Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում այսօր տեղի ունեցավ հերթական փորձագիտական քննարկումը, որի թեման էր՝ «Պետականազուրկ հանրույթների դերը Հայաստանի Հանրապետության անվտանգության միջավայրի ձևավորման մեջ»:
Զեկուցով հանդես եկավ «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը, որը կարեւորեց Թուրքիայի եւ Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների ու Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը. «Թուրքիայի հետ հարաբերությունները պետական մակարդակով բարելավվել չստացվեց: Տրամաբանությունը հուշում է, որ այդ պետությունում պետք է գտնել համապատասխան հանրույթներ եւ դրանց հետ զարգացնել հարաբերությունները: Խոսքը ոչ միայն էթնիկ խմբերի, այլեւ կրոնական միավորումների մասին է»:
Իսկ Ադրբեջանը մշտապես խոսում է միատարր բնակչության մասին, սակայն իրականում այդպես չէ. այդ երկրի բնիկները՝ թաթերն ու թալիշներն այսօր ազգային ինքնության զարթոնք են ապրում, ինչը, Արա Պապյանի խոսքով, անտեսել հնարավոր չէ: Տարբեր տվյալներով՝ թալիշների թիվը միջինը 1,5 միլիոն է. «Ներկայում աշխատանք է տարվում թալիշների հետ, որոնք ռադիո եւ առցանց հեռուստատեսություն ունեն: Արդյունքը նկատելի է: Տեխնոլոգիաների դարաշրջանում այդ ազգերն արդեն ծանոթանում են իրենց հազարամյա պատմությանը, ուստի Հայաստանը պետք է օգտագործի դա՝ ելնելով իր անվտանգությունից: Թալիշների՝ պետություն ստեղծելու փորձը ժամանակին ձախողվեց, բայց ղեկավարներն այսօր էլ քաղաքական դաշտում են: Հաշվի առնենք նաեւ, որ Ղարաբաղյան ճակատում ավելի շատ ներկայացված են փոքրամասնությունները»,-ասաց Արա Պապյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը Հայաստանում գործելու նախադրյալներ չունի, որովհետեւ մեր ազգային փոքրամասնությունը եզդիներն են, որոնք հակահայկական մտայնություններ չունեն եւ մեր ժողովրդի մասն են կազմում. «Ադրբեջանում այդպես չի, թալիշի կամ թաթի անգամ մեկ ելույթին կարող է պատիժ հետեւել»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այդ երկրի բնակչության 90 տոկոսը մահմեդականներ են: Ազգային փոքրամասնություններից ալեւիները համարվում են շիա-իսլամի հետեւորդներ, սակայն Արա Պապյանի խոսքով՝ այդ մոտեցումը կասկածի տակ է դրվում. «Երբ ալեւիին հարցնում ես՝ մահմեդական ես, ասում է՝՝ ոչ: Սունիները եւս ասում են, որ ալեւիները մահմեդական չեն: Նրանց թիվը մոտ 20 միլիոն է: Սա լուրջ թիվ է, եթե հաշվի առնենք, որ նրանց մի զգալի հատված պատրաստակամ է շփվել մեզ հետ»:
Քաղաքագետը նշեց, որ վերջին տարիներին հայկական պարախմբեր Դերսիմում մասնակցեցին փառատոնի: Այդ ժամանակ շատ ալեւիներ խոսել են իրենց հայկական ծագման մասին, ինչը վկայում են նաեւ պատմական աղբյուրները: Ներկայում Դերսիմի 6 գյուղապետեր պատրաստակամ են հյուրընկալել հայ ուսանողների: Նրանք նաեւ սկսել են հայկական եկեղեցիների ցուցակագրման եւ վերականգնման գործընթաց:
Արա Պապյանն առաջարկում է գործակցել Թուրքիայի եւ Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների հետ, որոնք պայքարում են բռնատիրության դեմ: Որպես օրինակ քաղաքագետն ասաց, որ մեկ տանկ գնելու փոխարեն կարելի է այդ 2 միլիոնն ուղղել գործակցության ծրագրին, ինչի հետ իրանագետ Վարդան Ոսկանյանը չհամաձայնեց. «Մենք ունենք մեծահարուստներ, որոնք կարող են ներդրումներ անել»: Առաջարկվեց նաեւ մեծահարուստների ջիպերը փոխարինել համեստ ավտոմեքենաներով: Այնուամենայնիվ, փորձագետները կարծիք հայտնեցին, որ ներքին ռեսուրսների հաշվին միջոցներ հայթայթել պետք չէ, մանավանդ՝ բանակի հաշվին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ