Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Ռոբերտ Քոչարյանը շատ ավելի շուտ կդառնար երիտասարդ թոշակառու». «Իրատես de facto»

Հոկտեմբեր 27,2015 13:09

«Իրատեսի» հարցերին պատասխանում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը

– Եթե 1999-ի հոկտեմբերի 27-ը չլիներ, ի՞նչ Հայաստանում հիմա կապրեինք։

– Եթե հոկտեմբերի 27-ը չլիներ, բոլորովին այլ կլիներ կյանքի որակը, մթնոլորտը երկրում բոլորովին այլ կլիներ, ու տարածաշրջանում ՝ Հայաստանի Հանրապետության դերն ու դիրքը բոլորովին այլ կլինեին։ Նաև Ռոբերտ Քոչարյանը շատ ավելի շուտ կդառնար երիտասարդ թոշակառու, հայ օլիգարխներն ու պատգամավորները «Ռոլսռոյսերով» ու թիկնազորներով չէին շրջի, Գագիկ Ծառուկյանն ու Արա Աբրահամյանը ոչ միայն հայտ չէին ներկայացնի քաղաքական դաշտ մտնելու, այլև այդ ուղղությամբ չէին էլ մտածի։ ՀՀ պետական գույքը պարտքի դիմաց չէր օտարվի, պետությունը կունենար իր առաջնահերթությունները, աշխատատեղեր կստեղծվեին, և պետական մակարդակով ծրագրեր չէին մշակվի Հայաստանից ապրանքների փոխարեն աշխատուժ արտահանելու վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանում կունենար այն ազդեցությունն ու նշանակությունը, ինչ Մերձավոր Արևելքում ունի Իսրայելը։ Բայց ինչ-ինչ տերությունների ձեռնտու չէր այդ զարգացումը, որի հետևանքն էր հոկտեմբերի 27-ը։

– Ձեր գնահատականով՝ 16 տարի անց հոկտեմբերի 27-ի հետևանքները հաղթահարվա՞ծ են։

– Հետևանքները կարող էին հաղթահարվել երկու պարագայում։ Նախ պետության առաջին դեմքերի դեմ կազմակերպված ահաբեկչությունը պիտի բացահայտվեր կատարողների ու կազմակերպիչների մասով։ Իրականում գործող համակարգը նախագահից մինչև ԱԺ գործող մեծամասնություն, հնարավորն արեց, որ ոճրագործությունը չբացահայտվի։ Երկրորդ՝ հոկտեմբերի 27-ից հետո քաղաքական ճգնաժամ առաջացավ, որի հաղթահարման ուղիները քաղաքական էին։ Լուծման միակ ձևը ազատ ընտրությունների անցկացումն էր։ Բայց 1999-ի ընտրությունները չերկրորդվեցին։ Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի ձևավորած «Միասնություն» դաշինքը առանց հարկադրանքի, առանց փող բաժանելու հասարակության լայն զանգվածների աջակցությունը ստացավ, որը զարգացման հնարավորություն էր տալիս։ Դրանից հետո կեղծվեցին բոլոր ընտրությունները, գործող իշխանությանն այլևս չէր հետաքրքրում հասարակության կարծիքը, և քաղաքական ճգնաժամը շարունակվեց մինչև այսօր։ Հետևաբար 27-ի հետևանքները առայսօր հաղթահարված չեն։

Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031