Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 83 անդամներ միացել են կոնգրեսականներ Էդ Ռոյսի եւ Էլիոթ Ինգըլի նամակին, որում երկրի նախագահ Բարաք Օբամային աշխատակազմին կոչ է արվում սատարել Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի սահմաններին ագրեսիայի նվազեցմանն ուղղված հստակ խաղաղարար միջոցառումների իրականացմանը: Այս մասին, հղում կատարելով ԱՄՆ Հայ դատի հանձնախմբին, տեղեկացնում է Asbarez.com-ը։
«Բռնությունը Լեռնային Ղարաբաղի շփման գծում դրամատիկորեն աճել է, եւ վարչակազմի կողմից այդ բռնությունների անհասցե դատապարտման քաղաքականությունը չի աշխատում։ Դա պետք է փոխվի։ Մեր նամակում մենք ԱՄՆ-ին եւ Մինսկի խմբին մի քանի կարեւոր առաջարկներ են առաջարկումը, որոնց շնորհիվ կկանխվեն հետագա բռնությունները»,- մասնավորապես ասել է Էդ Ռոյսը։
Կոնգրեսականը նշել է, որ նամակում բոլոր կողմերին 3 առաջարկներ է ներկայացվել. հեռացնել դիպուկահարներին, հրադադարի խախտումներն ավելի լավ դիտարկելու համար ԵԱՀԿ-ի կողմից դիտարկվող համակարգ տեղակայել, ինչպես նաեւ նույն նպատակով ԵԱՀԿ-ի հավելյալ դիտորդների տեղակայել: «Դեսպան Ջեյմս Ուորլիքը պետք է սատարի այս առաջարկություններին եւ աշխատի, որ դրանք ընդունվեն Մինսկի խմբի մյուս համանախագահների կողմից»։
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ