Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կարեն Անդրեասյան. «Աստված մի արասցե, եթե պարոն Ֆարմանյանը հայտնվի ճաղերի այն կողմում»

Հոկտեմբեր 27,2015 15:37

«Պարոն Ֆարմանյանի մասին կարող եմ ասել, որ նա ունի իր քաղաքական շեֆի պատվերը, որ մի քիչ տգեղ, մի քիչ կեղտոտ ձևով, բայց իրականացրեց: Իր շեֆի հոգեաշխարհն էր ներկայացնում, քանի որ ես անձնական որևէ խնդիր չունեմ Ֆարմանյանի հետ, հետևաբար նման ելույթը պատվեր է»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն`անդրադառնալով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ելույթին:

Հիշեցնենք, արդեն երրորդ օրն է խորհրդարանում քննարկվում է ՄԻՊ-ի 2014 թվականի զեկույցը: ՄԻՊ-ին խորհրդարանում խիստ քննադատեցին թե իշխանական պատգամավորները, թե ընդդիմադիր:

Լրագրողներից մեկը նկատեց, որ Սամվել Ֆարմանյանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր է: Կարեն Անդրեասյանը համոզմունք հայտնեց, որ Սամվել Ֆարմանյանը ոչ իշխող ՀՀԿ-ի տեսակետն էր ներկայացնում, ոչ էլ պետությունը. «Նա ներկայացնում էր մի փոքր խմբակի շահը, որով փորձում էր վարկաբեկել ինձ, ինստիտուտը և ընդհանրապես այնպիսի անտրամաբանական բաներ էր խոսում, որ նրանք, ովքեր մի քիչ վերապահումով են վերաբերվում իմ աշխատանքին, սկսեցին էլ ավելի լավ վերաբերվել: Երբ վարկաբեկված ու ստախոս մարդն ասում է ստեր, բնականաբար, նրա հարձակման թիրախը դառնում է ավելի դրական»:

Կարեն Անդրեասյանը խուսափեց հրապարակել Սամվել Ֆարմանյանի շեֆի անունը. «Նեղ անձնական շեֆերի պատվերով, կամ մի շեֆի, կարծում եմ ՝մի շեֆ ունի և այդ շեֆի պատվերով էր, բայց ով է չեմ կարող ասել: Ինձ թույլ չեմ տա»:

Կարեն Անդրեասյանն ասաց, որ շատերը գիտեն, թե ո՞ւմ հետ և որտե՞ղ է հաճախ գտնվում պարոն Ֆարմանյանը. «Հենց այդտեղից էլ նա ստացել է իր պատվերը, այդ կեղտոտ հանձնարարությունը: Գուցե մի օր ինքն էլ կփոշմանի, որ այսպիսի տգեղ և անբարոյական ելույթ ունեցավ»:

ՄԻՊ-ի համոզմամբ, Սամվել Ֆարմանյանը միակը չէ. երկում կան մի քանի անձինք, ովքեր երազում են իրեն վատ պայմաններում տեսնել, վնասել իր աշխատանքին: Անուններ կրկին չհնչեցին:

Իսկ Սամվել Ֆարմանյանի ելույթն, ըստ Կարեն Անդրեասյանի, գռեհիկ էր. «Նա ապացուցեց իր մտքի անկատարությունը և հոգևոր արժեքների սնանկությունը»:

Կարեն Անդրեասյանը հեգնեց Սամվել Ֆարմանյանին`նկատելով, որ երբ մի օր կհայտնվի հակառակ կողմում`այն ժամանակ կհասկանա անիմա՞ստ է այն թեման, որ միջատները կալանավայրերում կծոտում են կալանավայրում գտնվող մարդուն. «Աստված մի արասցե, եթե պարոն Ֆարմանյանը հայտնվի ճաղերի այն կողմում: Եթե ես այդ ժամանակ էլ լինեմ ՄԻՊ`իր համար էլ կմտահոգվեմ, որպեսզի միջատներն իրեն էլ չկծոտեն, ինչպես կալանավորներին են կծոտում, եւ որքան տառապում են կալանավորները դժվար պայմաններում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031