Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հիշողության կերպարանքները». «Վերածնված մշակույթ, վերապրած ձեռագրեր»

Հոկտեմբեր 27,2015 14:54

«Վերածնված մշակույթ, վերապրած ձեռագրեր» խորագրի ներքո անցկացվող միջազգային գիտաժողովն առիթ է ի մի բերելու մեր նորագույն ձեռքբերումները՝ ձեռագրերի պահպանման, վերանորոգման, թվայնացման, հսկա մշակութային ժառանգության ուսումնասիրության և վերաիմաստավորման առումով»,- գիտաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը:

Նրա փոխանցմամբ՝ Մատենադարանում հիմա ընթանում են մեծադիր ձեռագրերի, հատուկ նշանակության վավերագրերի վերականգնման աշխատանքներ. «Մեծադիր ձեռագրերը, որոնք կազմում են մեր ժառանգության մեծ մասը, մինչև օրս չեն վերականգնվել, քանի որ ոչ միայն ծախսատար են, այլև հսկայական ջանքեր են պահանջում: Մեծ չափերի պատճառով դրանք նաև թվայնացման ենթակա չեն: Հատուկ ուշադրություն ենք դարձնում նաև քայքայված ձեռագրերին. փշրանքներից վերականգնում, երկրորդ կյանք ենք տալիս դրանց»,- նշեց Մատենադարանի տնօրենը՝ տեղեկացնելով, որ երեք հազար ձեռագիր այսօր շտապ վերանորոգման կարիք ունի:

Matenadaran_2

Դառնալով «Հիշողության կերպարանքները» 5-րդ միջազգային գիտաժողովին՝ Մատենադարանի տնօրենի խորհրդական, գիտաժողովի գլխավոր համակարգող Արա Խզմալյանը նկատեց, որ այն բազային գործառույթների իրականացման հիմնական և լավագույն հարթակն է. «Տարիների ընթացքում գիտաժողովը լայն ճանաչում է ձեռք բերել՝ համախմբելով նաև գրավոր ժառանգության պահպանման ոլորտի բարձրակարգ մասնագետների՝ միջնադարագետների, ձեռագրագետների, վերականգնողների, ֆոնդապահների, թանգարանագետների, արխիվագետների և այլ մասնագետների»,- հավելեց նա:

Matenadaran_3

Տեղեկացնենք, որ եռօրյա գիտաժողովին մասնակցում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ավստրիայի, Հոլանդիայի, Գերմանիայի, Լատվիայի, Ղազախստանի, Վրաստանի առաջնակարգ կենտրոնների մասնագետներ։ Գիտաժողովի ընթացքում իրականացվելու են մշակութային միջոցառումներ, տեղի է ունենալու Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալ. Լիդովի «Ախթալայի վանքի որմնանկարները» հիմնարար աշխատության շնորհանդեսը, նախատեսվում է համագործակցության պայմանագրերի կնքման արարողություն: ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալով» կպարգևատրվեն գերմանացի վերականգնողներ Ռոբերտ Շտեհլեն և Մարգրեթ Յաշկեն, ովքեր 15 տարի բարեգործական հիմունքներով վերականգնել են Մատենադարանում պահվող մոտ 200 արծաթակազմ ձեռագրեր՝ մեծ մասամբ Հայոց ցեղասպանության տարիներին փրկված:

«Շատ հետաքրքիր էր այդ կազմերի վրա աշխատելը: Աշխարհի որևէ այլ երկրում նման կազմեր չեմ տեսել: Դրանք շատ յուրահատուկ են: Առհասարակ, հայկական ձեռագրերն են շատ տարբեր, մանրանկարչությունն է յուրօրինակ: Եվրոպայում, հավանաբար, չգիտեն, որ այդպիսի բան կա»,- ասաց Մարգրեթ Յաշկեն:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031