«Առաքելություն» կուսակցության ներկայացուցիչները այսօր «Հայացք» ակումբում իրենց դիրքորոշումը հայտնեցին նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ: Կուսակցության նախագահ Մանուկ Սուքիասյանը մասնավորապես նշեց, որ այս նախագիծը Սերժ Սարգսյանի եւ Հանրապետական կուսակցության վերարտադրման համար է, այլապես ինչու, ինչպես նկատեց Սուքիասյանը, Սերժ Սարգսյանը իր պաշտոնավարման առաջին տարում չնախաձեռնեց այդ փոփոխությունները:
Ըստ «Առաքելություն» կուսակցության, նախագծի 48-րդ հոդվածում նշված է, որ ընտրելու եւ ընտրվելու, ինչպես նաեւ հանրաքվեին մասնակցելու իրավունք չունեն դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաեւ դիտավորությամբ կատարված ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված եւ պատիժը կրող անձինք: Արդյունքում, ինչպես նկատեց կուսակցության ղեկավարը, եթե գործող Սահմանադրությամբ այդ իրավունքով սահմանափակվում էր դատապարտված բոլոր անձանց ընտրելու եւ ընտրվելու հնարավորությունը, ապա այժմ սահմանափակվում է միայն ծանր հանցագործների իրավունքը:
Կուսակցության հաջորդ մտահոգությունը վերաբերում է հոդված 155-ին: Այս հոդվածում ամրագրվում է, ինչպես նկատեց «Առաքելություն» կուսակցությունը, ոչ պատերազմական ժամանակ գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին, պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է: Կուսակցության կարծիքով՝ սա բացառիկ դրույթ է խորհրդարանական կառավարման մոդել ունեցող երկրներում: Խորհրդարանական երկրներում զինված ուժերի գերագույն հրամանատարը բոլոր դեպքերում վարչապետն է կամ նախագահը. «Ակնհայտ է, որ նույնիսկ փաստացի պատերազմի դեպքում սահմանադրությամբ սահմանված պատերազմի հայտարարում չի լինելու ոչ Հայաստանի, ոչ էլ թշնամու կողմից: Արդյունքում խորհրդարանական կառավարման ներքո ունենալու ենք ռազմախորհրդարանական կառավարում:
«Առաքելություն» կուսակցության կարծիքով՝ սահմանադրական հանրաքվեի միջոցով իշխանության հավերժացման փորձը ամենաիրական ուղին ներկա իշխանությունների պաշտոնաթողությունն է:
Կարդացեք նաև
«Այսօր հոկտեմբերի 27-ն է: Հոկտեմբերի 27-ի դեպքերի ժամանակ Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության նախարարն էր: Ո՞նց կարող է տապալված անվտանգության նախարարը, «հոկտեմբերի 27» թույլ տված նախարարը, լինի այս երկրի գերագույն գլխավոր հրամանատարը կամ մեր բոլորի անվտանգության երաշխավորը»,- ասաց Մանուկ Սուքիասյանը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ