Լրահոս
Օրվա լրահոսը

Կարատեիստները կսատարե՞ն Արա Աբրահամյանին

Հոկտեմբեր 27,2015 12:32

Հայաստանի ավանդական կարատեի 19 մարզիկներ հոկտեմբերի 17-18-ին Վիլնյուսում մասնակցել են Եվրոպայի 32-րդ առաջնությանը, որի շրջանակներում անցկացվել է նաեւ Եվրոպայի մանկապատանեկան գավաթի 5-րդ առաջնությունը:

Մեր մարզիկները 23 երկրների շուրջ 650 մասնակիցների պայքարում ոչ ամբողջական կազմով, ընդհանուր առմամբ, նվաճել են 13 մեդալ, որոնցից 2-ը՝ ոսկե, 3-ը՝ արծաթե եւ 8-ը՝ բրոնզե: Մեծահասակների առաջնության արծաթե մեդալը նվաճած սեւ գոտի 3-րդ դան Նարեկ Իսկանդարյանը, որը Վիլնյուսում նաեւ պատանիների մարզիչն էր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ընդհանուր հաշվարկով Հայաստանը ցույց է տվել 2-րդ արդյունքը՝ զիջելով միայն Լեհաստանի շատ ուժեղ թիմին: Նրա խոսքերով, մեր մարզիկների մրցելույթները Լիտվայի մայրաքաղաքում ակնկալվածից հաջող ստացվեցին, թեեւ պայքարը շատ դժվար էր: Ու դա արդյունք է ֆեդերացիայի (նախագահ՝ Սուրեն Մաթեւոսյան), մարզիչների ու մարզիկների աշխատանքի:

Նարեկ Իսկանդարյանի եւ ֆեդերացիայի փոխնախագահ Ալբերտ Մինասյանի խոսքերով, հնարավոր էր, որ Վիլնյուսում նվաճված մեդալներն ավելի շատ լինեին, եթե արժանավոր բոլոր մարզիկներին մրցավայր գործուղելու հնարավորություն ունենային:

Հանդիպմանը ներկա Ռուսաստանի Հայերի Միության եւ Համաշխարհային Հայկական Կոնգրեսի երիտասարդական ասոցիացիայի ղեկավար Մարիամ Մարտիրոսյանը հավելեց, որ «Կենտրոն» ազգային ավանդական կարատե դո ֆեդերացիան 2006 թվականից ՌՀՄ եւ Համաշխարհային Հայկական Կոնգրեսի երիտասարդական կառույցի հիմնադիր անդամ է, եւ հատկապես ընդգծեց, որ ֆեդերացիան ու սաները մեծ ձեռքբերումներ ունեն ոչ միայն սպորտի ոլորտում, այլեւ իրենց շատ ակտիվ են դրսեւորում հասարակական-երիտասարդական դաշտում եւ իրենց անցկացրած գրեթե բոլոր ծրագրերի ամենաակտիվ մասնակիցն են, շատ ակտիվ ներգրավված են այդ դաշտում:

Aravot.am-ի հարցին, թե ենթադրաբար Ռուսաստանի Հայերի Միություն եւ Համաշխարհային Հայկական Կոնգրես ՀԿ-ները, որոնք ղեկավարում է Արա Աբրահամյանը, ենթադրաբար, ֆինանսական խնդիրներ չունեն եւ նրանց հետ սերտ համագործակցության պայմաններում ինչո՞ւ ավելի շատ մարզիկներ Վիլնյուս գործուղելու հնարավորություն չեղավ, բանախոսները պատասխանեցին, թե այդ բոլոր հարցերը լուծվում են աստիճանաբար: Իսկ ֆեդերացիայի փոխնախագահ Ալբերտ Մինասյանը նշեց. «Խնդիրն այն է, որ երբ պետություն ես ներկայացնում եւ բարձրացնում ես Եռագույնը, դա ոչ միայն ու ոչ այնքան անհատների կամ ՀԿ-ների, այլ նաեւ պետության խնդիրն է: Ես կուզենայի, որ սպորտի նախարարությունը մի փոքր ավելի մեծ ուշադրություն դարձներ ոչ օլիմպիական մարզաձեւերի, մասնավորապես, արեւելյան մարտարվեստների վրա: Թեկուզ այն փոքրաթիվ ճյուղերի, որոնք գործում են օրինական դաշտում ու աշխատում են լիարժեք: Կարելի է պետության կողմից էլ ունենալ ինչ-որ ֆինանսական օգնություն, որը ներկայումս չկա: Մինչդեռ, մեր ֆեդերացիան ամեն տարի հաշվետվությունների փաթեթ է ներկայացնում նախարարություն»:

Շարունակելով Ա. Մինասյանի խոսքը՝ Մարիամ Մարտիրոսյանը ավելացրեց. «Ռուսաստանի Հայերի միությունը եւ Համաշխարհային Հայկական Կոնգրեսը ՀԿ-ներ են եւ նրանց ֆինանսական հնարավորությունները, բնականաբար, սահմանափակ են: Ճիշտ նկատվեց. ամեն դեպքում պետք է պետության աջակցություն: Բացի այս առաջնությունից էլի են եղել դեպքեր, երբ մեր տղաները տարբեր մրցասպարեզներում բարձր են պահել Հայաստանի պետական դրոշը, հաղթանակած վերադարձել են, բայց Հայաստանում եղել է զրո ուշադրություն՝ պետական մարմինների, գերատեսչությունների ու այն կառույցների կողմից, որոնք պարտավոր էին ուշադրության կենտրոնում պահելու՝ գոնե բարոյական աջակցության առումով»:

Aravot.am-ը Մարիամ Մարտիրոսյանից հետաքրքրվեց.«Քիչ առաջ ասացիք, որ Ազգային ավանդական կարատեի ֆեդերացիան շատ ակտիվ դերակատարություն ունի Ռուսաստանի Հայերի Միության եւ Համաշխարհային Հայկական Կոնգրեսի հասարակական-երիտասարդական դաշտում: Եթե առաջիկա Հայաստանի խորհրդարանական ընտրություններում Արա Աբրահամյանի թեկնածությունն առաջադրվի, կարատեիստներն այդ ժամանա՞կ էլ իրենց ակտիվ դերակատարությունն ունենալու են», որին ի պատասխան Մ. Մարտիրոսյանն ասաց. «Այդ հարցը վերջերս ոչ շեշտադրված մեր երիտասարդական կառույցների հետ կապված հաճախ է հնչում: Այս պահի դրությամբ մեր երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան գործում է հասարակական-երիտասարդական դաշտում: Եթե ստեղծվի կուսակցություն, ինչի մասին մենք կիմանանք գարնանը, այդ պարագայում ցանկացած ոք եւ կազմակերպություն ազատ է իր ընտրության մեջ: Մենք որեւէ առաջարկ կամ պարտադրանք չենք նախատեսում: Եթե մեր երիտասարդական կառույցները կցանկանան աշխատել նաեւ կուսակցության երիտասարդական թեւում, ինչո՞ւ չէ: Բայց այս մասին հիմա խոսելը շատ վաղ է, որովհետեւ հիմա կուսակցություն էլ դեռ գոյություն չունի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031