«Երեկվանից մենք քննարկում ենք «2014 թվականին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի ներկայացրած զեկույցը: Ինչպես և շատերը Ձեզանից ,հարգելի գործընկերներ,ես սա համարում եմ չափազանց կարևոր ինստիտուտ և չափազանց կարևոր զեկույց, որ ընդհանրության մեջ ներկայացնում է մեկ տարում երկրում մարդու իրավունքների խախտման դեպքերի պատկերը: Նման փաստաթղթի մեջ ցանկացած երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական, պատմամշակութային ողջ պատկերն է բացվում՝ իր խնդիրների որակի, բովանդակության ու լուծումների մակարդակի մեջ: Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը ցուցիչ է ոչ միայն ժողովրդավարության վիճակի, այլև բոլոր ոլորտներում տիրող իրավիճակի:
Ունե՞նք մենք ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի զեկույցում այս պատկերը: Մասամբ: Արտացոլու՞մ է զեկույցը ամբողջ մեկ տարում կարևորագույն այս ինստիտուտի կատարած ծավալուն, համոզված եմ, արդյունավետ ու կարևոր աշխատանքը: Մասամբ:
Մատնանշու՞մ է զեկույցը պրոբլեմների պատճառները ու դրանց վերացման հնարավորությունները: Մասամբ:
Օբյեկտի՞վ է կազմված զեկույցը և ադեկվա՞տ է երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակին: Մասամբ:
Կարդացեք նաև
Իհարկե, բոլոր այս ՛՛մասամբ՛՛-ների միագումարը կարող էր դառնալ հանրագումար ու լիարժեք զեկույց: Բայց ընդունեք, որ չի դառնում, թեպետ մենք արդեն Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի տաս տարվա պատմություն ունենք, ունենք մարդու իրավունքների երրորդ պաշտպանը և երրորդ պաշտպանի երրորդ զեկույցը, որ նվազագույնը նշանակում է՝ ընթացիկ խնդիրներն ու որոշարկումները արդեն կատարված-ավարտված պիտի լինեին:
Հարց՝ ՄԻՊ-ը ստանում է կոնկրետ բողոք և դիմում խնդրո առարկա գերատեսչությանը, այնտեղից ստանում է կոնկրետ պատասխան, որով հիմնավորվում է այս կամ այն որոշումը, բայց հարցը չի լուծվում, ի՞նչ է լինում հետո: Բացահայտ է, որ մենք ունենք շղթայի կտրված օղակ, որը պետք է ավելացվի:
Երեկվանից ուշադիր լսելով բոլոր ելույթները, ՄԻՊ-ին ներկայացվող պահանջները, առաջարկները, խորհուրդները, հորդորները, իշխանության հետ կամ ընդդիմության հետ ու ընդդիմություն լինելու, կամ էլ՝ բոլորին ընդդիմություն լինելու կոչերը, Կարեն Անդրեասյանի ելույթն ու պատասխանները պատգամավորների հարցերին, ինձ չի լքում այն զգացողությունը, որ մենք ունենք օրենսդրական բաց, կամ օրենսդրական անկատարություն, ավելի ճիշտ՝ ՄԻՊ մասին օրենքի լրացման կամ կատարելագործման անհրաժեշտություն: Հոդված 17-ը սահմանում է, որ մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ նախագահին, օրենսդիր, գործադիր և դատական իշխանություններին է ներկայացնում նախորդ տարվա ընթացքում իր գործունեության և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության մասին զեկույցը, իսկ Աժ գարնանային նստաշրջանում ներկայացնում է Աժ նիստում: Այսինքն՝ զեկույցի կառուցվածքը,բովանդակությունը,քննարկման ձևը և այլ խնդիրները թողնված են ՄԻՊ ինստիտուտի ընտրությանը: Դա ևս ճիշտ մոտեցում է: Մասամբ: Ու հենց այդ պատճառով է գոյանում ՄԻՊ-ի զեկույցի և պետական լիազոր մարմինների ներկայացուցիչների,զեկույցի և պատգամավորների հարցերի ու ելույթների միջև արդեն զգալի դարձող տարընթերցումը: Սա մեթոդոլոգիայի հարց է, որը և, վստահ եմ, պիտի լուծում ստանա:
Ինպիսին ՞ պետք է լինի զեկույցը, կոնկրետ դեպքերի՞՝ անուն-ազգանուններով, մարդու իրավունքների խախտման պատմությամբ հավաքածու, թե՞ զեկույցը պիտի ներկայացնի վերլուծությունը այդ դեպքերի և իր եզրակացությունը՝ ինչպե՞ս վարվել այս կամ այն դեպքում,ինչպես վերացնել կրկնվող խախտումները տարանջատելով,զատելով իրարից,որովհետև խնդիրներ կան,որոնք պատճառաբանվում են պետական պաշտոնյաների վատ աշխատանքով կամ թերացումով և օրենքի բացահայտ խախտումով, կամ օրենքի բացով, սոցիալ-տնտեսական իրավիճակով, կան խնդիրներ, որոնք պատճառաբանվում են արժեքային համակարգով, մտածողությամբ և այլն: Սրանք տարբեր խնդիրներ են, որոնք տարբեր վերաբերմունք են պահանջում և նաև արժանանում են տարբեր արձագանքի գործադիրի կողմից: Սա շատ կարևոր, սկզբունքային հարց է, որ նաև պայմանավորելու է ամբողջ ինստիտուտի աշխատանքի ուղղվածությունը: Պարզ է, չէ՞, որ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը չի գործում, որ տարեկան զեկույցներ կազմի, այլ գործում է, որ հնարավորինս նվազեցնի մարդու իրավունքների խախտման դեպքերը: Ի՞նչ գնահատականներ կարող է ՄԻՊ-ը տալ տարբեր ոլորտներում իր դիտարկած թերություններին ու սխալներին, ի՞նչ չափանիշով են նրա դիտարկած երևույթները համարվում սխալ կամ թերի: Իրավաբանները միայն՝թեկուզ 40 մարդով , բավարար են տարբեր մասնագիտացումներին ու ոլորտներին առնչվող հարցերին բովանդակային մասնագիտական պատասխան տալու և ուղիներ առաջարկելու համար: Գուցե մենք օրենքով պետք է նաև այլ հարցերի անդրադառնանք այստեղ? Կարծում եմ, որ այստեղ իր անելիքը դեռևս վերջնականապես չի ձևավորել Մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովը, որի ընդհանուր առմամբ այս տարվա աշխատանքային քննարկումները իրոք, մեկ քայլ առաջ էին , բայց զեկույցի մեջ տեսակետներ են բարձրաձայնվում , որոնք չպետք է միակողմանի հնչողություն ունենան: Որպես օրինակ բերեմ ոչ միայն այն աշխատանքը, որ մեր գործընկեր Ռուզաննա Մուրադյանը կատարել էր կրթության նախարարության հետ, մեկ այլ օրինակ՝ խնդրել եմ Աշխատանքի և սոցիալական նախարարության մասնագետներից իրենց արձագանքը, և այստեղ ևս բազմաթիվ տարբեր մոտեցումներ կան: Կան իրավիճակներ և առաջարկներ, որոնք փաստարկված կերպով մերժվում են, կան այնպիսինները, որոնք ընդունվում են և ներգրավվում աշխատանքների մեջ, կան այնպիսինները, որոնք շարունակական գործընթաց են և չեն լուծվում մեկ գործողությամբ կամ քայլով: Նման օրինակներ կարող ենք բերել և՛ առողջապահության, և այլ ոլորտների վերաբերյալ: Այս ամենի մեջ , կարծում եմ, խորհրդարանի պատասխանատուները պետք է կողմերին լսելով, համադրումներ կատարելով ՝ հանգեն լուծումների վերաբերյալ առաջարկների: Գուցե մեր մոտեցումներից մեկն էլ այն լինի, որ հանձնաժողովը իր հարակից զեկույցը կազմի և ներկայացնի խորհրդարանին գրավոր ձևով հենց այս քննարկումների հիման վրա: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները մենք պետք է համատեղ տանք: Իսկ ելակետ պետք է ունենանք արդյունքը, որ նույն խնդիրները զեկույցից զեկույց տարեցտարի չտեղափոխվեն:
Մարդու իրավունքների խախտման դեպքերի կոնկրետ օրինակների ուսումնասիրությունը շատ կարևոր է, բայց կա ավելի կարևոր խնդիր՝ պատճառը վերացնել, իսկ դա պահանջում է ոչ թե ընդհանրական, ապրիորի, չպատճառաբանված եզրակացություններ մեկ կամ մի քանի օրինակների հիման վրա, այլ դեպքերի կրիտիկական զանգվածի ուսումնասիրություն և գործող օրինաչափությունների վրա հիմնված եզրակացություն, որովհետև, ոչ լավ, ոչ վատ օրինակը դեռևս օրինաչափություն չէ: Ու երբ մեր գործընկերոջ հարցին պատասխան էր հնչում,թե՝ պետք է ոչ թե գովերգել,այլ քննադատել ,ուզում էի ասել,որ Ձեր և մեր պարտավորությունը ոչ գովերգելն է, ոչ էլ չարախոսելը, մենք այստեղ ենք՝ վեր հանած խնդիրները խորքային վերլուծելու, օրինաչափությունները գտնելու,այդ օրինաչափությունների հիման վրա օրենքներ կամ վարվող քաղաքականություն փոփոխելու համար:
Ուզում եմ անպայման շեշտել, որ և Կարեն Անդրեասյանը, և այս պաշտոնում նրա նախորդները անկախ են իրենց գործունեության մեջ և հենց անկախությունն է նրանց աշխատանքի հաջողության հիմնական երաշխիքը, բայց անկախությունը և աշխատանքի կազմակերպման կանոնակարգումը տարբեր ու միմյանց չհակասող պահանջներ են: Մենք բոլորս այստեղ ենք աշխատելու, ոչ թե միմյանց քննադատելու կամ փառաբանելու համար: Ցանկացած աշխատանք գնահատվում է արդյունքով:
Ուզում եմ պատասխան չպահանջող մեկ հարց տալ նախ Կարեն Անդրեասյանին, հետո նաև մեզ՝ ինչո՞վ է խորհրդարանի քննարկումը տարբերվում փողոցի խոսակցությունից: Ինչո՞վ, եթե այստեղ էլ գործածում ենք կենցաղային բնույթի բառապաշար, կամ ավելին՝ կենցաղային մտածողություն: Փողոցում ընդունելի կլինի , երբ ասում են՝ ամեն ինչ վատ է, ամենուրեք խայտառակություն է, մակարդակ չկա, որակ չկա, դատարանները արդար չեն,թալանում են , աշխարհը քանդվում է և այլն, և այլն: Ցանկալի չէ, բայց ընդունելի է: Խորհրդարանում քննարկվող փաստաթղթի մեջ և քննարկման ընթացքում մտածողության այդ որակն ու մակարդակը անթույլատրելի է :
Անդրադառնամ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի արտահայտած մի մտքին այն մասին , որ նախարարությունները կարծես առօրյա խոսակցականի մակարդակով են արձագանքում, և ասեմ , որ կենցաղային բնույթի կամ ժողովրդական զրույցի մակարդակով ասածին այդպես էլ պետք է արձագանքեն, զարմանալու բան չկա: Կենցաղային մտածողության մակարդակը խորհրդարանական փաստաթղթի մեջ բերելը բումերանգով խփելու է բերողին, սա աքսիոմա է: Վերջապես՝ խորհրդարանում ևս պարտադիր է պահպանել թե հարգանքը դիմացինի նկատմամբ,և թե մարդու իրավունքներն ու ազատությունները՝ հեգնանքի, տղայական կեցվածքի տեղ չէ խորհրդարանը, որևէ մեկին ՝ անգամ Ձեզ շատ բարձր գնահատողներին չի կարող դուր գալ անհիմն և չափից ավելի ինքնավստահությունը, մի ուսուցանեք որևէ մեկին ոչ գործադիրում, ոչ էլ պատգամավորներին, հատկապես այն դեպքերում, երբ նրանք շատ լուրջ մասնագետներ են թե՛ Ձեզ հարազատ իրավաբանության մեջ, թե՛ այլ ոլորտներում: Շատ կարևոր է, որ այն ամենը, ինչ հնչեցնում է Մարդու իրավունքների պաշտպանը չանցնի սահմանը և չդառնա քաղաքական մեկնաբանություն:
Իմիջիայլոց, տիկին Վարդանյանի հարակից ելույթը և պատասխանները /հատկապես Թևան Պողոսյանի հարցի մասով/ լսելով՝ ինձ մոտ պատկերացում ստեղծվեց, որ մեր գործընկերը իսկապես հարցերի մեծ մասի լուծումը տեսնում է խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում,ինչը անշուշտ պիտի ուրախացնի սահմանադրական բարեփոխումների կողմնակիցներին, ինչպես նաև՝ մարդու իրավունքների պաշտպանության ջատագովներին:
Քանի որ , ես չանդրադարձա ՄԻՊ զեկույցում ներառված ոլորտային խնդիրներին, ուզում եմ նկատենք և բարձրաձայնենք, որ զեկույցը իսկապես բարելավվել է, որ նկատելի է նրա ազդեցությունը գործադիրի աշխատանքների վրա և դա արտահայտվում է բազմաթիվ ոլորտներում մարդու իրավունքների խախտումների դինամիկայով, դրանց նվազմամբ, բազմաթիվ խնդիրների լուծմամբ: Ես մեկ անգամ ուզում եմ ընդգծել այն հսկայական աշխատանքը , որ կատարել և կատարում է պաշտպանի անձնակազմը, արժեքավոր ուսումնասիրությունները, օպերատիվ գործողությունները բազմաթիվ մեր քաղաքացիների կյանքում տեղ գտած խնդիրների լուծման, խախտված իրավունքների վերականգման և պաշտպանության ուղղությամբ: Կարծում եմ՝ եկող տարի այդ հնարավորությունը դեռ կունենամ, ու արդեն այս տարվա աշխատանքների մասին զեկույցը հաշվի կառնի նաև այս քննարկումներում հնչեցրած խնդիրները:
Մամլո հաղորդագրություն