխանակում արել, թե Չեխիան նման դեպքերում ինչպես է խնդրի տակից դուրս գալիս: Պատգամավորները վկայեցին, որ Ռուսաստանում ստեղծված տնտեսական վատ իրավիճակով պայմանավորված Չեխիան էլ կաթնամթերքի իրացման խնդիրներ ունի, սակայն, քանի որ Եվրամիության բյուջեից հատուկ ֆինանսավորում կա գյուղատնտեսական ոլորտին, ապա այնտեղ վիճակը շատ ավելի բարվոք է. չեխական արտադրողները դժվարությունների ժամանակ ֆինանսական փոխհատուցում են ստանում, մինչեւ որ խնդիրը կլուծվի:
Պատգամավորները նաեւ պարզել են, որ Չեխիան իր գինու արտադրության հումքի 40 տոկոսն է միայն սեփական ռեսուրսներով ապահովում, ուստի քննարկել են նաեւ Հայաստանից խաղող արտահանելու հարցը:
Լյովա Խաչատրյանը գտնում է, որ տնտեսական կապերի, գյուղատնտեսական ծրագրերի իրագործման համար մեծ դեր ու անելիք ունեն մեր երկիրը ներկայացնող դեսպանները: Ըստ նրա, Չեխիայում Հայաստանի դեսպանը կարողանում է այդ պայմանավորվածությունները ձեռքբերել` թեկուզ եւ սեփական կապերի շնորհիվ: Պարոն Խաչատրյանի խոսքերով` «Այն ժամանակներն անցել են` եկեք սիրենք, պաչենք, Գեղարդ տանենք. հիմա գործելու ժամանակն է: Պետք է մտածենք ինչ ունենք տալու, ինչ` վերցնելու»:
Կարդացեք նաև
Պատգամավորները վստահեցրին, որ հայկական գինու, կոնյակի պահանջարկն այդ երկրում կա: Նրանց համոզմամբ, կա նաեւ մյուս հայկական ապրանքների՝ չրեղենի, պահածոների եւ այլ սննդի պահանջարկը, պարզապես պետք է իրացման շուկաներ գտնել, օգնել արտադրողին ներդրումներ անել:
Նշենք, որ ներկայումս Չեխիայի հետ առեւտրաշրջանառությունը կազմում է 20 միլիոն դոլար, ինչը Լյովա Խաչատրյանի գնահատմամբ, մեզ պես պոտենցիալ ունեցող երկրի համար բավականին քիչ թիվ է:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ