ՀՀԿ-ական ակտիվ պատգամավորներից Հովհաննես Սահակյանը, օրինակ, վստահեցրեց, որ ինքը, որպես Սպիտակի տարածքային կառույցի ղեկավար եւ ակտիվ պատգամավոր, կունենա բավարար մասնակցություն եւ պատասխանատվություն քարոզարշավում։ «Գիտե՞ք, չեմ կարծում, որ մենք էն ժամանակահատվածում ենք, որ թվային կամ ինչ-որ տոկոսային պլաններ պետք է դնեն։
Անցել են էդ ժամանակները։ Մեր խնդիրն է, որ «այո»-ով, դրականով անցնի Սահմանադրությունը»,- ասաց նա։ Երբ հիշեցրինք Վարդանիկի դեպքը, պարոն Սահակյանն ասաց. «Նախ՝ Վարդան Ղուկասյանն ընտրովի պաշտոն էր զբաղեցնում, եւ համայնքի ղեկավարները մեր երկրում ընտրվում են եւ չեն ազատվում։ Երկրորդը, որեւիցե մեկի հանդեպ ես չեմ հիշում, որ ընտրությունների պատճառով մեր կուսակցության մեջ նման ինչ-որ հարց բարձրացված լինի, որ պաշտոնից հանեն եւ այլն։ Իհարկե, շատ լավ է, երբ որ բոլորով լավ աշխատում ենք, եւ արդյունքն էլ դրական է լինում»։ Այդուհանդերձ, տարբերություն չկա իրենց համար՝ Սահմանադրությունը բնակչության 27 տոկոս «այո»-ներո՞վ կանցնի, թե՞, ասենք, 80– 90 տոկոս։
ՀՀԿ-ական պատգամավորին թեպետ դուր եկավ մեր հարցը, բայց շատ անորոշ, կիսալղոզված պատասխան տվեց. «Շատ լավ եւ հետաքրքիր հարց եք տալիս։ Օրինակ, եթե նույն ԱՄՆ-ում կամ եվրոպական որեւէ երկրում թեկուզ 1 ձայնի տարբերությամբ անցնի, դա համարում են հաղթանակ, եւ որեւէ ընդվզում չի լինում։ Էդ դեպքում, իհարկե, ճիշտ եք, հարցի ենթատեքստը եւ նպատակը հասկանալով, մեզ մոտ հետընտրական պրոցեսները միշտ ցնցումներով են անցնում։ Դա ինչի՞ց է, որովհետեւ էդ քաղաքական ընտրական մշակույթը դեռեւս ձեւավորված չէ։ Այ, երբ կձեւավորվի էդ մշակույթը մեզ մոտ, եւ պարտվողներն իրենց պարտության ամբողջ պատճառները չեն տեսնի ընտրությունների մեջ, որովհետեւ ընտրակեղծիք է եղել էս առումով, այլ որովհետեւ վատ են աշխատել, ժողովուրդը ձայնը տվել է եւ այլն, ապա շատ ավելի հեշտ կլինի»։ Նա նաեւ վստահեցրեց, որ եթե նույնիսկ ինքն իր տարածքում բարձր ցուցանիշ էլ չապահովի, Սերժ Սարգսյանը հետո չի ասի, թե Սահակյանը վատ է աշխատել:
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում