Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի 27-ի ահաբեկիչ. «Բոլոր հիմքերն ունեմ բողոքարկելու այս անօրինական վճիռը». «Հրապարակ»

Հոկտեմբեր 27,2015 12:42

Անցյալ տարվա նոյեմբերին մասնագիտությամբ մանկաբույժ Էդուարդ Գրիգորյանի բերդի նկարով մի էջ հայտնվեց Ֆեյսբուքում, որտեղ ցմահ դատապարտյալը մի քանի գրառում կատարեց՝ խոստանալով, որ «շուտով, շատ շուտով» պատմելու է այն ամենը, ինչը երկար տարիներ «համառորեն եւ բավական փնթի ձեւով փորձում են թաքցնել հասարակությունից»։ «Իրավիճակն արմատապես շտկելու միակ ճանապարհը դեպքի, դրան նախորդած եւ հաջորդած իրադարձությունների մասին ամբողջ ճշմարտությունն ասելն է։ Հրապարակելու եմ նյութեր քրեական գործից։ «Տուժողների» եւ «վկաների» ցուցմունքներից հատկապես երիտասարդները շատ բան կիմանան այսօր տարբեր հարթակներից կոկորդ պատռողների մասին եւ ավելի ուշադիր կլինեն քաղաքական «տարբեր ճամբարներ» ներկայացնող գործիչների հետ իրենց շփումներում։ Հուսով եմ, որ ապագայում նրանք կընտրեն ավելի լավ պառլամենտ, որտեղ պատգամավորների ընդհանուր պլանը չի հիշեցնի օժանդակ դպրոցի ավարտական լուսանկար»,- գրել էր իր էջում դատապարտյալը։

Նաեւ նշել էր, որ առանձին անդրադառնալու է Արմենակ Արմենակյանի սպանության հանգամանքներին։ Ըստ պաշտոնական վարկածի, վերջինիս սպանել է Նաիրի Հունանյանի եղբայրը՝ Կարեն Հունանյանը, ինչն անհավանական է, որովհետեւ Արմենակ Արմենակյանի մարմինն ընկած է եղել միջանցքում, ոչ թե նիստերի դահլիճում, ինչպես մյուսներինը։ Կարելի է ենթադրել, որ Արմենակյանը կրակոցների պահին դուրս է եկել միջանցք, բայց արդյոք կարո՞ղ էր նրա նման քաջ ազատամարտիկը, հրամանատարը, հայտնի հերոսը փախչել միջանցք, երբ սպանել էին իր սպարապետին։ Հետեւապես, Արմենակյանին սպանել էր այն անձը, որը «փակում» էր ավտոմատավորների թիկունքը, եւ որի անունը չեն տալիս։ Այս մասին գրվել է մամուլում, բայց Էդուարդ Գրիգորյանը խոստանում էր ներկայացնել ճշմարտությունը։ Սակայն շատ արագ նրա լուսանկարով ֆեյսբուքյան էջից անհետացան հոկտեմբերի 27-ի մասին նրա գրառումները։ Էդուարդ Գրիգորյանը լռեց։ Նրան վախեցրել էին՝ ասելով, որ եթե շարունակի, ապա նրա ընտանիքի անդամներին աշխատանքից կհանեն։ Մեր այս տեղեկությունը հստակ է, սակայն նշել աղբյուրը՝ հասկանալի պատճառով, չենք կարող։

Միջնորդավորված ձեւով Էդուարդ Գրիգորյանին երեկ հարցրինք, թե ինչու նա չշարունակեց իր բացահայտումները։ Նա ուղարկեց հետեւյալ պատասխանը. «Ես ուղղակի չեմ ուզում մանրենք այս հարցը։ Մի օր ճիշտը լինելու է, ինձ հիմա այլ խնդիրներ են հուզում՝ ֆինանսական, դատարան դիմել, փաստաբան վարձել։ Ես նման խնդիրների մասին եմ մտածում։ Ես քաղաքականացնելու մասին չեմ մտածել, բոլոր հիմքերն ունեմ բողոքարկելու այս անօրինական վճիռը»:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031