«ՀՀ օմբուդսմենը իր զեկույցներում հետեւողականորեն բարձրացնում է Մարտի 1-ի սպանությունները՝ որպես Հայաստանի կարեւորագույն նշանակություն ունեցող խնդիր: Մարտի 1-ի սպանությունները վաղեմության ժամկետ չունեն եւ պետք է լինեն հայաստանյան օրակարգում այնքան ժամանակ, քանի դեռ սպանությունները կատարողներն ու կազմակերպողները օրենքով սահմանված իրենց պատիժը չեն կրել, քանի դեռ հանրությունը չի ստացել իրեն հուզող բազմաթիվ հարցերի պատասխանները եւ քանի դեռ զոհվածների իրավահաջորդներին չի վճարվել արժանապատիվ փոխհատուցում»,- այսօր ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանի 2014-ի զեկույցի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա հայտարարեց, որ ՀՀ իրավապահ մարմիններն իրենցից կախված ամեն ինչ անում են, որպեսզի Մարտի 1-ի սպանությունները չբացահայտվեն. «Սա պնդում է, որ կարելի է հիմնավորել կոնկրետ փաստերով: 2008-ի Մարտի 1-ի 10-ը զոհերից 3-ը սպանվել են Չերյոմուխա-7 զինատեսակից՝ հատուկ միջոցից արձակված կրակոցից: Նախաքննության մարմինը հայտարարում է, թե ովքեր են օգտագործել այդ օրը Չերյոմուխա 7 հատուկ միջոցը: Դեռեւս 2009-ին այդ մարդկանց մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔրՕրի 373 հոդվածով՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելը: Մեղադրյալները մեղավոր ճանաչվելու դեպքում կարող են դատապարտվել 4-10 տարվա ազատազրկմամբ: Քննիչները, որպես կանոն, պետք է խափանման միջոց ընտրեին՝ ստորագրություն, անձնական երաշխավորում եւ կալանավորում: Բայց այդ 4 ոստիկանները, ովքեր մեղադրվում են 3 քաղաքացու սպանություն դարձած գործողության համար, մի ժամով եւ մի րոպեով չեն ձերբակալվել: Սա այն դեպքում, երբ այսօր կալանավայրերում մենք հազարավոր մարդկանց կտեսնենք, ովքեր թեթեւ հանցանքների մեջ մեղադրվելու դեպքում անպայման կալանավորվում են եւ քննիչները դա հիմնավորում են, որ եթե մնան նրանք ազատության մեջ՝ նախաքննությանը կխոչընդոտեն: Հարց է ծագում՝ այդ ի՞նչ տրամաբանությամբ հարեւանի հավերը գողացած անձի ազատության մեջ մնալը կխոչընդոտի նախաքննությանը, իսկ ՀՀ 3 քաղաքացու սպանության մեջ մեղադրվողների մնալը չի խոչընդոտի: Այստեղ կարեւոր է, որ այդ մարդկանց շատ հեշտ է կոնտրոլի տակ պահել, երբ նրանք ազատության մեջ են: Երբ նրանք անազատության մեջ լինեն, կհասկանան, որ մի գիծ անցել են, կարող են բոլորովին ուրիշ ցուցմունք տալ»:
Ըստ Փաշինյանի, իրականում 2008-ի Մարտի 1-ին օգտագործվել է ոչ թե 4 Չերյումուխա 7 հատուկ միջոց այլ ավելի շատ. «Հարց է ծագում՝ ովքեր են մնացածը, բացի այդ 4 ենթասպաներից, գուցե դրանք ինչ-որ բարձրաստիճան ոստիկաններ են՝ իրենց համապատասխան բարձրաստիճան կապերով»:
Փաշինյանը զարմանում է՝ 6 տարի է՝ այդ ոստիկանները մեղադրյալ են ներգրավել եւ օդում կախված են, գործը առաջ չի գնում, պետք է գնա դատարան՝ չի գնում. «Չեն կարողանում որոշել, թե այդ նռնակը կոնկրետ, որ հրացանից է կրակվել: Չեմ հասկանում՝ նույնականացնելը միակ հնարավորությո՞ւնն ա, էդպես լիներ՝ աշխարհի կիլլերները կսկսեին Չերյումուխա 7-ով մարդ խփել, որով հնարավոր չի նույնականացնել ու վերջ, գործերը կփակվեին: Կամ եթե մեկը սովորական զենքից մարդ խփի ու ատրճանակը գցի ծովի հատակը, ուրեմն վերջ, այդ գործը չի՞ բացահայտվելու: Բա դեպքը տեղի է ունեցել հազարավոր ոստիկանների աչքի առջեւ: Այդ զենքով հնարավոր է մարդ խփել ոչ շատ հեռու տարածքից՝ 100-50 մետր հեռավորության վրա: Քաղբանտարկյալների մասին ինչ հիմարություն ասես՝ հորինում են, իսկ այն, ինչ տեղի է ունեցել իրենց աչքի առաջ՝ ոչ մեկը չի տեսել: ՀՀ ոստիկանները, փաստորեն աշխարհի ամենագողական ոստիկաններն են, իրանք գրող տղերք չեն, չեն կարա գրեն, իրանք գողական են: Ոստիկանության պետը սրան-նրան ա մեղադրում՝ հիմա դու ոստիկան ես, թե՞ պատգամավոր ես: Հիմա դուք ոստիկա՞ն եք, թե՞ գողական եք, մի հատ կողմնորոշվեք»:
Կարդացեք նաև
Ըստ Նիկոլ Փաշինյանի, միայն նոր իշխանությունը կարող է բացահայտել Մարտի 1-ի գործը, ինչպես նաեւ Հոկտեմբերի 27-ը. «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել: Սերժ Սարգսյանը պատասխանատվություն է կրում՝ առնվազն բարձրաստիճան մարմինների անվտանգությունը պատշաճ կերպով չապահովելու համար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ