Ինչո՞ւ 16 տարի չի բացահայտվում 1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանում տեղի ունեցած ոճրագործությունը: Այսօր այս հարցը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ուղղեց լրագրողներից մեկը: Պատգամավորները` ԱԺ նախագահի գլխավորությամբ ծաղիկներ դրեցին 1999 թվականի հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ: «Այդ գործն ինչ-որ ժամանակ կբացահայտվի: Դա կապված է մեր աշխատանքից, մեր պետության հզորությունից»,- ասաց Գալուստ Սահակյանը`հավելելով, որ իր կարծիքով, այդ ոճրագործները «թելադրված մարդիկ» չէին, այլ «ինչ-որ մի ծիրում, ինչ-որ մի տեղ փորձեցին խանգարել մեզ»:
Գործի բացահայտման համար, ըստ ԱԺ նախագահի, ոչ միայն մտածող մարդիկ եւ ռեսուրսներ են պետք, այլ «ավելի մեծ զինանոց»: Նա նկատի ունի` իրավական փաստարկները: ԱԺ նախագահը համամիտ չէ դիտարկման հետ, որ այս գործը կբացահայտվի քաղաքական կամք լինելու դեպքում: «Հայաստանի հզորությունն անպայման կգտնի»,- կարծում է նա: Իսկ մեր երկիրը հզոր կլինի այն դեպքում, երբ հիմնականում լուծված լինեն մեր ազգային խնդիրները:
«Պատմական դասն այն է, որ ազգը պետք է կարողանա ավելի համախոհ լինել: Իշխանությունները պիտի ի զորու լինեն, որպեսզի հնարավորինս ավելի մեծ վստահություն ունենան հասարակության մեջ, իսկ հասարակությունը պատրաստ լինի` ցանկացած խնդրի դեպքում աջակցել պետությանը»,- սա ԱԺ նախագահը համարում է հոկտեմբերի 27-ի պատմական դասը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ