Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյան. «Սերժ Սարգսյանը հնարավորության դեպքում կբացահայտի»

Հոկտեմբեր 27,2015 14:12

Վազգեն Սարգսյանի եղբայրը`Արմեն Սարգսյանը «Հոկտեմբերի 27»-ի գործով դեռ կասկածներ ունի: Բայց, իր իսկ բնորոշմամբ, դրանք ոչ թե իրավական են, այլ քաղաքական: Այսօր այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Սարգսյանը:

Պատգամավորներն այսօր ծաղիկներ դրեցին 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի` խորհրդարանի բակում գտնվող հուշարձանին: Արարողությանը ներկա էր նաեւ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը:

Արմեն Սարգսյանն` ի պատասխան լրագրողների հարցերի, մանրամասնեց, որ իր կասկածներն անհատ մարդկանց չեն վերաբերվում. «Ես կարծում եմ ավելի բարձր տեղերից է եղել դա»:

Ըստ նրա, Հայաստանում դժվար գտնվեր մեկն, որը կարող էր Վազգենի կամ Կարեն Սերոբիչի վրա ձեռք բարձրացնել. «Էդքան քաշը չէր հերիքի»: Այլ հարց, որ տվյալ անհատները կարողացել են «դրսի մեծ ուժերի հետ աչքերը փակել տալ կամ ձայն չհանել, լռել, կամ խանգարել բացահայտմանը»: 1999 թվականի հոկտեմբերի 27-ին կատարվածը նա համարում է «պետական դավադրություն»:

Լրագրողներից մեկը հարցրեց`իր կարծիքով ներկայիս իշխանությունն ունա՞կ է բացահայտել այդ ոճրագործությունը: Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Հասկանում եմ` ում նկատի ունեք»: Լրագրողն էլ, Արմեն Սարգսյանն էլ նկատի ունեին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, ում հետ Արմեն Սարգսյանը լավ հարաբերությունների մեջ է: «Բազմիցս մենք այդ առիթով խոսում ենք… Ամեն հնարավորը փորձում ենք անել, որպեսզի հասկանանք` թելերը դեպի ո՞ւր են տանում»,- ասաց նա:

Լրագրողներից մեկը հիշեցրեց, որ այն ժամանակ Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության ծառայության ղեկավարն էր: Արմեն Սարգսյանն ասաց. «Այո, Սերժ Սարգսյանը հնարավորության դեպքում կբացահայտի: Այսօր կան մարդիկ, ովքեր կասկածում են, որ կարող է նաև Սերժ Սարգսյանն էլ մեղավոր լինի: Բայց ես այն կարծիքին եմ, որի անձամբ Սերժ Սարգսյանը մեղավորություն չունի: Միակ մեղավորությունը նրանում է, որ այդ ժամանակաշրջանում Ազգային անվտանգությունը թերացել է իր աշխատանքներում: Բայց այստեղ նաև իմ եղբոր մեղավորությունը կա, որովհետև Վազգեն Սարգսյանին սպանելու խոսակցություններ բազմիցս եղել են, տարբեր տեղերից, տեղի-անտեղի: Վազգենն անլուրջ է մոտեցել այդ խոսակցություններին: Բոլորն են անլուրջ մոտեցել»:

Լրագրողները հետաքրքրվեցին`ի՞նչն է հիմա խանգարում, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը բացահայտվի: «Կան բաներ, որոնք չեմ կարող բարձրաձայնել»,- ասաց Արմեն Սարգսյանը`հավելելով, որ ինքը վստահ է, ապագայում դա անպայման բացահայտվելու է. «Ոճրագործության կատարողներից Նաիրի Հունանյանը, եթե պետք լինի, կխոսի: Բայց պետք են ավելի փաստեր, որոնք կկարողանան Նաիրի Հունանյանին դեմ տալ պատին»:

Արմեն Սարգսյանը նկատեց, որ այն ժամանակ, երբ ինքը բանտարկված էր ու պահվում էր ԱԱԾ խցերում, Նաիրի Հունանյանն «ադեկվատ էր»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031