Լեռնիկ Ալեքսանյան (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)
– Ես ամենաշատ տեղեկություն ունեցող մարդկանցից մեկն եմ, ով մինչև վերջ դահլիճում է եղել,- պատմեց պատգամավորը։- Նրանք, ում կասկածում էին, այս տարիների ընթացքում կյանքից հեռացան, և երաշխիք էլ չկա, որ կպարզվեն ոճրագործության հանգամանքները։ Եթե Նաիրին իմանար՝ ով է կազմակերպել, ու ասեր, ցմահ բանտարկության չէր դատապարտվի, քանի որ, որպես քիլլերի, իրեն ցմահ բանտարկություն չի «հասնում»։ Նա որպես կազմակերպիչ է ցմահ դատապարտվել։ Այսինքն, այն ժամանակ էլ, այսօր էլ շատ բարդ է ինչ-որ բան միանշանակ ասել, թե ում էր ձեռնտու, ով էր կազմակերպել։ Բայց ես կապում եմ այդ ամենը դրսի ուժերի հետ։ Անշուշտ, ներսում էլ եղել են մարդիկ, որոնց ձեռնտու է եղել։ Երկրորդ նախագահի մասին էին շատ խոսում, սակայն կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանն այդ ժամանակ նոր էր ընտրված ու չուներ այն ուժը, լծակները։ Այս վարկածը ես բացառում եմ։ Այդ ժամանակ Վազգեն Սարգսյանն այնքան հզոր էր, համակարգում այնքան մարդիկ ուներ, որ որևէ մեկը համարձակություն չէր ունենա գնալու այդ քայլին, այն էլ՝ խորհրդարանում։
– Ասել է՝ որպես կազմակերպիչ, շեշտը դնում եք դրսի՞ ուժերի վրա։
– Դժվար է ասել, ենթադրություններ կարող եմ անել, թե ներսում ովքեր էին շահագրգիռ այդ հարցում, բայց որ ինչ-որ մեկն է ներսից կազմակերպել, իրատեսական չեմ համարում։ Նաիրին ու նրա խումբը շատ ամբիցիոզ էին, այն ժամանակ չէին բացառում, որ կատարվածի հեղինակն ինքն է։ Բայց որ իրեն ինչ-որ ուժեր նախապատրաստել էին, կազմակերպել, միանշանակ է։ Այնքան պրոֆեսիոնալ էր կազմակերպվել ամեն ինչ, որ բոլոր կասկածյալները տարօրինակ հանգամանքներում մահացան, որպեսզի թելը կտրվեր։ Այն ժամանակ խորհրդարանում ովքեր ակտիվ էին, նրանց էր մեղադրանք վերագրվում, հետագայում ապացուցվեց, որ ոչ մի առնչություն չեն ունեցել։ Մարդիկ կային, որ այդ օրերին նույնիսկ ուրախ էին, նրանց դեմքին ժպիտ էի տեսնում, քանի որ այդ ժամանակվա ղեկավարներին չէին սիրում, բայց սա չի նշանակում, թե նրանք էին կազմակերպել։ Մի խոսքով, կազմակերպիչների առումով այն տեղեկությունը, որ կար դեպքից հետո, հիմա էլ նույնն է, ոչ մի նոր բան չգիտենք։ Ասում էին, եթե իշխանությունը փոխվի, կբացահայտվի։ Հիմա իշխանությունն այլ ղեկավարների ձեռքում է, նախորդներն էլ լծակներ չունեն՝ ինչո՞ւ չի բացահայտվում, ինչո՞ւ Նաիրին անուններ չի տալիս։ Սա փաստում է, որ այն ժամանակվա իշխանությունները ոչ մի առնչություն չեն ունեցել դեպքի հետ։
Կարդացեք նաև
– Ստացվում է՝ ոչ մի իշխանության օրոք այս հանցագործությունը չի՞ բացահայտվի։
– Դժվար է բացահայտել, քանի որ շատ մասնագիտորեն է կատարվել ամեն ինչ։ Ապացույցներ գտնելը դժվար է։ Համոզված եմ, կազմակերպիչները մեկը չեն, երկուսը չեն, երեքը չեն։ Ես հիշում եմ նաև Նաիրիի խոսքերը, որ դիմելով ընդդիմադիրներին՝ Լեոնիդ Հակոբյանին ու մյուսներին, ասաց՝ էս էիք ուզում, եկեք համախմբվեք: Այսինքն, իրենք համոզված էին, որ ներսում ուժեր կլինեն, որոնք հանրահավաք կանեն, իշխանափոխություն կլինի։ Ի պատիվ այդ ուժերի փաստենք, որ վատ ընդունեցին նրա ասածը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում